Բաժիններ՝

Թենիսի կորտերն, այնուամենայնիվ, դուրս կգան Օղակաձև զբոսայգուց. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ Օղակաձև զբոսայգում գտնվող թենիսի կորտերը քանդելու վերաբերյալ քննադատություններին՝ ասելով, թե ներկայացված ծրագիրը թենիսի ակումբի քանդման ծրագիր չէ, այլ Օղակաձև այգու վերականգնում՝ որպես կանաչ տարածք։ Սակայն քիչ անց հաստատեց, որ թենիսի կորտերը որոշել են նախ տեղափոխել, հետո նոր սկսեն կորտերի քանդման աշխատանքները։ Այսինքն՝ քանդելու են։

«Օղակաձև այգին Երևանի երևի միակ երևելի կանաչ տարածքն է, և հետևապես այգու փուլային վերականգնումը՝ որպես կանաչ հանրային տարածք, մեզ համար գերակայություն է և առաջնահերթություն։ Ծրագիրը վերաբերում է այդ տարածքի տարատեսակ ռեստորաններին, սրճարաններին ու տաղավարներին, որոնք որ վերանալու են՝ այդ հատվածը դարձնելով հանրային, բոլորի համար հասանելի կանաչ տարածք՝ նորարական լուծումներով»,- ասաց Ավինյանը։

Նա շեշտեց, որ թենիսի ակումբն անպայման պետք է շարունակի գործել, սակայն ակումբի դիրքը սկզբունքային կարևորություն չունի. ««Արարատ» ակումբին տրամադրվելու է այլ՝ ավելի ընդարձակ տարածք վերակառուցելու համար։ Ակումբը գործելու է կրկնակի մեծ տարածքում՝ ավելի լավ պայմաններում»։

Ըստ նրա՝ կարևոր է, որ մինչև թենիսի կորտերի տեղափոխումն ակումբն արդեն նոր վայրում լինի, միայն դրանից հետո անցում կատարվի քանդման աշխատանքներին։

«Էս թեմայի վերաբերյալ շատ պսևդոմասնագետներ սկսեցին խոսել՝ կանաչապատման պսևդոմասնագետներ, բիզնեսի պսևդոմասնագետներ, դեղին մամուլը սկսեց անդրադառնալ այս հարցերին։ Նույնիսկ հասանք էն աստիճան գնահատականների, որ սա կոռուպցիա է։ Ես, անկեղծ ասած, դեռ չեմ տեսել, որ որևէ ներդրող առաջարկի 8-9 միլիոն դոլար ներդնել կանաչ տարածքների վերականգնման համար և չպահանջի բիզնես կոմպոնենտ»,- ասաց Ավինյանը։

Նրա խոսքով՝ սա կարևոր սոցիալական ծրագիր է՝ հանրային նշանակության տարածքի վերականգնում։

«Թեմայի շուրջ ճանճերի նման հավաքվածներին, որ փորձում էին քաղաքական փոքրիկ դիվիդենտներ շահել, կարծում եմ, որ չի ստացվելու»,- ասաց Ավինյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս