Ավագանու գրություններին պատասխանելու համար սահմանվել է 21-օրյա ժամկետ. սա լուրջ չէ. Մանուկ Սուքիասյան
Երևանի ավագանու այսօրվա նիստում քննարկվում է Երևանում ավտոկայանատեղիների տարեկան վարձը բարձրացնելու վերաբերյալ նախագիծը, ընդդիմադիր խմբակցություններից «Ազգային առաջընթացը» և «Մայր Հայաստանը» բոյկոտել են նիստը, քանի որ անընդունելի են համարում նման նախագծի ընդունումը։
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սկսել են շրջայցեր կատարել վարչական շրջաններով, տեղում խնդիրներ են արձանագրել, օրինակ, Նուբարաշենում հանրակացարանների խնդիրները, կամ, ասենք, Շենգավիթում դպրոցի հարակից տարածքում անցնում են բացօթյա կոյուղագծեր։
«Խնդիրները բազմաթիվ են, մենք դրանց հետևից գնում ենք։ Կարելի է անդրադառնալ մի այսպիսի կետի, որ ավագանու գրություններին պատասխանելու համար սահմանվել է 21-օրյա ժամկետ, ինչը լուրջ չէ։ Մեր ուղղությունները տարբեր են, և անմիջապես բնակիչների հետ կապ ունենք։ Անգամ ահազանգ ունենք, որ զանգահարում ասում են, թե՝ Բանգլադեշում հնդիկները շատացել են»,- շեշտեց Մանուկ Սուքիասյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ նիստերի դահլիճ չեն մտնելու, բայց նախասրահից հետևելու են, թե ով է ապահովում քվորումը։
Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանը քննարկում է «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը։
Նախագծով առաջարկվում է՝ 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի Ա գոտու ավտոկայանատեղիում կայանելու համար 1 օրվա համար վճարը սահմանել 2000 դրամ, իսկ տարեկան վարձավճարը՝ 160.000 դրամ, կենտրոնից դուրս՝ 1 օրվա համար՝ 1000 դրամ, իսկ տարեկան՝ 24.000 դրամ։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում