ՄԱԿ-ը հայտարարել է, որ 2024 թ-ին Աֆրիկայում մոտ 50 միլիոն մարդ սովի է մատնվելու
Մոտ 50 միլիոն մարդ հաջորդ տարվա ընթացքում կարող է բախվել պարենային անապահովության հետ, իսկ ավելի քան 2,5 միլիոնը կհայտնվի սովի շեմին: Այս մասին հայտարարել են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, տարածաշրջանային և այլ խմբերի ներկայացուցիչները, փոխանցում է AP-ն։
Չնայած կլիմայի փոփոխությունն ու գնաճը նպաստող գործոններ են, սննդամթերքի անապահովության հիմնական շարժիչ ուժը բռնության աճն է, հատկապես Կենտրոնական Սախելում՝ Սահարայի անապատի տակ գտնվող հսկայական տարածքում, որն ամենաշատն է տուժել:
Ըստ աղբյուրի՝ Մալիում, Բուրկինա Ֆասոյում և Նիգերում երեք տարվա ընթացքում տեղի է ունեցել հինգ պետական հեղաշրջում, ինչը հանգեցրել է ջիհադականների հարձակումների թվի ավելացմանը, որոնք կապված են «Ալ Քաիդա»-ի և «Իսլամական պետություն» խմբավորման հետ: Գրոհայիններն արդեն գործել են այդ տարածքում և օգտվել են քաղաքական անկայունությունից՝ գրավելով հողատարածքներ և շրջափակելով քաղաքները:
«Այս տարի ամենամեծ մտահոգությունը անապահովության սպառնալիքն է», – ասում է FAO-ի տարածաշրջանային փորձագետը: Նա հավելել է, որ եթե տուժածներն օգնություն չստանան, «մարդիկ կարող են մահանալ, և իրավիճակը կարող է վատթարանալ»։
Բուրկինա Ֆասոյի, Մալիի և Նիգերի միջսահմանային տարածաշրջանը Արևմտյան Աֆրիկայում հումանիտար ճգնաժամի էպիկենտրոնն է, որը սրվում է կլիմայի փոփոխության հետևանքներով, ուժեղ ջրհեղեղներով և երաշտներով: ՄԱԿ-ը նախատեսում է օգնություն տրամադրել ավելի քան 10 միլիոն մարդու այդ տարածքում:
«Եթե մենք չկարողանանք ավելի շատ օգնություն տրամադրել 2024 թվականին, մարդիկ դրա համար կվճարեն իրենց կյանքով»,- ասել է փորձագետը: