«Խաղաղության խաչմերուկ»-ը ոչ թե մրցակցելու է լոգիստիկ նախագծերի հետ, այլ լրացնելու առկա հնարավորությունները․ Միրզոյան

Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցության բոլոր ուղիների բացման ու տրանսպորտային փոխկապակցվածության խթանման մեջ՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերի և պետությունների ինքնիշխանության ու իրավազորության նկատմամբ լիակատար հարգանքի հիման վրա: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ելույթ ունենալով Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը։

«Որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր, որի սահմաններն արևմուտքում և արևելքում գտնվում են ցամաքային շրջափակման մեջ վերջին երեք տասնամյակների ընթացքում, Հայաստանը կենսականորեն շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցության բոլոր ուղիների բացման ու տրանսպորտային փոխկապակցվածության խթանման մեջ՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերի և պետությունների ինքնիշխանության ու իրավազորության նկատմամբ լիակատար հարգանքի հիման վրա»,- նշել է Միրզոյանը։

Միրզոյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ ընդգծելով, որ դա հանդիսանում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման Հայաստանի օրակարգի հիմնասյուներից մեկը: «Դա նպատակ ունի իրար կապել արևելքն ու արևմուտքը, հյուսիսն ու հարավը, և տնտեսական ու մշակութային առնչությունների ամրապնդման և մարդկանց միջև շփումների միջոցով նպաստել քաղաքական երկխոսության և հասնել տարածաշրջանում համապարփակ և կայուն խաղաղության՝ հօգուտ բոլոր ժողովուրդների: Գիտակցելով ավելի լավ տարածաշրջանային և միջազգային փոխկապակցվածության կարիքը՝ ՀՀ կառավարությունը ձեռնարկում է և պատրաստ է շարունակել իր ակտիվ ջանքերը՝ արդիականացնելու առկա հաղորդակցության և տրանսպորտային ուղիները և կառուցելու նորերը»,- նշել է Միրզոյանը:

Նրա խոսքով՝ դրա վառ օրինակն է Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունը, որը բարձր առաջնայնություն ունեցող ռազմավարական ծրագիր է Հայաստանի համար: «Այն ոչ միայն կապահովի ավելի դյուրին հաղորդակցություն Հայաստանի հյուսիսային և հարավային շրջանների միջև, այլև նշանակալի կերպով կնպաստի Պարսից ծոցի և Սև ծովի միջև փոխկապակցվածությունը՝ դառնալով կարևոր տարանցիկ հանգույց արևմտյան Ասիայի և արևելյան Եվրոպայի միջև: Հայաստանը պատրաստ է վերակառուցել և գործարկել Գյումրի-Կարս, Հրազդան-Կապան, Վանաձոր-Ագարակ, Երասխ-Նախիջևան երկաթգծերը: «Խաղաղության խաչմերուկ»-ը գալիս է ոչ թե մրցակցելու տարածաշրջանային այլ լոգիստիկ նախագծերի հետ, այլ լրացնելու առկա հնարավորությունները»,- եզրափակել է Միրզոյանը:

Տեսանյութեր

Լրահոս