Իտալիայի վարչապետը խոսել է Ուկրաինայի հարցով բանակցությունների ճանապարհի մասին
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին ասել է, որ Ուկրաինայում կարգավորման բանակցությունների ճանապարհը մարտադաշտում հավասարակշռություն պահպանելն է, ինչին, ըստ նրա, նպաստում է Կիևին շարունակական աջակցությունը:
«Ի տարբերություն նրանց, ովքեր ասում են, որ մենք չպետք է զենք ուղարկենք Ուկրաինա, քանի որ դա կհանգեցնի հակամարտության սրման, ես կարծում եմ, որ ճիշտ հակառակն է: Բանակցային ցանկացած սեղանի շուրջ նստելու կամ դիվանագիտական լուծման հասնելու միակ հնարավորությունը մարտադաշտում հավասարակշռության պահպանումն է ուժերի միջև»,- ասել է Իտալիայի վարչապետը։
Նրա խոսքով՝ Ուկրաինային աջակցության բացակայությունը կհանգեցնի նրան, որ հակամարտությունը կմոտենա Իտալիայի սահմաններին։
Դեկտեմբերին Իտալիայի Նախարարների խորհուրդն ընդունել էր օրինագիծ՝ 2024 թվականին Ուկրաինային ռազմական, հումանիտար և ֆինանսական օգնություն տրամադրելու մասին։ Ըստ Կիլի Համաշխարհային տնտեսության ինստիտուտի տվյալների՝ Իտալիան Կիևին աջակցություն է տրամադրել 1,3 միլիարդ եվրոյի չափով և այդ ցուցանիշով զբաղեցնում է 15-րդ տեղը դոնոր երկրների վարկանիշային աղյուսակում։ Նշված գումարից 700 միլիոնը ծախսվել է զենքի մատակարարումների նպատակով։