Բաժիններ՝

«Ծաղկի շուկայի վարձակալը Ռուբեն Հայրապետյանի հետ որևէ կապ չունի»

Իշխանություններն ամեն կերպ ջանում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին ներքաշել որևէ քրեական գործի մեջ, որպեսզի հնարավոր լինի ինչ-որ կերպ կալանավորել նրան:

«Բջնի» հանքային ջրերի գործարանում բազմաթիվ ստուգումները և Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կապված հարուցված քրեական գործը կարծես թե ցանկալի արդյունքը չեն տալիս: Եվ, ըստ ամենայնի, անհրաժեշտություն է առաջացել նոր մեղադրանք առաջադրել Ռուբեն Հայրապետյանին:

Լրատվամիջոցներից մեկն էլ այսօր անդրադարձել էր Հայաստանում գտնվող ամենամեծ ծաղկի շուկային, որը գործում է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի հարևանությամբ:

Տեսանյութում նշվում է, որ շուկայի տարածքը գտնվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) հաշվեկշռում, սակայն լրատվամիջոցին ՀՖՖ-ն չի տրամադրել այն վարձակալողի հետ վարձակալության պայմանագիրը՝ պատճառաբանելով, որ առանց երկրորդ կողմի համաձայնության՝ իրենք չեն կարող պայմանագրի պատճենը տրամադրել երրորդ կողմին:

«Սիվիլնեթը», սակայն, ձեռք էր բերել պայմանագրի պատճենը և պարզել, որ տարածքը 10 տարով վարձով է տրվել Գևորգ Սահակյան անունով անհատ ձեռներեցի (ԱՁ), ով որոշակի իրավական խնդիրներ ունի, և այդ մարդը ոչ թե պատահական մեկն է, այլ գործարար, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ փոխկապակցված անձ և հանդիսանում է գործարարին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրը շահագործող «Դավիթ Դ.Վ.Ս.» ընկերության տնօրենը, և, որ այդ ընկերության սեփականատերն իրականում Ռուբեն Հայրապետյանն է:

168.am-ը կապ հաստատեց «Հարսնաքարի» տնօրեն Հրաչ Զոհրաբյանի հետ՝ պարզելու համար, թե ունե՞ն արդյոք Գևորգ Սահակյան անուն-ազգանունով աշխատակից, և ի՞նչ պաշտոն է նա զբաղեցնում:

Հրաչ Զոհրաբյանը վերահաստատեց, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում չկա և չի եղել Գևորգ Սահակյան անունով աշխատակից:

«Ես 2007 թվականից՝ բացման օրվանից առ այսօր, այստեղ տնօրեն եմ, և նման աշխատակից այստեղ չի եղել»,- ասաց Հրաչ Զոհրաբյանը:

Խոսեցինք նաև նյութում որպես տարածքի վարձակալ նշված անհատ ձեռներեց Գևորգ Սահակյանի պաշտպան Ռոման Պետրոսյանի հետ, ով ասաց, որ տեսանյութին ծանոթ է, և այնտեղ հրապարակված որևէ փաստ իրականությանը չի համապատասխանում:

Մեր հարցին, թե իր պաշտպանյալն իրավապահ մարմինների հետ ի՞նչ խնդիրներ ունի, Գևորգ Սահակյանի պաշտպանն ասաց, որ Պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ) քննվող քրեական գործի շրջանակներում է անցնում իր պաշտպանյալը, սակայն քանի որ նախաքննություն է ընթանում, նախաքննական գաղտնիքից ելնելով՝ այլ մանրամասներ չի կարող հաղորդել:

Մեր հարցին, թե ՊԵԿ-ում քննվող գործը կապ ունի՞ արդյոք ծաղկի շուկայի հետ, պատասխանեց՝ այդքան էլ չէ:

Հարցրեցինք նաև, թե ինչո՞վ է զբաղվում Գևորգ Սահակյանը և ի՞նչ կապ ունի Ռուբեն Հայրապետյանի հետ:

«Գևորգ Սահակյանը անհատ ձեռնարկատեր է և զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ: Ձեր կողմից նշված անձին նույնիսկ անձնապես չի ճանաչում, ուր մնաց, որ խոսենք հարաբերությունների մասին: Նա որևէ առնչություն Ռուբեն Հայրապետյանի հետ չունի»,- ասաց վերջինիս պաշտպանը:

Հարցին, թե ի՞նչ առնչություն ունի Գևորգ Սահակյանը ծաղկի շուկայի հետ, Ռոման Պետրոսյանը պատասխանեց, որ նա տարածքը վարձակալած անձն է՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ նշյալ ռեպորտաժում հրապարակված որևէ տվյալ իրականության հետ աղերս չունի:

«Թե՛ վարձակալության գինն էր սխալ նշված, թե՛ ռեգիստրից վկայակոչված տվյալները, թե՛ այն, որ Գևորգ Սահակյանը ՍՊԸ ունի, իրականությանը չի համապատասխանում, ինչպես ասացի, Ձեր նշած անձի հետ էլ կապ չունի, և նման տվյալ նաև չկա քրեական վարույթ իրականացնող մարմնում»,- եզրափակեց Ռոման Պետրոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս