Փաշինյանն արտահերթ ընտրություններով իրեն ծառայող արտախորհրդարանական ուժերին ԱԺ է տանելու. Նաիրի Սարգսյան

Անհերքելի է՝ Ռուսաստանն ունի իր մեղավորության չափաբաժինն Արցախում կատարվածի համար, բայց անհերքելի է նաև այն, որ ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում կատարվողի գլխավոր պատասխանատուն Հայաստանի այս պահի իշխանությունն է: Իսկ եթե անգամ Ռուսաստանը մեր նկատմամբ իրեն պահել և պահում է ոչ բարեկամական, ապա դրա պատճառը մեր սխալ քաղաքականությունն է։

Անհերքելի է մեկ փաստ ևս՝ Ռուսաստանը չի հեռանալու Հարավային Կովկասից և իր՝ նման քաղաքականությամբ ընդամենը ժամանակ է ձգում ռուս-ուկրաինական պատերազմն ավարտին հասցնելու և մեր տարածաշրջանով զբաղվելու համար։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը՝ ընդգծելով.

«Ադրբեջանն ունի երկու հզոր խորհրդատու՝ Թուրքիա և Իսրայել պետություններ, որոնք Ադրբեջանին խորհուրդ են տալիս, որ Հայաստանից մաքսիմալը պահանջելու ժամանակը հիմա է, որովհետև, եթե Ռուսաստանը վերադարձավ տարածաշրջան, առավելագույնին հասնել հնարավոր չէ, ուստի համաձայն չեմ այն ձևակերպման հետ, թե Ռուսաստանն Ադրբեջանի հետ միասին կիսում է Հայաստանի շահերը»,- ասաց Սարգսյանը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է Սյունիքով միջանցք ստանալու շուրջ հայտարարություններին, Նաիրի Սարգսյանը նշեց, որ այս իշխանությունը սակարկման առարկա էր դարձրել կա՛մ Արցախը, կա՛մ Սյունիքով միջանցքը, բայց իշխանությունն իր վարած քաղաքականությամբ Արցախն ամբողջությամբ Արցախին հանձնելուց հետո չկարողացավ փակել Սյունիքով միջանցքի հարցն առհավետ։

«Ալիևը 2024 թվականի փետրվարին կգնա արտահերթ ընտրությունների։ Դա պատահական չէ. քանի որ Ալիևի վարկանիշը պատմական մաքսիմումի վրա է, և ժամանակն է, որ Ալիևը մի քանի տարով ամրապնդի իր իշխանությունը։ Արտահերթ ընտրությունների գնալու Ալիևի որոշումն ունի նաև թաքնված նպատակ՝ լեգիտիմություն, և գնալ նոր պատերազմի Հայաստանի դեմ։ Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականին ընտրության գնալու համար ևս ունի պատճառներ։ Փաշինյանին պետք է մինչև հատակ իջած վարկանիշով նոր ընտրությունների գնալ և դաշինքներով վերարտադրել իր իշխանությունն ու ապահովել իր ֆիզիկական անվտանգությունը։ Արտահերթ ընտրությունների գնալու պատճառներից մեկն արտախորհրդարանական՝ չակերտավոր ընդդիմությանն ԱԺ տանելն է, որովհետև նրանք սպասարկում են Փաշինյանին։ Մյուս կողմից՝ դա նաև կարող է լինել միջազգային պահանջ, որպեսզի Փաշինյանը ևս մեկ անգամ լեգիտիմություն ստանա և կատարի իրենց տրված խոստումները»,- ասաց Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս