Եթե չհաջողվի Խաղաղության համաձայնագրով լուծել տարաձայնությունների մեծ մասը, անկայունությունն այս տարի շարունակվելու է․ վերլուծաբան

«Արտաքին քաղաքական վեկտորը փոխելու Երևանի ցանկությունը նախորդ տարի մեծացրեց աշխարհաքաղաքական մրցակցությունը Հարավային Կովկասում և անմիջականորեն Հայաստանի շուրջ»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց եվրոպացի քաղաքական վերլուծաբան Սյուզան Ստյուարտը՝ ամփոփելով անցած տարին և ներկայացնելով որոշակի սպասելիքներ 2024 թվականից։

Եվրոպացի վերլուծաբանը գտնում է, որ 2023 թվականը Հարավային Կովկասի և հատկապես Հայաստանի համար մարտահրավերներով լի էր։

Ըստ նրա՝ վստահությամբ կարելի է նշել, որ այս ռեգիոնում աշխարհաքաղաքական մրցակցությունն ամենաշատը «զգում» է Հայաստանի Հանրապետությունը, որը պայմանավորված է Երևանի արտաքին քաղաքական վեկտորը փոփոխելու ցանկությամբ ու այդ ուղղությամբ արվող քայլերով։

Վերլուծաբանի խոսքով, որպես դրական և բեկումնային նորություն՝ անցած տարի եղավ այն, որ Ֆրանսիան սկսեց սպառազինություն մատակարարել ՀՀ-ին, ինչը, նրա կարծիքով, փոխեց այն կարծրատիպը, թե ՀԱՊԿ անդամ երկրին արևմտյան երկիրը չի կարող զենք վաճառել։

Կարդացեք նաև

«Սա նաև նշանակեց, որ գործընթացը կարող է շարունակական լինել ու ընդլայնվել, որը դրական կանդրադառնա ՀՀ անվտանգային համակարգի վրա։ Որպես դրական հանգամանք՝ հարկ է նշել նաև ՀՀ-ում ԵՄ դիտորդների գործունեության երկարաձգումը, ինչպես նաև թվաքանակի ավելացումը։ Իհարկե, սա Հայաստանի՝ Ռուսաստանից հեռավորություն պահպանելու քաղաքականության արդյունքն էր։

Անցնող տարվա մութ էջը Ղարաբաղում տեղի ունեցած զարգացումներն էին, որոնց հետևանքով այն ամբողջությամբ անցավ Բաքվի ազդեցության տակ՝ առանց հայ բնակչության։ Սա այն թեման է, որն աննկատ չանցավ նաև ԵՄ-ում, թեև չկան ստեղծված իրավիճակը բարելավելու համար ազդեցության որոշակի լծակներ։ Արևմուտքում պատկերացնում են միայն ֆինանսական աջակցություն ՀՀ-ում հաստատված ղարաբաղյան բնակչության համար։

Կարծում եմ՝ քաղաքական միասնական տեսլական դեռ չկա։ Որոշ երկրներում գտնում են, որ լուծումներ պետք է առաջարկի Ադրբեջանը, որոշները կարծում են, թե պետք է ինչ-որ միջնորդի մասնակցությամբ բանակցություններ ծավալվեն մարդկանց վերադարձն ապահովելու և իրավունքների, անվտանգության երաշխիքների հարցը հստակեցնելու համար։

Այս թեման այս տարի, ըստ իս, լայն քննարկումների առարկա կդառնա, ինչպես և Հայաստան-Ադրբեջան Խաղաղության համաձայնագիրը»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Նրա խոսքով, սակայն, լավատեսական չեն գնահատականները համաձայնագրի հետ կապված, քանի որ հայտարարություններից պարզ է դառնում, որ այն կարող է անդրադառնալ Հայաստան-Ադրբեջան տարաձայնությունների միայն մի փոքր մասի։

«Դա նշանակում է, որ խնդիրների էական մասը կմնա չհամաձայնեցված, ինչն իր հերթին՝ նշանակում է անկայունության շարունակականություն և ռազմական էսկալացիաների վտանգ։ Թվում էր, թե անցած տարվա ավարտին խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի, սակայն դա տեղի չունեցավ, տարաձայնությունների մի մասը տեղափոխվեց այս տարի՝ իր հետ այս տարի տեղափոխելով այդ ամենի հնարավոր վտանգները։ Իսկ գլոբալ առումով աշխարհը շարունակում է ազդված մնալ Ուկրաինայի շուրջ ՌԴ-Արևմուտք պատերազմից։

Այս տարին բավականին հագեցած տարի է, քանի որ ընտրություններ են սպասվում Ադրբեջանում, Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, և սա ևս թելադրելու է որոշակի տոն այս երկրների արտաքին քաղաքականությունում»,- ասաց Ստյուարտը։

Տեսանյութեր

Լրահոս