Իրավապահները կորցրել են Գագիկ Բեգլարյանի և Մհեր Սեդրակյանի անունը շոշափող շորթման գործը․ «Փաստինֆո»
Հակակոռուպցիոն կոմիտեն, որը նախկինում կոչվում էր հատուկ քննչական ծառայություն, «կորցրել» է Գագիկ Բեգլարյանի և Մհեր Սեդրակյանի վերաբերյալ քրեական «գործը»։
Հիշեցնենք, որ նախկին պատգամավորի և նախարարի կողմից առերևույթ չարաշահումների մասին ձեռք բերված տվյալների մասին ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել էր դեռևս 2018թ․ օգոստոսի 29-ին՝ պաշտոնական հաղորդագրությամբ նշելով, որ քրեական գործը ՔԿ-ից ուղարկվել է ՀՔԾ։
Այն հարուցվել էր դեռևս 2017թ․՝ Ունիվերսալ վարկային կազմակերպության տնօրենի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա, որը վերաբերում էր 2012-2016թթ. ընթացքում նույն ընկերության նախկին գործադիր տնօրենի կողմից լիազորություններն ընկերության շահերին հակառակ օգտագործելու և ընկերության ներքին իրավական ակտերի ու ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ բազմաթիվ կազմակերպությունների վարկեր տրամադրելու վերաբերյալ:
Գործով մեղադրանք էր առաջադրվել ընկերության նախկին տնօրենին՝ Իրինային, բայց հետագայում այն հետաքրքիր զարգացում է ստացել։ Մեղադրյալը սկսել է ցուցմունքներ տալ ՀՀ տրանսպորտի ու կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի դեմ՝ վերջինիս մեղադրելով իր բաժնեմասը շորթելու մեջ։ Մասնավորապես, ըստ տիկնոջ, 2014 թվականի ընթացքում Բեգլարյանի հանձնակատար ոմն Ավդալյանի սպառնալիքների ներքո հայտնել է նախ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ, ապա նաեւ տվյալ ընկերությունում իր ունեցած 28,5 տոկոս բաժնեմասը նվիրել Գարիկ Մուշեղյանին։
Ցուցմունք է տրվել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր, Էրեբունիի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի դեմ, որն, ըստ Իրինայի, 2016 թվականին պահանջել է Ասրաթյանին վերադարձնել ընկերությունում ներդրված նրա գումարները, ապա նաեւ նրա պահանջով իրեն անվստահություն են հայտնել ու ազատել տնօրենի պաշտոնից։
Տվյալ գործի վերաբերյալ 2018 թվականի օգոստոսին տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է. «… Ցուցմունքներում որպես վարկային կազմակերպության նախկին գործադիր տնօրենից նրա բաժնեմասը շորթելուն, բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ապօրինի հավաքելուն առնչություն ունեցած անձի մատնանշվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գ. Բեգլարյանի անունը։ Բացի այդ, տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մ.Սեդրակյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ դեպքերի վերաբերյալ»։ Հետեւապես որոշում է կայացվել քրգործն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին։
Այս գործի մասին հետագայում իրավապահները լռեցին ու «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե, որը ձեւավորվել է Հատուկ քննչական ծառայության հենքի վրա ու կոչված է քննելու կոռուպցիոն գործերը՝պարզելու աղմկահարույց այդ գործի ճակատագիրը։ Ի վերջո նախկին պաշտոնյաներին մեղադրանք առաջադրեցին, թե ներողություն խնդրեցին նրանց անունն անհարկի քրեական գործով շրջանառելու համար։ Մասնավորապես՝ դեկտեմբերի 4-ին ուղարկված հարցմամբ խնդրել էինք հայտնել, թե ինչ փուլում է գտնվում «Ֆ․ Ի․ Կ․ Օ ՈՒՎԿ» բաժնեմասի շորթման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, կան արդյոք որպես մեղադրյալ ներգրավված անձինք, թե ոչ, արդյո՞ք Գագիկ Բեգլարյանին և Մհեր Սեդրակյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում կայացվել է, թե ոչ։
Օրեր շարունակ ՀԿԿ-ն հարցմանը չէր պատասխանում։ Մեր հետեւողական հարցապնդումների արդյունքում, ի վերջո, ստացանք կարճ գրություն՝ «Ֆ․ Ի․ Կ․ Օ» ՈւՎԿ-ի բաժնեմասի շորթման դեպքի առթիվ որևէ քրեական վարույթ ՀՀ հակակոռուցպիոն կոմիտեում չի իրականացվում»,- «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀԿԿ-ից։ Որեւէ խոսք չկա, թե ինչ է եղել քրեական գործի հետ։
Նկատենք, որ քրգործն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին որոշումը կայացվել է 28.09.2018 թ. ՀՀ ՔԿ ՀԿԳ ավագ քննիչի կողմից։ Հետեւապես այն ուղարկվել է ՀՔԾ, որի նախագահը Սասուն Խաչատրյանն էր,որն այսօր ղեկավարում է ՀԿԿ-ն։ Այստեղ կամ պետք է քննություն իրականացնեին ու ասեին բավարար ապացույցներ չկան ու նախկին պաշտոնյաների մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում կայացնեին ու մյուս մասը նորից հետ ուղարկեին ՔԿ, կամ մեղադրանք առաջադրեին եւ ուղարկեին դատարան, կամ էլ , նյութերին ծանոթանալիս նկատելով, որ ջուր է, դատախազության միջոցով սուս ու փուս ուղարկեին տվյալ գերատեսչություն՝ իրենց սարքած գործի տակից դուրս գալու։ Այսպես, թե այնպես գործի ճակատագրի մասին գրառում ՀԿԿ-ի մատյաններում պետք է, որ պահպանված լինի, սակայն պաշտոնական պատասխանից տպավորություն է, որ այն ուղղակի ցնդել է։