Վախենում ենք, որ այս խաբուսիկ «խաղաղությունն» ավելի մեծ աղետներ կարող է բերել. սահմանապահ Երասխի բնակիչ
168.am-ը սահմանային բնակիչների հետ տարեվերջյան զրույցում արձանագրեց, որ վերջին 1-2 ամիսներին կրակոցները սահմանին անհամեմատ պակասել են, իսկ որոշ տարածքներում առհասարակ չեն գրանցվել:
Տեղի բնակիչներն էլ, թեև մի կողմից նշում են բնակավայրում հաստատված հանգստության մթնոլորտի փաստը, նաև շեշտում են՝ հաստատված հարաբերական անդորրը վստահություն չի ներշնչում:
«Խաբուսիկ խաղաղությունից ենք վախենում: Վախենում ենք, որ այդ «խաղաղություն» կոչվածը կարող է ավելի վատ հետևանքներ ունենալ: Ընդ որում, խոսքս վերաբերում է ո՛չ միայն սահմանամերձ գոտուն: Աստված չանի, բայց որ հանկարծ այստեղ՝ Երասխում, մի բան եղավ…
90-ականներին Երասխում կրակոց եղավ՝ ամբողջ երկիրն այստեղ էր: Ու նշանակություն չունի՝ դա կլինի Երասխում, Վայոց ձորում, Տավուշում, Սյունիքում թե Գեղարքունիքում, սպառնալիքը վերաբերում է ամբողջ երկրին, դա պետք է հասկանալ: Ասում են՝ կուշտն ի՞նչ գիտի՝ սովն ինչ է: Պետք է կարողանալ կիսել միասնական անելիքներն ու առաջ շարժվել՝ երկրի պաշտպանության գործում»,- ասաց սահմանապահ գյուղի բնակչուհի տիկին Էմման՝ հավելելով, որ իրենց միակ ցանկությունն է՝ իրական խաղաղություն ունենալ:
Իսկ այդ իրական խաղաղությունը, ըստ նրա՝ կլինի այն ժամանակ, երբ Հայաստանն ունենա ազգասեր ու հայրենանվեր ղեկավարություն:
«Եթե Ամերիկան այստեղ դրոշ դրեց, ու ադրբեջանցիներին դա որևէ ձևով չխանգարեց գյուղի ու հենց դրոշի վրա կրակել, էլ ի՞նչը կօգնի: Այսինքն, դրոշի վրա կրակել՝ նշանակում է կրակել տվյալ երկրի վրա, այդպես չէ՞: Բա եթե Ամերիկայի պես երկրից էլ դրանք չեն վախենում, Հայաստա՞նն ինչ կարող է անել»,- ասաց նա:
Երասխի բնակչուհի տիկին Էմման նաև հայտնեց, որ անցած մի քանի տարիներին բարձրաձայնած խմելու ջրի ավազանի խնդիրը մինչև օրս էլ լուծում չի ստացել: Հենց թշնամու աչքի առջև գտնվող խմելու ջրամբարն այսօր էլ չի վերահսկվում:
Նրա խոսքով՝ դրա թունավորելու դեպքում հետևանքներն անդառնալի կարող են լինել ամբողջ գյուղի բնակիչների համար: Բացի այդ, ըստ նրա, գյուղում անընդհատ կուտակվում են կոյուղաջրերը, ինչն ամառային տոթ եղանակին կարող է տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ:
«Մեր տնից դեպի գյուղամեջ գնալու հատվածում մի մետրանոց ճանապարհ է: Մի մետր էլ կարող է չլինել: Էդտեղ մի մեծ փոս են արել, ու եզդիների մոտից այդ կեղտաջրերը գալիս ու լցվում են այդ փոսի մեջ: Հիմա դեռ ձմեռ է՝ չենք զգում այդքան, բայց ուղղակի պատկերացրեք, թե ամռանն այդտեղ ինչ վիճակ է լինելու: Չեմ էլ ուզում պատկերացնել հոտն ու դրա հետևանքները: Ու այս ժողովրդի նկատմամբ այս անտարբեր վերաբերմունքը շատ վիրավորական է»,- ասաց մեր զրուցակիցը՝ հայտնելով, որ սահմանային գյուղի այդ հատվածում 100-ից ավելի մարդ է բնակվում: Տիկին Էմմայի խոսքով՝ չնայած հարաբերական խաղաղությանը, գյուղում անգամ այլընտրանքային ճանապարհ չկա, որով մարդկանց հնարավոր տարհանման անհրաժեշտության դեպքում կկարողանան դուրս բերել բնակավայրից:
«Մետաղաձուլական գործարանն էլ հանեցին: Այնտեղ ահագին մարդ էր ընդունվել աշխատանքի: Հույս էր արթնացել, որ մարդիկ արժանապատիվ աշխատանքով կկարողանային պահել ընտանիքները, բայց այդ հույսն էլ կտրվեց: Հիմա նրանց մեծ մասը հնարավորություն չունի ամեն օր այդքան ճանապարհ կտրելու՝ հասնելու համար գործարանի նոր տարածք:
Մի քանի բնակիչ հիմա գյուղում կառուցվող սպորտդպրոցում է աշխատում, բայց դա չի կարող հավերժ լինել: Այլ աշխատանք էլ, գիտեք, շատ բարդ է գտնել գյուղում: Ստիպված մարդիկ դուրս են գալիս գյուղից՝ աշխատանքի հույսով: Դա չի կարելի թույլ տալ»,- ասաց տիկին Էմման:
Գյուղում անցնող տարվա կրակոցներից ու արոտավայրերի թիրախավորումից հետո շատերը դադարել են նաև անասնապահությամբ զբաղվել:
«Հիմա միայն եզդիներն են անասուն պահում, հայերն այլևս անասուն չեն պահում: Այլևս անվտանգության զգացողություն չկա անասուններին հանդ թողնելու համար: Իսկ եզդիներն իրենց կենդանիներին սարեր են տանում, մի ձևով շարունակում են պահել»,- պատմեց մեր զրուցակիցը:
Իսկ գյուղից, այդուհանդերձ, չեն պատրաստվում հեռանալ: Ասում է՝ արցախցիներին բռնի տեղահանեցին, եկան իրենց հայրենիք՝ Հայաստան, այստեղից այլևս տեղ չկա գնալու:
«Սա մեր վերջին պատն է, որ էստեղից դուրս գանք, ո՞ւր գնանք, Արարա՞տ, Էջմիածի՞ն, հետո Երևան ու Գյումրի՞: Էնտեղ ինչի ավելի՞ անվտանգ է: Այնտեղ էլ թուրքական մեկ այլ սահման է, որ ուզում են բացել: Թե՞ անընդհատ հետ քաշվելով՝ հերթով բոլոր բնակավայրերը տանք ու հերթով դուրս գանք, մինչև էլ տարածք չմնա: Ուղղակի պետք է սահմանները լավ նայել, ախր սահմանի բնակչի մնալով է այդ նույն սահմանն ամուր մնում, մի՞թե այդքանը չեն հասկանում: Իսկ էսպես զիջելով, կարծում են՝ խաղաղությո՞ւն են բերելու: Խաղաղություն միայն միասնականությամբ ու պայքարով են վաստակում: Ես այդպես գիտեմ»,- խոսքը եզրափակեց սահմանապահ Երասխ գյուղի բնակչուհին:
Նազելի Ստեփանյան