Բաժիններ՝

Մեր դարաշրջանում պակասում են կենդանի օրինակները

– Հա՛յր, սուրբ Կրյուեղ Երուսաղեմացին ինչո՞ւ է ասում, թե վերջին ժամանակների մարտիրոսներն «ավելի երանելի են» լինելու*:

– Որովհետև առաջ (հոգու) դյուցազուններ շատ կային: Իսկ մեր դարաշրջանում պակասում են կենդանի օրինակները․ ես ընդհանրապես Եկեղեցու ու վանականության մասին եմ խոսում: Մեր օրերում ավելացել են բառերն ու գրքերը, բայց պակասել է կյանքի փորձը: Միայն հիանում ենք մեր Եկեղեցու սուրբ ճգնավորներով, չհասկանալով, թե որքան մեծ գործ էին նրանք անում: Դա հասկանալու համար պետք է ինքդ ջանք թափես, պետք է սիրես սրբերին ու պատվախնդրությունից** մղված ջանք ու եռանդ չխնայես, որպեսզի նրանց նմանվես: Իհարկե, Բարեգութ Աստված հաշվի կառնի մեր դարաշրջանի և առանձնահատկությունները, և պայմանները, որոնցում ստիպված ենք ապրել և ըստ դրա հաշիվ կպահանջի մեզանից: Ու եթե մենք գոնե մի փոքր սխրանք կատարենք, ապա ավելի շատ պսակների կարժանանք, քան հին ժամանակների քրիստոնյաները:

Հին ժամանակներում ճգնավորության ոգի կար: Մարդիկ փորձում էին նմանվել միմյանց, և ո՛չ չարը, ո՛չ անտարբերությունը չէին դիմանում: Բարության առատություն կար, ճգնավորական ոգի, և այդ պատճառով էլ անփույթ մարդը չէր կարող հարատևել իր անտարբերության մեջ: Բարության ընդհանուր հոսանքը նրան իր մեջ էր առնում: Հիշում եմ, մի անգամ Սալոնիկում լուսացույցի ազդանշանին էինք սպասում, որպեսզի փողոցն անցնենք: Կանաչը վառվեց, մարդկային հոսանքը շարժվեց ու ես զգացի, թե այն ինձ ինչպես է բոլորի հետ տանում: Ես միայն պետք է ոտքերս առաջ գցեի ու հասնեի փողոցի հակառակ կողմը: Ուզում եմ ասել, որ եթե բոլորը նույն տեղն են գնում, ապա մի հոգու համար դժվար է բոլորի հետ չգնալ, եթե նույնիսկ չի ուզում: Մյուսները հրապուրում են նրան, իրենց հետ տանում: Բայց այսօր, եթե մարդն ուզում է ազնիվ ու հոգևոր կյանքով ապրել, ապա աշխարհում նրա համար տեղ չի գտնվում, դժվար է լինում ապրելը: Եվ եթե նա անուշադիր լինի, ապա կգլորվի ցած, աշխարհիկ հոսանքը վար կտանի նրան:

Նախկինում բարության, բարեպաշտության առատություն էր, բազմաթիվ էին լավ օրինակները, և չարությունը կորչում էր բարության լիության մեջ: Աշխարհում կամ վանքերում առկա փոքրաթիվ անկարգություններն աննշան էին ու չէին վնասում մարդկանց: Իսկ հիմա ի՞նչ է կատարվում: Վատ օրինակները բազմաթիվ են, իսկ այն մի փոքր բարությունն էլ, որ մնացել է, գրոշի արժեք էլ չունի: Այսինքն՝ հիմա ճիշտ հակառակն է տեղի ունենում. մի փոքր բարությունը կորչում է մեծ չարիքի մեջ, և չարն է իշխում:

Կարդացեք նաև

Եթե մեկ կամ մի քանի հոգի ճգնավորության ոգի ունեն, ապա դա բավականին օգնում է մյուսներին: Որովհետև, եթե մեկը հոգևոր առումով աճում է, ապա ոչ միայն ինքն է օգուտ քաղում, այլև նրան նայողները: Նույնն է անկարգապահ մարդու պարագայում․ նա ազդում է այլոց վրա: Իսկ եթե թուլանում է մեկը, հետո՝ մյուսը, ապա աստիճանաբար, աննկատելիորեն, շրջապատում արդեն ոչ մի լավ բան չի մնում:

Այդ պատճառով էլ ճգնավորության ոգին շատ կօգնի տիրող ցոփության մեջ: Մենք պետք է չափազանց ուշադիր լինենք այդ առումով, որովհետև, ցավոք սրտի, ժամանակակից մարդիկ հասել են այն բանին, որ ցոփությունն ու սանձարձակությունը խրախուսող օրենքներ են ընդունում: Նույնիսկ ճգնողներին են ստիպում, որ այդ օրենքներին հետևեն: Այդ պատճառով էլ ճգնողները պետք է ոչ միայն աշխարհիկ ոգուն չենթարկվեն, այլև չհամեմատվեն այս աշխարհի մարդկանց հետ***:

Երբ քրիստոնյաներն իրենց աշխարհիկ մարդկանց հետ են համեմատում, սկսում են իրենք իրենց սուրբ համարել, այնուհետև կորցնում են զգոնությունը և արդյունքում ավելի վատն են դառնում, քան նրանք, ում հետ համեմատվում էին: Հոգևոր կյանքում սրբերը պետք է օրինակ հանդիսանան, այլ ոչ թե աշխարհիկ մարդիկ: Լավ կլինի, որ յուրաքանչյուր առաքինության համար հետևյալ աշխատանքը կատարվի. անհրաժեշտ է գտնել այն սրբին, որն աչքի է ընկել այդ առաքինությամբ և ուշադրությամբ նրա վարքը կարդալ:

Այդ ժամանակ մարդը կտեսնի, որ դեռ ոչինչ չի արել և կշարունակի իր հոգևոր կյանքը խոնարհությամբ վարել: Վազորդները հետ չեն նայում մարզադաշտում, որպեսզի տեսնեն, թե իրենցից հետո եղողները որտեղ են: Որովհետև եթե անընդհատ նայեն, թե ուր են նրանք, ապա հենց իրենք վերջինը կդառնան: Եթե ես փորձում եմ նմանվել նրանց, ովքեր հաջողում են, ապա խիղճս նրբանում է: Իսկ երբ նայում եմ նրանց, ովքեր հետևի շարքերում են, ապա արդարացնում եմ ինքս ինձ, ներում եմ ինձ, որովհետև նրանց գործած սխալների համեմատությամբ իմ սեփականները մեծ չեն: Ես հանգստացնում եմ ինձ այն մտքով, որ ինձանից վատն էլ կա: Այդպես ես խիղճս լռեցնում եմ կամ, ավելի ճիշտ, վերջիվերջո սիրտս անզգա է դառնում, կարծես սվաղի շերտով պատված լինի:

* “Мученики последних времен будут выше первых мучеников” Св. Кирилл Иерусалимский. Слова огласительные, 15 огласительное слово. М. 1855 С261.

** Պատվախնդրություն (հուն. “φιλότιμο”): Հունարեն այս բառի ոչ բառացի թարգմանությունը հնչում է որպես «մեծահոգություն», «հակվածություն՝ զոհաբերության», «հանուն որևէ հոգևոր կամ բարոյական իդեալի նյութականի հանդեպ տածած արհամարհանք»: Այս բառը հաճախ է հանդիպում հայր Պաիսիոսի խոսքում՝ ընդգծելով պատվախնդրության նշանակությունը հոգևոր կյանքում:

*** Հայր Պաիսիոսի խոսքում և հունարենում ընդհանրապես, “κοσμικός” բառը նշանակում է «Եկեղեցու հետ առնչություն չունեցող մարդ»: Այս գրքում այդ բառը որպես «այս աշխարհի մարդ» կամ «աշխարհիկ մարդ» է թարգմանվում, իսկ «աշխարհական» բառին համապատասխանում է հունարեն “λαϊκός” բառը, որը նշանակում է աշխարհում ապրող գիտակից քրիստոնյա:

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս