Բաքվում Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը ոչնչով չի տարբերվում Երևանում Արմեն Աշոտյանի դատավարությունից․ Վահե Հովհաննիսյան
Այսօր մենք ունենք շատ անառողջ ու այլասերված մթնոլորտ, բարքեր, որի մեջ ապրում է պետությունը, մենք բոլորս։ Դրա հեղինակը ծայրից ծայր հայեր են, և մենք որևէ բարոյական իրավունք չունենք մեղադրելու ո՛չ Արևմուտքին, ո՛չ Ռուսաստանին, ո՛չ թուրքերին, ո՛չ Ադրբեջանին։ Դատաիրավական համակարգում ծայրից ծայր հայեր են, որոնք կայացնում են ցանկացած վճիռ։ Կոնֆորմիստների բանակը, որը ոտքի վրա ընդունում է այն ամենը, ինչն իրեն հրամայում է քաղաքական իշխանությունը, հայեր են, կատարողները ևս հայեր են։ Բուհերում պրոֆեսորադասախոսական կազմն էլ հայեր են, բայց նրանց մեջ վերջացել է ընդվզման մղումը։ Բուհերը հատկապես կարևոր են, քանի որ ամբողջ աշխարհում համալսարանական միջավայրերն ավելի առաջադիմական են։ Դասագիրք գրողները, փոխողներն ու քարոզողներն էլ հայերն են։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:
«Մեր միջավայրում ինչ այլանդակ բան կա, հեղինակը հայերն են, մենք ենք։ Հետևաբար՝ քննարկել, թե դա ռուսը, թուրքը կամ ադրբեջանցին են անում, հերթական հայկական հատկանիշն է, երբ չենք նայում հայելու մեջ ու ասում, որ մենք ենք։ Մինչև մենք, մեր մտածողությունը, հարցերին նայելու մեր տեսանկյունը չփոխվի, ոչ միայն լուրջ հաջողություններ չենք ունենալու, այլև լուրջ խնդիրներ ենք ունենալու։ Մենք ենք անում, թուրքը սահմանի այն կողմն է, իսկ մենք պատրաստ ենք մեր երկիրը մեր ձեռքով քանդելու, և դա անում ենք։ Սա իրականությունն է, և պետք է խիզախել դա ասել։ Իրականում միշտ պետք է մի բան հաշվի առնել՝ մենք խոսում ենք քանդված, ջարդված հասարակության մասին։ Մենք չենք խոսում կայուն, հանդարտ իրավիճակի մասին։ Իսկ քանդված, ճգնաժամային հասարակության սոցիոլոգիան և հոգեբանությունը լրիվ տարբեր են, մենք դա շատ լավ հասկանում ենք»,- ասաց ընդդիմադիր գործիչը:
«Մեզ մոտ փակ համակարգի, մոտավորապես համակենտրոնացման ճամբարի նման վիճակ է։ Դրա դրսևորումները հանդարտ համակարգերին բնորոշ չեն։ Որտե՞ղ է առողջացման ռեսուրսը։ Տեսանելի է երեք ինստիտուտ, որոնք թեև նորմալ չեն, բայց դա է, պետք է հասկանալ՝ ինչպե՞ս ենք դրանից օգտվում։ Առաջինն անհատների ինստիտուտն է։ Այո՛, մենք ունենք մեծ թվով լավ անհատներ, ովքեր ի վիճակի են տեսակետ ունենալու, հնչեցնելու, պաշտպանելու, սկզբունքներ ունենալու, գրագետ են։ Այդ անհատներից համակարգ չի ձևավորվում։ Սա աբսուրդ է, խնդիր է, որը պետք է լուծել, եթե մենք ուզում ենք պետական և ազգային լուրջ արդյունքներ ունենալ։ Այդ անհատները հավակնություններ ունեն, բայց դա ամենակարևորը չէ։ Ունենք անհատների ինստիտուտ, որը չի դառնում գործոն։ Իրականում այն չպետք է այդքան ուժեղ լիներ, շատ ավելի լավ կլիներ, որ մենք ունենայինք այլ համակարգերի ինստիտուտներ, բայց սա է»,- նշեց հանրային գործիչը:
Վահե Հովհաննիսյանի կարծիքով՝ եկեղեցու ինստիտուտը ևս շատ կարևոր դերակատարում ունի և կարող է ունենալ. «Ի վերջո, երրորդ ինստիտուտը վատն է, բայց դա այդպես է՝ բանտերը։ Մենք Երևանի և Բաքվի բանտերում ունենք շատ լուրջ մարդկանց, որոնք չպիտի լինեին այնտեղ, բայց այնտեղ են։ Եվ Երևանի ու Բաքվի բանտի ինստիտուտը, ցավոք, դառնում է պետական ինստիտուտներից մեկը։ Եթե Բաքվում մեր ազգային ու պետական գործիչները պահվում են թուրքի ձեռքով, Երևանի բանտերում շատ կարգին մարդիկ պահվում են հայի ձեռքով։ Բաքվում Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը ոչնչով չի տարբերվում Երևանում Արմեն Աշոտյանի դատավարությունից։ Նույն ցինիզմն է, արդարադատության և իրավաբանության բացակայության նույն չափն է՝ զրոյական»:
«Մենք ունենք երեք ինստիտուտ։ Ուրա՞խ ենք, թե՞ ոչ, որ այդպես է, դա հարցի այլ կողմն է։ Մարդկայնորեն կուզեինք, որ բանտերում մարդ չլիներ, եկեղեցին զբաղվեր բացառապես եկեղեցական խնդիրներով, անհատներն էլ ապրեին երջանիկ և իրենց ընտանեկան հոգսերով, ոչ թե առավոտից երեկո մատնանշեին ռիսկերն ու փորձեին դրանց դեմ պայքարել։ Բայց սա է, և պետք է գտնել այն ձևաչափը, որում այդ երեք ինստիտուտները կկարողանան արդյունավետ աշխատել միասին։ Ուրիշ ինստիտուտներ չունենք, քանդված են»,- ամփոփեց Վահե Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում