«Կանաչ մահիկ»-ն այսօր դառնում է «կանաչ լիալուսին», որով ՌԴ-ի դեմ մի հսկա պատվար կարող են կառուցել. թուրքագետ

Միացյալ Նահանգները ողջունում է Թուրքիայի արդյունավետ դերն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում՝ օրերս հայտարարել էր ԱՄՆ Պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ադրբեջանում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր. «Մենք պաշտպանում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները նորմալացնելու ուղղությամբ քննարկումները, այդ ոլորտում պատրաստ ենք կատարել մեր առջև դրված ցանկացած խնդիր։ Մենք դեմ ենք որոշ երկրների ոչ ճիշտ մոտեցումներին»։

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Թուրքիան համարում է տարածաշրջանում ԱՄՆ գործակատար՝ շեշտելով, տարածաշրջանային առկա խնդիրներն իրականում արևմտյան և հատկապես՝ ամերիկյան օրակարգի մի մասն են:

«Հենց այս պատճառով է հատկապես վերջին օրերին ԱՄՆ-ը ակտիվացել, խոսում է ճանպարհների բացման ու խաղաղության պայմանագրի կնքման մասին,- նշեց թուրքագետը՝ համոզում հայտնելով, որ անգամ այդպես էլ չհանրայնացված այդ պայմանագիրն ամենևին էլ խաղաղության հետ կապ չունի,- Մանավանդ, որ անգամ Նիկոլ Փաշինյանը՝ այս պայմանագրի գլխավոր ջատագովը, ասել է՝ այդ պայմանագրի կնքումից ժամեր հետո էլ հնարավոր է, որ Ադրբեջանը հարձակվի: Այդ դեպքում ինչո՞ւ ես կնքում. նշանակում է՝ այդ պայմանագրում կան կետեր, որոնք «խաղաղություն» անվան տակ վաճառքի են հանվում»:

Կարդացեք նաև

Այդ կետերի մասին, ըստ թուրքագետի, Նիկոլ Փաշինյանն արդեն անոնսավորում արել է՝ հայտնելով Հայաստանով ճանապարհների ապաշրջափակման՝ այդ թվում՝ Գյումրու երկաթգծի վերագործարկման մասին: Ըստ նրա՝ այսկերպ Հայաստանն ուղղակի վեր է ածվելու այլ երկրների համար մեծ անցակետի, և հասկանալի չէ, թե ինչեր են տանելու և բերելու այդ ճանապարհներով:

«Հենց Ալիևն էր մի քանի օր առաջ ասել, թե այդ ճանապարհը պետք է չվերահսկվի»,- նկատեց նա՝ հիշեցնելով,- Այսինքն՝ Երևանից մինչև Մեղրի ինչքան ճանապարհ կա, բացվելու է թուրքի և ադրբեջանցու համար, ինչը ԱՄՆ ցանկությունն է»:

Տիրան Լոքմագյոզյանը Միացյալ Նահանգների այցի ցանկությունը պայմանավորում է տարածաշրջանը վերահսկելու անհրաժեշտությամբ:

«Այստեղ ԱՄՆ-ը, Էրդողանին բերելով արդեն, մի ծրագիր էր հղացրել, որում շատ լավ տեղավորվում էր նաև Թուրքիայի՝ 100-ամյա «Թուրանի» ծրագիրը: Իսկ Թուրանը՝ Թուրքիայի Արևմտյան սահմանից՝ մինչև Չինաստանի սահմանը (ըստ տարբեր քարտեզների՝ այդ թվում՝ ՌԴ տարածքներ) մտնում են մի պետության մեջ,- նշեց նա՝ հիշեցնելով 20-րդ դարում գեներացված ամերիկյան «կանաչ մահիկի» ծրագրի մասին,- «Կանաչ մահիկ»-ն այսօր դառնում է «կանաչ լիալուսին», որով ՌԴ-ի դեմ մի հսկա պատվար կարող են կառուցել, և դրանով անջատել Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը»:

Այս իրավիճակում ՀՀ դիրքավորմանն անդրադառնալով՝ Տիրան Լոքմագյոզյանն առաջին քայլը համարեց իշխանափոխությունը, թեև կարծում է՝ շահագրգիռ կողմերն այդ դեպքում ունեն նաև «պլան բ»:

Տեսանյութեր

Լրահոս