Վրաստանում տոնախմբությամբ կնշեն ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի ստացումը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկրի քաղաքացիներին հրավիրել է՝ մասնակցելու ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու առթիվ կազմակերպված տոնախմբություններին։
Ղարիբաշվիլին դեկտեմբերի 14-ի երեկոյան տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ այս իրադարձությունն անվանել է «պատմական»։
«Վաղը՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 17:00-ին բոլորիդ հրավիրում եմ Ազատության հրապարակ, որպեսզի միասին տոնենք մեր երկրի և մեր ժողովրդի այս պատմական հաղթանակը։ Վաղը պետք է լինի ընդհանուր, ազգային տոնի և ընդհանուր հաղթանակի օր», – ասել է Ղարիբաշվիլին։
Բրյուսելում դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ ԵՄ երկրների ղեկավարները որոշում են կայացրել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել միությանն անդամակցելու շուրջ բանակցություններ, ինչպես նաև Վրաստանին տրամադրել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։
Վրաստանը շարունակում է շնորհավորանքներ ընդունել ԵՄ անդամակցության կարգավիճակ ստանալու կապակցությամբ։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը X սոցիալական հարթակում գրառման մեջ Եվրամիության ղեկավարների որոշումն անվանել է «պատմական քայլ դեպի ավելի ուժեղ Եվրոպական ընտանիք»։
Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան նույնպես X սոցիալական հարթակում շնորհավորել է Վրաստանի ժողովրդին «երկրի և ԵՄ-ի համար այս պատմական օրվա առթիվ»։
Իսկ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով Եվրոպական խորհրդի դեկտեմբերի 14-ի որոշումը ԵՄ-ի ընդլայնման վերաբերյալ։
«ԱՄՆ-ն շարունակում է մեծապես աջակցել ԵՄ-ի ընդլայնման գործընթացին», – գրել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ ընդունված որոշումն անվանելով «պատմական պահ Եվրոպայի և անդրատլանտյան գործընկերության համար»։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նույնպես շնորհավորել է Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարներին և երեք երկրների ժողովուրդներին Եվրամիության կայացրած որոշումների առնչությամբ։