Համաքաղաքացիների վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ
Դեկտեմբերի լույս 24-ի գիշերը ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Իջևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ գլխի վնասվածքով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել 40-ամյա տղամարդ։ Ավելի ուշ հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը նրան տեղափոխել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 24-ին, կեսգիշերն անց, Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում հիվանդանոց տեղափոխված 40-ամյա տղամարդու և 33-ամյա համաքաղաքացու միջև վիճաբանություն է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի։ 40-ամյա տղամարդն իր մոտ ապօրինի պահվող որսորդական հրացանով փորձել է կրակել 33-ամյա համաքաղաքացու ուղղությամբ, սակայն վերջինիս հաջողվել է շեղել կրակոցի ուղղությունը, ինչի հետևանքով բեկորը դիպել է նրա 33-ամյա ընկերոջը։ Ծեծկռտուքը շարունակվել է, որի ընթացքում 33-ամյա իջևանցու հարվածներից 40-ամյա տղամարդն ընկել է գետնին և գլխով խփել քարին: Նա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո մահացել է։
Դեկտեմբերի 25-ին Իջևանի բաժնի ոստիկանները Տավուշի մարզային վարչության գործընկերների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերել, ձերբակալել ու Տավուշի մարզային քննչական վարչություն են ներկայացրել 33-ամյա երիտասարդին։ Նա տվել է խոստովանական ցուցմունք։
Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է: