Թայվանի նորընտիր նախագահն ընդունել է ԱՄՆ-ի պատվիրակությանը
Թայվանի նախագահական ընտրություններից հետո նորընտիր նախագահ Լայ Ցինդեն ընդունել է ամերիկյան «ոչ պաշտոնական» պատվիրակությանը և շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին աջակցության համար։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
«Ես շնորհակալ եմ ԱՄՆ-ի կողմից Թայվանի ժողովրդավարությանը ցուցաբերած մեծ աջակցության համար: Ամերիկացիների այցը հաստատում է Թայվանի և ԱՄՆ-ի միջև սերտ և կայուն գործընկերության փաստը», – հայտարարել է Լայը Թայբեյում ԱՄՆ-ի պատվիրակության հետ կայացած հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ Թայվանի նախագահի պաշտոնից հեռացող Ցայ Ինվենն էր հանդիպել ամերիկյան պատվիրակության անդամների հետ, որոնց թվում էին նաև ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Սթիվեն Հեդլին, ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Ջեյմս Սթայնբերգը և Թայվանում Ամերիկյան ինստիտուտի նախագահ Լորա Ռոզենբերգերը: Նա նույնպես ամերիկացիների այցն անվանել էր «շատ նշանակալի» և այն գնահատել որպես Վաշինգտոնի և Թայբեյի միջև սերտ գործընկերության հաստատում։
Դեռ ընտրություններից առաջ Սպիտակ տունը հայտարարել էր, որ քվեարկությունից հետո ոչ պաշտոնական պատվիրակություն կուղարկի Թայվան՝ «ցույց տալու ամուր ոչ պաշտոնական գործընկերության նշանակությունը»։
Միևնույն ժամանակ BBC-ն հաղորդում է, որ նախագահական ընտրություններից հետո Թայվանի դիվանագիտական վերջին դաշնակիցներից մեկը՝ Նաուրուն, խզել է կապերը կղզու հետ՝ հօգուտ Չինաստանի։ Նաուրուն Թայբեյի հետ դիվանագիտական հարաբերություններ պահպանող 12 պետություններից մեկն էր։ Պեկինը, որը Թայվանը համարում է Չինաստանի մի մասը, ողջունել է Նաուրուի այս քայլը։