«Արարքցյանն առանցքային դերակատարություն է խաղացել 1994 թ. զինադադարի հաստատման գործում». Բայբուրդյան
ԱԳ նախկին փոխնախարար, դեսպան Արմեն Բայբուրդյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Միշտ հպարտացել եմ, որ նորանկախ հայոց պետականության ակունքներում կանգնած Բաբկեն Արարքցյանը եղել է ղեկավարս և ավագ ընկերս։ Ինձ համար նա մարմնավորել է հայ առաքինի մարդու և պետական գործչի լավագույն հատկանիշները։
Կյանքից հեռացած Բաբկեն Արարքցյանը ոչ միայն արժեքների կրող էր, այլև արժեքներ սերմանողը։ Սկզբունքայնության ջահակիր էր, մաթեմատիկական տրամաբանությամբ իմաստուն մարդ։ Անմնացորդ նվիրում ուներ հայոց պետականությանը, ինքնիշխանությանն ու ժողովրդավարությանը։
Պատիվ եմ ունեցել աշխատելու պարոն Արարքցյանի հետ որպես իր օգնականն ու խորհրդականը՝ 1991 թվականի փետրվարից մինչև 1992 թ․ սեպտեմբեր։ Նա այդ ժամանակ զբաղեցնում էր ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալի, իսկ 1991 թ․ դեկտեմբերից՝ ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոննները։
Արարքցյան անունը սերտորեն շաղկապված է 1991 թ․ սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հռչակման հետ, երբ փայլուն կերպով ղեկավարելով Հանրաքվեի կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքները՝ նա պաշտոնապես ներկայացրեց հանրաքվեի պատմական արդյունքները։
Բաբկեն Արարքցյանը ՀՀ Ազգային ժողովի հիմնադիրն էր և առաջին նախագահն։ Նա նաև կարևորագույն դեր է ունեցել նորանկախ երկրի լայնածավալ բարեփոխումների մշակման գործում՝ մասնավորապես հանրային կառավարման ոլորտում։ Նա նաև առանցքային դերակատարություն է խաղացել 1994 թ. մայիսին Ղարաբաղյան պատերազմում զինադադարի հաստատման գործում։ Ղեկավարել է հաջողությամբ պսակված խորհրդարանական ձևաչափով բանակցությունները՝ Բիշքեկյան արձանագրությամբ հաստատված զինադադարով։
Նրա կողքն եմ եղել սկզբնական շրջանի բոլոր բանակցությունների ժամանակ։
Բաբկեն Արարքցյանը մեծ դեր է ունեցել խորհրդարանական դիվանագիտության ձևավորման և զարգացման գործում։ Իր արդյունավետ անձական միջամտությամբ բազմիցս լուծվել են կայացման փուլում գտնվող մեր պետության համար ռազմավարական նշանակության խնդիրներ։
Նկարում պատկերված է մի դրվագ մեր հանդիպումներից Փարիզի Բուրբոնյան պալատում՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի նստավայրում։ ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ Արարքցյանի 1992 թ․ պաշտոնական այցն էր՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի հրավերով։
Հոգիդ լույսերի մեջ մնա ու հիշատակդ վառ, սիրելի պարոն Արարքցյան»: