Առռը հա, թե Նիկոլը մի ձայն կստանա Գեղարքունիքի մարզից, թքեմ իրենց երեսին. Նորատուսցի
Արդեն մեկ շաբաթ է՝ Գեղարքունիքի մարզի ձկնորսները բողոքում են Կառավարության ընդունած որոշման դեմ, որով արգելվում է սիգի որսը Սևանա լճից։ Նախորդ շաբաթ նրանք փակել էին Երևան-Սևան ճանապարհը, սակայն որոշ ժամանակ անց բացեցին, այսօր կրկին հավաքվել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու այդ որոշման դեմ։
Նուրատուսցի ձկնորսները լրագրողների հետ զրույցում ասացին՝ Կառավարությունը թող իրենց հստակ ասի՝ ուզում է, որ գյուղերի բնակիչներն իրենց տան դռները փակեն, բենզին լցնեն ու վառե՞ն։
«Սա մեր հացի, մեր ապրելակերպի հարցն է»,- նշեց ձկնորսներից մեկը։
Բողոքի ակցիայի տարեց մասնակիցներից մեկն էլ՝ խոսքն ուղղելով Կառավարությանը, ասաց՝ Արցախն ու Հայաստանի կեսը տվել է թշնամուն, չի ամաչում, այդքան ոստիկան է լցրել Գավառ, ինչ է թե՝ ձկնորսները բողոքում են։
«Բարձրացեք Գավառ, տեսեք՝ ինչ ոստիկանական զորք են լցրել, Սևանում ինչ զորք է։ Այդ զորքը բերել-կանգնեցրել են մեր դեմ, փոխանակ տանեին ու կանգնեցնեին թուրքի դեմ։ Թքեմ իրենց երեսին, մեզ նման կառավարություն պետք չէ։
Առռը հա, թե Նիկոլը մի ձայն կստանա Գեղարքունիքի մարզից»,- նշեց ձկնորսը։
Ձկնորսները նաև ասացին, որ իրենց պետք է թույլ տան «յոլա» գնալ՝ գոյությունը պաշտպանելու համար։
«Նիկոլը նախ մեր անվտանգությունը պետք է ապահովեր, ամեն օր ասում է՝ վայ, վաղը թուրքը հարձակվելու է, դրանից հետո նոր գար-կպներ խեղճ ժողովրդին։ Թող օրենքով աշխատատատեղեր բացեր, մարդիկ աշխատեին ու ապրեին։ Հիմա հնարավորություն չունենք ապրելու, այդ ձուկը պետք է բռնենք՝ յոլա գնանք»,- նշեց նա։