Ռուսաստանը Հայաստանին չի մեղադրում վեկտոր փոխելու մեջ, բայց անհանգստացած է. Կոպիրկին
ՀՀ–ում ՌԴ դեսպանը նշում է, որ Ռուսաստանի զգուշավորությունը կապված է նրա հետ, որ Արևմուտքը տարածաշրջանը դիտարկում է որպես հերթական հակառուսական ճակատ։
Ռուսաստանը տեսնում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը լրջորեն շտկվում է և վերաձևակերպվում` չնայած ՀՀ վարչապետի հավաստիացումներին, որ Երևանը չի փոխում իր արտաքին քաղաքական վեկտորը։ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս հայտարարությունն է արել Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը` մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի խոսքերը Հայաստանի և ՆԱՏՕ–ի համագործակցության ակտիվացման մասին։
Կոպիրկինի խոսքով` ռուսական կողմն այդ վերաձևակերպումը տեսնում է այլ կենտրոնների հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման մեջ, ինչը, իհարկե, վատ չէ։ Ռուսաստանին, սակայն, մտահոգում է այն, որ հավաքական Արևմուտքը և ԱՄՆ-ն Ռուսաստանին հռչակել են իրենց ռազմավարական մրցակից և նույնիսկ թշնամի, ինչի մասին խոսում են որոշ պաշտոնյաներ:
Եվ այստեղ շատ պաշտոնյաներ բացահայտորեն առաջ են տանում իրենց գիծը` խթանելով համագործակցությունը Ռուսաստանի դեմ պայքարի ոգով։ Եթե այդ տեսանկյունից են դիտարկվում Արևմուտքի հետ հարաբերությունները, ապա Ռուսաստանը կրկնակի զգուշավոր է վերաբերվում դրան։ Ռուսաստանը տեսնում է, որ Արևմուտքի նպատակը Ռուսաստանի դեմ պայքարելն է բոլոր ճակատներով` լինեն դա Հարավային Կովկասը, թե այլ տարածաշրջաններ։
«Ռուսաստանը Հայաստանին չի մեղադրում արտաքին քաղաքական վեկտորի ինչ-որ փոփոխության մեջ` հասկանալով, որ Հայաստանն անկախ պետություն է և իրավունք ունի որոշելու իր քաղաքականությունը»,– նշեց Կոպիրկինը։
Դեսպանը շեշտեց` անհանգստությունը նորմալ է` հաշվի առնելով Արևմուտքի կողմից Ռուսաստանին պարտադրված առճակատումը։ Դիվանագետն ընդգծեց, որ այդուհանդերձ, ՌԴ–ն շարունակում է Հայաստանին դիտարկել որպես ռազմավարական գործընկեր և դաշնակից։