Բաժիններ՝

Այն տերը կվճարի մարդուն, որի համար նա աշխատում է

Աստծուց հեռացած մարդիկ երբեք մխիթարություն չեն զգում ու կրկնակի են տանջվում: Նա, ով չի հավատում Աստծուն ու հավիտենական կյանքին, ոչ միայն սփոփանքից է զրկվում, այլև դատապարտում է իրեն հավիտենական տանջանքի: Այն տերը կվճարի մարդուն, որի համար նա աշխատում է: Եթե սև տիրոջ համար ես աշխատում, ապա նա արդեն այստեղ կսևացնի քո կյանքը:

Եթե դու մեղքին ես ծառայում, ապա սատանան կվճարի քեզ: Եթե առաքինության վրա ես աշխատում, ապա Քրիստոս կվճարի քեզ: Եվ որքան ավելի ես Քրիստոսի համար աշխատում, այնքան լուսավոր և ուրախ ես դառնում: Բայց մենք ասում ենք. «Քրիստոսի համար աշխատե՞լ: Ի՞նչ է, խելքներս թռցրե՞լ ենք»: Ի՜նչ սարսափելի է մարդու համար Քրիստոսի զոհաբերությունը չընդունելը: Քրիստոս խաչելության գնաց, որպեսզի մեր փոխարեն քավի մեր մեղքերը, որպեսզի մարդկային ողջ ցեղը մաքրվի: Ի՞նչ արեց Քրիստոս մեզ համար, և մե՛նք ինչ ենք անում Նրա համար…

Մարդիկ ուզում են մեղք գործել ու բարի Աստված ունենալ: Այնպիսի Աստված, որ մենք շարունակենք մեղք գործել, իսկ Նա ների մեզ: Այսինքն՝ անենք ինչ ուզում ենք, իսկ Նա ների մեզ, անվերջ ների, իսկ մենք շարունակենք մերն առաջ տանել: Մարդիկ հավատ չունեն և այդ պատճառով էլ անհագորեն մեղքի մեջ են նետվում: Ամեն չարիք հենց անհավատությունից էլ սկիզբ է առնում: Մարդիկ չեն հավատում մահվանից հետո գոյություն ունեցող կյանքին և այդ պատճառով էլ ոչնչի հետ հաշվի չեն նստում: Խաբում ու վիրավորում են միմյանց, լքում են իրենց երեխաներին… Այնպիսի բաներ են կատարվում, որ լեզուդ էլ չի պտտվում ասելու: Թեթև մեղքեր չեն: Այնպիսի մեղքեր են, որ նույնիսկ սուրբ հայրերը նման բան չեն նախատեսել Սուրբ Կանոններում: Ինչպես Աստված ասաց Սոդոմի ու Գոմորի մասին. «Չեմ հավատում, մի՞թե իսկապես նման մեղքեր են գործում: Գնամ, տեսնեմ» (Ծննդ. 18:21):

Եթե մարդիկ չապաշխարեն, չվերադառնան Աստծու մոտ, ապա կկորցնեն հավիտենական կյանքը: Մարդն ինքն իրեն պետք է օգնի զգալու կյանքի խորագույն իմաստը: Նա պետք է սթափվի, որպեսզի աստվածային մխիթարություն զգա: Հարցն այն է, որ մարդ հոգևոր առումով աճի, այլ ոչ թե ուղղակի զերծ մնա մեղքերից:

Կարդացեք նաև

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս