Հայաստանի պետականության համար Փաշինյանից մեծ ռումբ հնարավոր չի պատկերացնել. Արցախի պետական ինստիտուտները պետք է գործեն. Հայկ Մամիջանյան
Այսօր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ, ի վերջո, ընդդիմությանը չհաջողվեց 2020 թվականից հետո իրականացնել իշխանափոխություն։
Հայկ Մամիջանյանը, իհարկե, ընդունեց, որ նախորդ տարիների շարժումներն իրենց հիմնական նպատակին չեն ծառայել, որովհետև դեկտեմբերի 31-ին՝ ժամը 24։00-ից հինգ պակաս, բոլորը զզվանքով անջատում են հեռուստացույցը և ուղիղ ժամը 24։00-ին նորից միացնում, որովհետև Փաշինյանն է ուղերձ կարդալու։
«Որոշ արդյունքներ այդ շարժումները գրանցել են, բայց դրանք ունեին բազմաթիվ սխալներ, որոնց մի մասն օբյեկտիվ էր, մյուս մասը՝ սուբյեկտիվ։ Ինչո՞ւ ինքս սխալների մասին երբեք հրապարակային չեմ խոսում։ 20-րդ դարում մի գործիչ կար, որն ասել է՝ ցանկացած սխալ միշտ ունի անուն-ազգանուն, ես կոնտր-պրոդուկտիվ եմ համարում այդ սխալների մասին հրապարակային խոսելը, որովհետև ես գործընկերներիս, պայքարի ընկերներիս հաշվին քաղաքական դիվիդենտ վաստակելու սովորություն չունեմ։ Ես չեմ ուզում լինել Կենտրոն վարչական շրջանի չափով ամենառեյտինգային քաղաքական գործիչը, դա մեզ չի հետաքրքրում, դա Հանրապետականին սազական չէ»,- պարզաբանեց Հայկ Մամիջանյանը։
Ըստ նրա, 2018 թվականից սկսած Հանրապետական կուսակցությունը միակ քաղաքական ուժն էր, որը պայքարում էր Փաշինյանի դեմ, հետագայում իրենց միացել են նաև այլ գործընկերներ։ Ավելին՝ այս տարիների ընթացքում չի եղել գոնե մեկ շոշափելի ընդդիմադիր պայքար, ակցիա, որին ՀՀԿ-ն առնվազն չի աջակցել, եթե ոչ ավելին։
«Բայց պետք է ֆիքսենք, որ ՀՀԿ-ն դեռևս իր հեղինակած, նախաձեռնած պայքարի փուլը չի ունեցել այս տարիների ընթացքում, մենք միշտ եղել ենք աջակից։ Երբեմն արել ենք շատ ավելի շատ գործ, քան նախաձեռնողները, բայց միշտ եղել ենք աջակից, հերթը, կարծես, մերն է։
Հանրապետականը չի կարող հարմարվել դավաճաններին ու կապիտուլյանտներին՝ մեկ պարզ պատճառով, որովհետև մենք չենք կարողանա նայել մեր պայքարի ընկերների ընտանիքի անդամների աչքերին, որոնք այս պայքարի արդյունքում գտնվում են անազատության մեջ։ Արմեն Աշոտյանի որդիների, Նարեկ Մալյանի երեխաների, Մամիկոն Ասլանյանի երեխաների»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։
Իհարկե, Հայկ Մամիջանյանը չմանրամասնեց ՀՀԿ ծրագրերը՝ պատճառաբանելով, որ եթե մանրամասնի, ապա էականորեն կվնասի դրանց արդյունավետությանը։
Խոսելով Արցախի Հանրապետության նախագահի ստորագրած հրամանագրի մասին, Հայկ Մամիջանյանն ասաց, որ ՀՀԿ-ի դիրքորոշումն այդ հրամանագրի առնչությամբ շատ պարզ է, և դա հնչեցրել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ որևէ հրամանագիր չի կարող լուծարել Արցախը։
«Հայաստանի պետականության ու Արցախի հետագա գոյության համար ռումբ են Փաշինյանը և իր երեսփոխանները, դրանից մեծ ռումբ պատկերացնել հնարավոր չէ։ Արցախի պետական ինստիտուտները պետք է շարունակեն գործել, իրենք ունեն ահռելի աշխատանք անելու»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում