Արմեն Մելիքբեկյանի ղեկավարած ՀՖՖ-ն ստիպված կլինի առնվազն 60 միլիոն դրամ վճարել ծաղկի շուկայի հարկադիր պարապուրդի համար. մեկնաբանում է փաստաբանը

2020թ. փետրվարի 8-ին լրատվամիջոցներից մեկն անդրադարձել էր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի հարևանությամբ արդեն մոտ 20 տարի գործող ծաղկի մանրամեծածախ շուկային։ Նշվում էր, որ շուկայի տարածքը գտնվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) հաշվեկշռում, սակայն լրատվամիջոցին ՀՖՖ-ն չի տրամադրել այն վարձակալողի հետ վարձակալության պայմանագիրը՝ պատճառաբանելով, որ առանց երկրորդ կողմի համաձայնության՝ իրենք չեն կարող պայմանագրի պատճենը տրամադրել երրորդ կողմին:

«Սիվիլնեթը», սակայն, ձեռք էր բերել պայմանագրի պատճենը և պարզել, որ տարածքը 10 տարով վարձով է տրվել Գևորգ Սահակյան անունով անհատ ձեռներեցի (ԱՁ), ով որոշակի իրավական խնդիրներ ունի, և այդ մարդը ոչ թե պատահական մեկն է, այլ գործարար, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ փոխկապակցված անձ և հանդիսանում է գործարարին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրը շահագործող «Դավիթ Դ.Վ.Ս.» ընկերության տնօրենը, և, որ այդ ընկերության սեփականատերն իրականում Ռուբեն Հայրապետյանն է:

168.amն այդ օրըկապ էր հաստատել «Հարսնաքարի» տնօրեն Հրաչ Զոհրաբյանի հետ՝ պարզելու համար, թե ունե՞ն արդյոք Գևորգ Սահակյան անուն-ազգանունով աշխատակից, և ի՞նչ պաշտոն է նա զբաղեցնում: Հրաչ Զոհրաբյանը պնդել էր նաև՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում չկա և չի եղել Գևորգ Սահակյան անունով աշխատակից:

Խոսել էինք նաև նյութում որպես տարածքի վարձակալ նշված անհատ ձեռներեց Գևորգ Սահակյանի պաշտպան Ռոման Պետրոսյանի հետ, ով ասել էր, որ տեսանյութին ծանոթ է, և այնտեղ հրապարակված որևէ փաստ իրականությանը չի համապատասխանում:

Կարդացեք նաև

«Գևորգ Սահակյանն անհատ ձեռնարկատեր է և զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ: Ձեր կողմից նշված անձին նույնիսկ անձնապես չի ճանաչում, ուր մնաց, որ խոսենք հարաբերությունների մասին: Նա որևէ առնչություն Ռուբեն Հայրապետյանի հետ չունի»,- ասել էր նա:

Անցել է 3 տարի, և 168.am-ը փորձեց պարզել՝ ի վերջո, ի՞նչ եղավ նշված Ծաղկի շուկայի հետ կապված վարույթի հետ, արդյո՞ք ՀՖՖ-ն ճիշտ էր, թե՞ հերթական անգամ Արմեն Մելիքբեկյանի ամբիցիաների պատճառով ստիպված է ֆինանսական ու ռեպուտացիոն կորուստներ կրել:

«Սա քաղաքացիական գործ է, վերաբերում է Հանրապետական մարզադաշտին կից գործող Ծաղկի շուկայի խնդրին, նույն տարածքի վարձակալության պայմանագրին: Այս վեճը սկսվել է 2020թ. ապրիլ-մայիս ամիսներին, բայց ծաղկի մեծածախ շուկան, կորոնավիրուսի հետ կապված, 2020թ. մարտից փաստացի չի աշխատել: Ընդ որում, պայմանագիրը կնքված է եղել 2018թ. հուլիսին 10 տարի ժամկետով: Նորմալ շուկան աշխատել է մինչև 2020թ. գարուն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նշված Ծաղկի շուկայի տարածքի վարձակալ Գևորգ Սահակյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վահագն Դալլաքյանը:

Վերջինս նշեց՝ ծաղկի մեծածախ շուկան աշխատել է միայն առավոտյան ժամերին, և պայմանագրում հենց այդպես էլ գրված է:

«Սկզբում 2020թ. մարտից շուկան չաշխատեց կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հետո հարցում կատարեցինք, որից պարզ դարձավ, որ շուկայի շահագործումը սահմանափակումների տակ չի ընկնում: Դրանից հետո իմ վստահորդը դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ խնդրելով, որ իրեն թույլ տան՝ շահագործի տարածքը: Չեն թույլատրել, ինչից հետո փաստացի այդ վեճը սկսվել է»,- ասաց Վահագն Դալլաքյանը:

Գևորգ Սահակյանի շահերի ներկայացուցչի խոսքով՝ նախ ՀՖՖ-ն պատճառաբանել է, որ տարածքում վերանորոգման աշխատանքներ են սկսվում, դրա համար չեն կարող աշխատել, բայց դա էլ էր մեծ հարց, թե որքանով էին այս աշխատանքներն անհամատեղելի ծաղկի մեծածախ շուկայի գործունեության հետ առավոտյան ժամերին:

«2020թ. մայիսին ՀՖՖ-ն դատարան հայց է ներկայացնում տարածքի վարձակալության պայմանագիրը լուծելու պահանջով, այն հիմքով, թե իբր վարձակալը՝ անհատ ձեռնարկատեր Գևորգ Սահակյանը, առանց Ֆեդերացիայի հետ համաձայնեցնելու, տարածքը ենթավարձակալության է տվել ծաղկավաճառներին: Մենք ի սկզբանե նշել ենք, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի դիրքորոշումը հիմնավոր չէ: Ինչևէ, դատական երեք ատյաններն էլ են նույն բանն են ասում, չեն բավարարում ՀՖՖ-ի հայցը, և այդ գործն ավարտվում է 2022թ. մարտին, երբ Վճռաբեկ դատարանն իրենց բողոքը վարույթ չի ընդունում, և ուժի մեջ է մտնում ՀՖՖ-ի հայցը մերժելու մասին վճիռը»,- ասաց Վահագն Դալլաքյանը:

Գևորգ Սահակյանի ներկայացուցիչը նշում է՝ դրանից հետո իրենք նորից են նամակով դիմում ՀՖՖ-ին, որ թույլ տան շահագործել Հանրապետական մարզադաշտին կից տարածքն ու իրականացնել իրենց գործունեությունը:

«Կրկին ինչ-ինչ պատրվակներով մերժում են, ինչից հետո մեզ համար ակնհայտ դարձավ, որ որևէ պարագայում իմ վստահորդին թույլ չեն տալու գործունեություն իրականացնել նշված տարածքում: Դա նշանակում էր, որ Գևորգ Սահակյանը զրկվում է իր եկամտի աղբյուրից: Մեծածախ ծաղկի առևտուրն այդ տարածքում կազմակերպելը շահութաբեր բիզնես է եղել, ու հիմա փաստացի մարդուն զրկում են աշխատելու և շահույթ ստանալու հնարավորությունից»,- ասաց Վահագն Դալլաքյանը:

Վերջինս նշեց՝ դրանից հետո իրենք են արդեն դատարան հայցադիմում ներկայացնում՝ պահանջելով, որ նախ չխոչընդոտեն տարածքը շահագործելու հարցում, որովհետև վարձակալության պայմանագիրն առ այսօր գործում է, և ուժի մեջ է մինչև 2028թ. հուլիս, ինչպես նաև՝ հատուցել վնասները:

«Պատվիրել էինք փորձագետի եզրակացություն, որում հաշվարկված էր՝ որքան Գևորգ Սահակյանն այդ տարիների ընթացքում շահույթ պետք է ստանար, և դա ձևակերպվել էր՝ որպես բաց թողնված օգուտ: Գումարը հաշվարկվել է՝ սկսած 2020թ. ապրիլից մինչև 2022թ. մայիսի 31-ը: Այդ ժամանակահատվածի համար գումարը, որը ՀՖՖ-ից պահանջում ենք վճարել՝ որպես բաց թողնված օգուտ, կազմում է 62 միլիոն դրամ: Բայց կարևոր է այն հանգամանքը, որ այդ գումարը մինչև 2022թ. մայիսի 31-ի դրությամբ է, բայց փաստացի իրենք շարունակում են ապօրինաբար չթողնել վարձակալված տարածք, և իմ վստահորդին շարունակվում է վնաս պատճառվել: Հետագայում չի բացառվում, որ մենք լրացնենք հայցը ու պահանջն ավելացնենք»,- ասաց Վահագն Դալլաքյանը:

Հարցին՝ ինչո՞ւ ՀՖՖ-ն թույլ չի տալիս տարածքը շահագործել, Գևորգ Սահակյանի ներկայացուցիչը պատասխանեց՝ վերջին նամակում, որ իրենցից ստացել են, այն պատճառաբանությունն է բերված, որ դեռևս նախորդ գործը չի ավարտվել, և ՀՖՖ-ն երկրորդ վճռաբեկ բողոքն է ներկայացրել, սակայն այդ բողոքը նույնպես վարույթ չի ընդունվել: Այսինքն՝ այդ պատրվակն էլ արդեն կենսունակ չէ:

«Մեր շփումը հիմա զուտ դատական նիստերի շրջանակում է: Իրենք մեր հայցադիմումի պատասխանը չեն ներկայացրել, այսինքն՝ որևէ բովանդակային առարկություն իրենցից չկա: Մեր և՛ առաջին պահանջն է հիմնավոր՝ տարածքը օգտագործել չխոչընդոտելուն պարտավորեցնելու մասով, քանի որ կա գործող պայմանագիր, և՛ վնասի հատուցման մասին հայցապահանջը: Երբ կբավարարվի մեր այս հայցապահանջը, այն կամովին չկատարելու դեպքում կառաջանա հարկադիր կատարման ծառայությանը դիմելու խնդիր»,- ասաց Վահագն Դալլաքյանը:

Հարցին՝ ո՞րն է ՀՖՖ-ի համառորեն իրենց խոչընդոտելու շարժառիթը, Գևորգ Սահակյանի ներկայացուցիչն ասաց՝ մենք չենք կարող հասկանալ՝ ինչ կա իրենց մտքում, բայց կարող ենք տեսնել հետևանքները:

«Սա բավական լավ աշխատող շուկա է եղել: Ծաղկի մեծածախ շուկայի չաշխատելուց շահում են համանման այլ մեծածախ ծաղկի շուկաներ: Այսինքն՝ այստեղ որոշակի շահ կա, և գուցե նաև Ֆեդերացիայի հետ կապված: Չեմ կարող պնդել, բայց հնարավոր է՝ ՀՖՖ-ն այդ տարածքն օգտագործելու հետ կապված այլ նպատակներ ունի»,- եզրակացրեց Վահագն Դալլաքյանը:

Տեսանյութեր

Լրահոս