Բայդենն իր դեմ իմփիչմենթի հետաքննության լիազորումն անվանել է «անհիմն քաղաքական հնարք»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր դեմ իմփիչմենթի հետաքննություն սկսելու՝ Ներկայացուցիչների պալատի որոշումն անվանել է «անհիմն քաղաքական հնարք»:
Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ Բայդենն անդրադառնում է երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներին և կասկածի տակ է դնում հանրապետականների ներգրավվածությունը դրանց լուծման հարցում։
«Փոխանակ նրանք ինչ-որ բան անեն ամերիկացիների կյանքն ավելի լավը դարձնելու համար, նրանք կենտրոնացած են ստերով իմ դեմ հարձակումների վրա։ Փոխանակ նրանք անեն իրենց գործը բոլոր հրատապ խնդիրների լուծման հարցում, նրանք նախընտրում են ժամանակ վատնել այս անհիմն քաղաքական հնարքի վրա, որը, նույնիսկ Կոնգրեսի հանրապետականներն են ընդունում, փաստերով հիմնավորված չէ», – գրել է Բայդենը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ ներկայացուցիչների պալատը դեկտեմբերի 13-ին 221 կողմ 212 դեմ ձայների հարաբերակցությամբ լիազորել է երկրի նախագահ Ջո Բայդենի նկատմամբ իմփիչմենթի հետաքննություն սկսել։ Ըստ հանրապետական կոնգրեսականների՝ Բայդենի փոխնախագահության տարիներին նրա որդին արտերկրում, այդ թվում՝ Չինաստանում բիզնեսներից հսկայական եկամուտներ է ստացել, իսկ Ջո Բայդենն, իբրև, բազմաթիվ շփումներ է ունեցել իր ընտանիքի օտարերկրյա գործընկերների հետ։
Ներկայացուցիչների պալատի կողմից Բայդենի նկատմամբ իմփիչմենթի հետաքննության լիազորումը նշանակում է, որ հետաքննությունը կշարունակվի նաև 2024 թ.-ի ընթացքում, երբ Բայդենը պետք է ներկայացնի իր թեկնածությունը նախագահի պաշտոնում նորից առաջադրվելու համար։ Ենթադրվում է, որ Ջո Բայդենը կպայքարի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, որի նկատմամբ նույնպես նախագահության տարիներին երկու անգամ իմփիչմենթի հետաքննություն է անցկացվել։
Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները պնդում են, որ Բայդենի նկատմամբ հետաքննությունը նախաձեռնվել է՝ որպես վրեժ Թրամփի նկատմամբ իմփիչմենթի երկու հետաքննությունների համար։