
Տարեվերջին՝ Տոյոտա ամենագնաց, տարեսկզբին՝ դրամաշնորհ. ԲՏԱ-ի համակարգում գործող ՊՈԱԿ-ը 313 միլիոն 992.000 դրամ դրամաշնորհ կստանա

Հունվարի 12-ին դրամաշնորհների առատությամբ աչքի ընկնող ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հերթական դրամաշնորհի պայմանագիրն է կնքել Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն ՊՈԱԿ-ի հետ:
313 միլիոն 992.000 դրամով ՊՈԱԿ-ը պետք է իրականացնի հեռահաղորդակցության և կապի կանոնակարգում:
Գրեթե նույն չափով և նույն նպատակով դրամաշնորհներ ՊՈԱԿ-ին տրվել էին նաև 2023 և 2022 թվականներին:
Ի դեպ, 168.am-ն ավելի վաղ անդրադարձել էր այս ՊՈԱԿ-ի համար ձեռք բերված 2023թ. արտադրության և 46 միլիոն դրամ կամ շուրջ 115.000 ԱՄՆ դոլար արժողությամբ «Տոյոտա»-ի պատմությանը:
ԲՏԱ նախարարությունն էր 2023 թվականի նոյեմբերին «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից ձեռք բերել ամենագնացը, իսկ գնումն էլ՝ ոչ ավել, ոչ պակաս, կատարել էր հրատապ մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով: