Բաքուն հաստատել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգը
Ադրբեջանի նախարարների կաբինետը հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման վերաբերյալ ադրբեջանական և հայկական հանձնաժողովների աշխատանքի և հանդիպումների կանոնակարգը։ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի համապատասխան որոշումը հրապարակվել է երկրի կառավարության կայքում։
«Հաստատել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման կանոնակարգը», – փաստաթղթից մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին նոյեմբերի 30-ին տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը: Կողմերը նախնական համաձայնեցրել էին սահմանազատման հանձնաժողովների միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի տեքստը:
Կողմերը պայմանավորվել էին սկսել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, ինչպես նաև համաձայնության էին եկել ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումների անցկացումը: