Ի՞նչ կապ ունեն Օ՚Բրայենի այցը և Փաշինյան-Ալիև աշխատակազմերի տարածած հայտարարությունները․ ինչի՞ է ցանկանում հասնել ԱՄՆ-ը իրականում
Երեկ երեկոյան Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերն առաջին անգամ համատեղ հայտարարություն տարածեցին՝ փորձ անելով սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման գործընթաց՝ հայտարարելով, որ Բաքուն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանը` 2 ադրբեջանցի զինծառայողի։
Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ հայտարարության տարածումը համընկավ ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՚Բրայենի Բաքու կատարած այցի հետ, չնայած հարկ է նաև նշել, որ ՀՀ իշխանական պատգամավորները պնդում են՝ երեկվա հայտարարությունն արդյունք է երկկողմ, ուղիղ բանակցությունների, որը տեղի է ունեցել երկու երկրների ղեկավարների աշխատակազմերի միջև։ Հայտարարությունն արդեն հասցրել են գնահատել հակամարտության բանակցությունների գործընթացում ներգրավված բոլոր երկրները՝ ԱՄՆ-ը, ՌԴ-ն, ԵՄ-ն, Թուրքիան։
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին՝ Հարավային Կովկասի ժողովրդի համար ավելի խաղաղ և բարգավաճ ապագայի հիմքեր ստեղծելու համատեղ ջանքերի համար»,- հայտարարել է Պետդեպարտամենտը՝ հավելելով՝ Վաշինգտոնը կշարունակի խստորեն աջակցել տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու ջանքերին։
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը համաձայնել է՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա, և Եվրամիությունը հանձնառու է աջակցելու այդ ջանքերին։ Բորելը ևս ողջունել է Երևանի և Բաքվի համատեղ հայտարարությունը կալանավորների փոխադարձ ազատ արձակման և վստահության ամրապնդման այլ միջոցների մասին՝ այն համարելով «կարևոր քաղաքական քայլ»։
Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը ևս ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների «մեծ առաջընթացը»՝ նշելով, որ նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ X-ում արված գրառմամբ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան ողջունել է հատկապես կալանավորված զինծառայողների ազատ արձակումն ու քաղաքական երկխոսության աննախադեպ բացումը:
«Կողմերի միջև երկխոսության հաստատումն ու խորացումը եղել է ԵՄ գլխավորած բրյուսելյան գործընթացի հիմնական նպատակը. այսօրվա առաջընթացն առանցքային քայլ է»,- նշել է նա՝ հավելելով, որ այժմ խրախուսում է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին՝ շուտափույթ ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի կնքումը։
Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ողջունում են Երևանի և Բաքվի միջև վստահության ամրապնդման քայլեր ձեռնարկելու որոշումը։ «Մենք աջակցում ենք վստահության ամրապնդման լրացուցիչ քայլերի ընդունման շուրջ քննարկումները շարունակելու ջանքերին։ Ցանկանում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը ստորագրվի հնարավորինս շուտ, որը կհանդիսանա Հարավային Կովկասում մշտական խաղաղության և կայունության հաստատման կարևորագույն զարգացումներից մեկը»,- ասված է հայտարարությունում։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ նշել է, որ Մոսկվայում գոհունակությամբ են ընդունել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և Հայաստանի վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարությունը, որը վերահաստատում է երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու փոխադարձ մտադրությունը:
Ըստ նրա, Մոսկվան պատրաստ է այսուհետ ևս ամեն կերպ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանն ու սահմանազատմանը։
Այնուամենայնիվ, զուգահեռաբար, Բաքվում էր Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՚Բրայենը, ով Բաքվում էր ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններում իր իսկ հայտարարությունների պատճառով ծագած լարվածությունը մեղմելու նպատակով և ով դրական և կառուցողական էր որակել Բաքվում տեղի ունեցած հանդիպումները։ X-ի իր էջում նա մասնավորապես գրել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ակնկալում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին՝ խաղաղ բանակցությունների համար։ Օ՚Բրայենը Բաքվում հանդիպումներ է ունեցել Ալիևի, Բայրամովի հետ, նշել, որ տարածաշրջանում կայուն, արժանապատիվ խաղաղության հաստատումը պատմական հնարավորություններ կբացի։
Ավելի վաղ Ալիևը քննադատել էր Օ՚Բրայենին Ղարաբաղի հարցով Կոնգրեսի լսումներում արտահայտած մտքերի համար, հայտարարել, որ Վաշինգտոնյան հարթակն այլևս ընդունելի չէ իր համար Երևանի հետ բանակցություններում: Սակայն փոխպետքարտուղարի ադրբեջանական բանակցությունները կարծես վատ չեն անցել։ Այստեղ պետք է հիշեցնել նաև, որ նախօրեին Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրություններ նշանակվեցին փետրվարի 7-ին։
Իրանցի վերլուծաբան Ալի Սալամին 168.am-ի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանի նկատմամբ ամերիկյան ճնշումների թեման խիստ չափազանցված է։
Ըստ նրա, ԱՄՆ-ը լուրջ ճնշումներ չի բանեցնում Ադրբեջանի նկատմամբ։ «Երբ նման մթնոլորտ է, կա երկկողմ հարաբերություններում լարվածություն և ճնշման մթնոլորտ ինչ-որ բան հակառակորդ երկրից կորզելու նպատակով, տվյալ երկրի ամենաբարձր դիվանագետներից մեկը նման այց չի իրականացնում այն երկիր, ումից ակնկալիքներ կան ինչ-որ զիջումների։
Ըստ իս, սա ոչ այնքան ճնշումների մթնոլորտ է, որքան ինչ-որ բաներ հարթելու, տարաձայնություններ վերացնելուն ուղղված այց էր, որը ծառայեց իր նպատակին։ ԱՄՆ-ի համար Ադրբեջանը կարևոր է իր՝ Իրանի հետ հարևանությամբ, Ռուսաստանի ու Թուրքիայի հետ հարաբերություններով, դեռ ճնշումների քաղաքականություն նկատելի չէ»,- նման կարծիք հայտնեց փորձագետը։
Նրա խոսքով, ՀՀ-Ադրբեջան համատեղ հայտարարությունը՝ ինչպես երկկողմ բանակցությունների, այնպես էլ՝ միջնորդների աշխատանքի արդյունք է և, ամենայն հավանականությամբ, հենց ամերիկյան կողմի։
«Բնականաբար, ԱՄՆ-ը մտահոգ էր, որ որոշ հայտարարությունների պատճառով կորցնում էր միջնորդի դերը։ Ուստի ամերիկացի դիվանագետի այցով փորձ արվեց այդ դերը վերականգնել, նպաստել համատեղ հայտարարությանը, ինչպես նաև պայմանավորվել հանդիպում կազմակերպել կողմերի միջև։ Սակայն, կարծում եմ, Միացյալ Նահանգների համար կենտրոնական մտահոգությունն այն է, որ Ադրբեջանն ու Իրանը սկսել են համագործակցել Ադրբեջան-Նախիջևան երթուղու հարցում, և ԱՄՆ-ը այնուամենայնիվ առաջ է մղում հայաստանյան երթուղու հարցը, թեև դրա ձևաչափին ՀՀ-ն դեմ է։
Հայաստանով այդ ճանապարհի թեման օրակարգ բերելու ամերիկյան միջնորդությունը ձեռնտու է թե Ադրբեջանին, թե ԱՄՆ-ին։ Կարծում եմ՝ այս հումանիտար բնույթի հայտարարության խորքում կան լուրջ թեմաներ, որոնք այսօր քիչ են ուրվագծվում հանրային դիսկուրսում և հայտարարություններում»,- ասաց վերլուծաբանը։
Ըստ նրա, այս ամենի հետ մեկտեղ՝ ուշագրավ է, թե ինչ է կատարվում ռուս-իրանական հարաբերություններում. տեղի ունեցավ ԻԻՀ նախագահ Իբրահիմ Ռաիսիի այցը ՌԴ, որը հերթական անգամ հաստատեց, որ կողմերը պատրաստվում են համաձայնագրով ընդլայնել հարաբերությունները։
Նրա կարծիքով, գլոբալ զարգացումները ՌԴ-ի, Իրանի շուրջ, արևմտյան պլաններով չէ, որ ընթանում են։
«Թեև պատերազմը շարունակվում է, սակայն Արևմուտքի ծրագրերը կարծես փոխվել են, Ուկրաինային աջակցության տեմպերը նվազել են։ Սակայն ավելի երկարաժամկետ վերլուծություններ անելու համար դեռ վաղ է, սպասենք, որպեսզի այս ամենը հաստատվի։ Եթե դա տեղի ունենա, անխուսափելիորեն զարգացումներն անդրադառնալու են նաև Հարավային Կովկասին և այստեղ կարգավորումների ֆորմուլաներին։ Այս դեպքում Իրանի ու ՌԴ-ի դիրքորոշումներն անտեսել չի հաջողվի»,- ասաց նա։