Քեֆ անողները. Ոչինչ, որ Արցախը հանձնել են, Հայաստանի դռներն էլ բացել թշնամու առաջ, հազարավոր ընտանիքների դժբախտացրել…
Արցախը հանձնեցին ու հանգիստ նստեցին։ Կարծես ոչինչ էլ չի եղել։ Ուրախ-զվարթ պատրաստվում են ամանորյա տոնակատարություններին, ճոխ գնումներ են անում։ Իրենց ոչնչից չեն ուզում զրկել։
Ոչինչ, որ Արցախը հանձնել են, Հայաստանի դռներն էլ բացել թշնամու առաջ ու ներս թողել, հազարավոր ընտանիքների դժբախտացրել։
Իրենց արկածախնդրության պատճառով տասնյակ-հազարավոր արցախցիների թափառական են դարձրել։ Տուն ու տեղ կորցնելուց հետո, այս մարդիկ մի կերպ ապաստանել են Հայաստանում։ Շատերն ապրելու անգամ տարրական հնարավորություններ չունեն, հազիվ գոյություն են քարշ տալիս, իսկ իշխանությունները քեֆ-ուրախության են պատրաստվում, իրենց ոչնչից չեն ուզում զրկել՝ այս մարդկանց հոգսերը մի քիչ թեթևացնելու համար։
Երևանի քաղաքապետարանը լծվել է Ամանորին պատրաստվելու գործին։ Մի կողմից՝ բողոքում են փողի պակասից, մյուս կողմից՝ հարյուրավոր միլիոններ են ծախսում մայրաքաղաքի ամանորյա զարդարանքների համար։
Արդարացում են գտել, ասում են՝ հանուն երեխաների ենք անում, երեխաները մեղավոր չեն, որ Արցախը հանձնել ենք, հազարավոր մարդկանց կտրել ենք իրենց հող ու ջրից, իրենց տուն ու տեղից, Հայաստանն էլ այս օրի ենք գցել։
Ավելի քան 202 միլիոն դրամ կամ կես միլիոն դոլարից ավելի գումար են տվել՝ Ամանորին Երևանի փոքր կենտրոնին տոնական տեսք տալու համար։ Այդ գումարով ընդամենն անցած տարվա լուսային համակարգերը պետք է հանեն պահեստներից ու վերատեղադրեն Երևանի փողոցներում, նաև շենքերի վրա։
Գնումն էլ, ինչպես շատ դեպքերում, մեկ անձից են արել՝ հրատապ են համարել։
Թե ո՞րն է դրա հրատապությունը, չես հասկանում։ Մեկ տարի առաջ արդեն գիտեին, որ այդպիսի գնում պիտի անեին, ու փոխարենը նախապատրաստեին, մրցույթ հայտարարեին, մրցույթով հաղթողին որոշեին՝ գուցե նաև այլ մասնակիցներ լինեին, նույն գործն ավելի էժան անեին, հնարավոր է՝ գումարներ էլ տնտեսեին։ Բայց չէ, էլի որոշել են, որ մեկ անձից պիտի անեն, ու կրկին գնել են նույն ընկերությունից, ումից գնել էին նախորդ տարի։
Պարզ է, 202 մլն դրամը կամ կես միլիոն դոլարը հենց այնպես ուրիշներին չէին տա։ Տվել են յուրայիններին, որպեսզի Երևանին տոնական տեսք տան։
Երևանին տոնական տեսք տալու համար կրկին սկսել են Հրապարակի շենքերին անցքեր բացել։ Անցած տարվա «հաջող փորձից» հավանաբար ոգևորված են, էլի քանդում են, ծակում են շենքերի պատերը։
Միայն 202 միլիոն կծախսեն Երևանի կենտրոնի ամանորյա տոնական ձևավորման ու լուսավորության անցկացման համար։ Բայց այդ գումարով, բնականաբար, չեն բավարարվի։ Արդեն սկսել են նաև վարչական շրջանների նախապատրաստումը։ Օրերս գրեթե 10 մլն դրամ տրամադրվեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդամենը 3 փողոցների ամանորյա տոնական ձևավորման համար։ Մյուս վարչական շրջանները դեռ սպասում են։
Այնպես որ, Ամանորին ժամանակ կա, ու առաջիկայում տոնական ծախսերը կշարունակեն ավելանալ։
Իմիջիայլոց՝ վերջերս 60 միլիոն էլ տվեցին «Հաղթանակ» կամրջի գեղարվեստական լուսավորության արդիականացման համար։ Ու էլի մեկ անձից էին գնումն արել։ Դա ամանորյա ծախսերի մեջ չէր մտնում, բայց ըստ էության, նույն գծի մեջ էր։
Փողի պակասից են խոսում, վարկերով ավտոբուսներ են գնում, պատրաստվում են մետրոյի կայաններ կառուցել, իսկ եղած գումարները քոռ ու փուչ են անում՝ մարդկանց աչքին թոզ են փչում։
Քաղաքապետարանից հետ չեն մնում նաև վարչական շրջանները։ Արդեն այսօրվանից տարեվերջյան կորպորատիվներին են նախապատրաստվում։ Իրար հերթ չտալով՝ ամանորյա սեղաների համար ճոխ պատվերներ են իջեցնում՝ խոզի խորոված, տապակած ճուտ, ձուկ ու ձկնամթերք, մսեղենի տեսականի, աղցաններ, հազար ու մի նախուտեստներ։ Տասը տարեկանից ցածր կոնյակ էլ որ չլինի սեղաներին, կնեղանան։
Տեղը տեղին պատրաստվում են ամանորյա տոնակատարություններին ու կորպորատիվներին։ Կարծես երկիրը ծաղկեցրել են, բոլոր հարցերը լուծել են, հիմա էլ որոշել են իրենց պարգևատրել ու ամբողջ տարին քափ-քրտինք կտրած աշխատելուց հետո, մի լավ լիցքաթափվել։
Իրենց ճոխ ծախսերով ու տոնական տրամադրություններով՝ Երևանի քաղաքապետարանից ու վարչական շրջաններից հետ չեն մնա նաև մյուս պետական կառույցները, նախարարություններն ու գերատեսչությունները։
Ամանորյա ճոխ ընդունելություններ կկազմակերպեն նախագահն ու վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, ճառեր կասեն քրտնաջան ու անմնացորդ նվիրումով կատարված մեծածավալ աշխատանքների, արձանագրած աշխատանքային հաղթանակների, հաջողությունների ու ձեռքբերումների, աննախադեպ ու համաշխարհային մակարդակի տնտեսական աճերի, իրականացրած բարեփոխումների, քաղաքացիների եկամուտների ավելացումների, աշխատավարձերի բարձրացումների, հասարակության սոցիալական վիճակում կատարված շրջադարձային բարելավումների մասին, իսկ որ միևնույն ժամանակ տասնյակ, եթե ոչ՝ հարյուր-հազարավոր քաղաքացիներ, այդ թվում՝ ինչպես Արցախից, այնպես էլ՝ Հայաստանից, ոչ միայն հնարավորություն, այլև սիրտ չեն ունենա Ամանորի տոնական տրամադրությունների համար, նույնիսկ չեն էլ հիշի։
Իրենց կարող են շռայլություններ թույլ տալ, երբ երկիրը բազմաթիվ հրատապ լուծում պահանջող խնդիրներ ունի՝ սահմանների կահավորումից սկսած, Արցախից տեղահանված 150 հազար փախստականներով, սոցիալական անմխիթար իրավիճակով, խորացող աղքատությամբ վերջացրած։
Բնակչության յուրաքանչյուր չորրորդն աղքատության մեջ է. ընդամենը 2,9 միլիոնից՝ ավելի քան 833 հազարը։ 40 հազարից ավելին էլ ծայրահեղ աղքատ է, նույնիսկ հացի փող չունի։
Իսկ իշխանությունները չեն ուզում իրենց մի քիչ նեղություն տալ, զրկել ճոխություններից։
Այսքան արհավիրքներ, այսքան դժբախտություններ բերելուց հետո գոնե մի քիչ զուսպ գտնվեն։ Դա էլ չեն անում։
Պետության փողերը քամուն են տալիս, ուզածի պես ծախսում են, ինչի վրա ուզում՝ շռայլում են, տարին մեկ աշխատասենյակներն են վերանորոգում, կահույքն են թարմացնում, թանկարժեք մեքենաներ են գնում, ու այդպես շարունակ։ Փոխարենը՝ մի քիչ էլ պետության ու քաղաքացու մասին մտածեն, անհանգստանան։
Երկրին պատուհասած արհավիրքները, մարդկանց դժբախտությունները, լացի ձայներն իրենց քեֆ-ուրախությունների մեջ են խեղդում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ