Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում Նորատուսում ոստիկանի ծառայողական գործունեությանը դանակի գործադրմամբ միջամտելու դեպքի վերաբրյալ

Ավարտվել է Նորատուսի 27–ամյա բնակչի կողմից, բռնություն գործադրելու սպառնալիքով, ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, հիմնավորվել է, որ 2023 թ․ դեկտեմբերի 19-ի առավոտյան Սևանա լճում Նորատուս բնակավայրի շուրջ 50 դիմակավորված բնակիչներ առերևույթ հանցավոր արարքներ են կատարել Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայողների և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների նկատմամբ։

Նշված վայրում հասարակական կարգը պահպանելու և հանցագործությունները կանխելու նպատակով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի՝ հասարակական կարգի պահպանության հատուկ վաշտը մեկնել էր Գեղարքունիքի մարզ։

Ոստիկանության ծառայողները սկսել են իրականացնել միջոցառումներ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալելու նպատակով։ Այդ շրջանակում քաղաքացիներին ոստիկանական ավտոմեքենաների մեջ նստեցնելու ընթացքում, ժամը 05։00-ի սահմաններում, Նորատուս բնակավայրի 27–ամյա բնակիչը, նպատակադրվելով միջամտել ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը, դանակով բռնություն գործադրելու սպառնալիքով, հարձակվել է վերջինիս վրա և փորձել հարվածել նրան։ Ոստիկանության ծառայողը, խույս տալով հարվածից, սայթաքել և վայր է ընկել։ 27–ամյա երիտասարդը, շարունակելով իր հանցավոր մտադրությունը և օգտվելով ոստիկանի՝ պառկած դիրքում գտնվելու հանգամանքից, ևս մեկ անգամ դանակով հարվածել է վերջինիս գոտկատեղի հետևի հատվածին՝ վնասելով ոստիկանական համազգեստը։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 27–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս