Ո՞ւմ հաշվին ԱՄՆ-ը կվերականգնի Բաքվի վստահությունը
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, պարզաբանելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենի այցը Բաքու, որի մեկնարկը նախանշված է դեկտեմբերի 6-ին, հայտարարել է, որ պաշտոնյան կհանդիպի Ադրբեջանի պաշտոնյաների հետ՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանն աջակցելու օրակարգով։ Շեշտելով, որ Վաշինգտոնը երբեք չի հայտարարել Ադրբեջանի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին՝ Միլլերն ընդգծել է՝ դա կհակասեր Միացյալ Նահանգների շահերին։
«Մենք շարունակում ենք անմիջականորեն համագործակցել՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ՝ Հայաստանի հետ, որպեսզի հստակեցնենք, օրինակ, Ադրբեջանի դեպքում, թե որտեղ կան մտահոգություններ: Մեզ անհանգստացրել են վերջին շրջանում լրագրողներին կալանավորելու միտումները։ Մենք շարունակում ենք կոչ անել նրանց՝ հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ինչի մասին ես խոսել եմ այս ամբիոնից անցյալում»,- հայտարարել է Միլլերը, միևնույն ժամանակ ընդգծելով՝ Վաշինգտոնը նաև շարունակում է համագործակցել Բաքվի հետ՝ կոչ անելով նրանց ձգտել կայուն խաղաղության Երևանի հետ։
«Դա կշարունակի մնալ մեր դիվանագիտական ջանքերի առանցքում»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը։
Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Ադրբեջան կատարած այցի ընթացքում կբարձրաձայնի անկախ լրագրողների դեմ շարունակվող բռնաճնշումների մասին, Միլլերը պատասխանել է, թե չի ցանկանում կանխատեսող մեկնաբանություններ անել։
«Կարծում եմ՝ նա այնտեղ է այս գիշեր, վաղը հանդիպումներ կունենա։ Ես չպետք է կանխատեսեմ մասնավոր դիվանագիտական խոսակցությունները, նախքան դրանց տեղի ունենալը: Բայց ես կասեմ, որ մարդու իրավունքները միշտ սեղանի վրա են Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, երբ մենք ունենք նման տեսակի դիվանագիտական ներգրավվածություններ»,- այցին ընդառաջ ասել է Միլլերը։
Օրերս, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել էր, որ Ադրբեջանի վերաբերյալ ԱՄՆ-ի վերջին հայտարարություններն ու քայլերը լուրջ վնաս են հասցրել ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին։
Ալիևը կողմնակալ էր համարել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի՝ նոյեմբերի 15-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի լսումներում արտահայտած կարծիքները՝ շեշտելով. «դրանք չեն արտացոլում իրականությունը»։
Ընդգծելով, որ ադրբեջանական կողմը հաշվի է առել Բաքվի հետ կապված ԱՄՆ հայտարարությունները՝ երկկողմ հանդիպումները և բարձր մակարդակի շփումները չեղարկելու հարցում՝ Ալիևն ասել է, որ «մեր երկկողմ հարաբերությունները չեն կարող նախկինի պես լինել», և դրան համարժեք պատասխան է տրվել։ Ադրբեջանի նախագահը հիշեցրել է, որ այդ կապակցությամբ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, չեղարկվել են նաև բարձր մակարդակի այցերը։
Ալիևի այս «համարձակ» արձանագրումներից հետո, այնուամենայնիվ, Բլինքենը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը դեկտեմբերին կայցելի Ադրբեջան՝ հարաբերությունները կարգավորելու նպատակով։ Ալիևը համաձայնել է այս առաջարկին, սակայն «մեկ պայմանով», որպեսզի «Վաշինգտոնը վերացնի ադրբեջանցի պաշտոնյաների՝ ԱՄՆ այցելելու անհիմն արգելքը»։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը նշել է, որ «Բլինքենն ընդունել է այդ առաջարկը»։
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ Միացյալ Նահանգները վերջին շրջանում որոշակիորեն հայամետ դիրքորոշում է որդեգրել, անում է հայտարարություններ, քանի որ Հայաստանը քաղաքականապես որոշակիորեն հեռացել է Ռուսաստանից, կողմերի միջև կան խնդիրներ, փոխըմբռնման մեծ պակաս։
Ըստ նրա, Արևմուտքը, բնականաբար, ինչ-որ կերպ պետք է ցույց տա, որ Հայաստանի համար այդ քաղաքականությունն իմաստավորված է, այն տալու է Հայաստանին դիվիդենտներ։
«Թե իրականում ի՞նչ է տալու՝ խիստ կասկածելի է, քանի որ, հայտարարություններից բացի, Միացյալ Նահանգներից այլ լուրջ քայլեր նկատելի չեն։ Իսկ Արևմուտքից միայն Ֆրանսիան է, որը փորձում է ինչ-որ բան անել, սպառազինություն է մատակարարում՝ ցույց տալով, որ ՀՀ անվտանգության մասին ևս հոգում են։ Սակայն դա ևս խիստ թերի ու կիսատ իրավիճակ է և ոչ իրական դաշնակցություն մի երկրի, որն ունի անվտանգային և քաղաքական լուրջ խնդիրներ։ ԱՄՆ փոխպետքարտուղարի այցը Բաքու լավագույնս ցույց է տալիս, թե Բաքվի նկատմամբ մի փոքր սուր հայտարարություններն ինչ ազդեցություն են ունենում, և Արևմուտքն ինչպես է ջանում դրանք շտկել։ Իսկ դա այդպես է, քանի որ աշխարհաքաղաքական այս իրավիճակում Ադրբեջանի գինը, որպես հարավկովկասյան երկիր, որն ինքնին այս աշխարհաքաղաքական մրցակցության բաժին է դարձել, բարձր է, և Ադրբեջանի որոշումից կարող է կախված լինել Արևմուտքի ջանքերի արդյունավետությունը Հարավային Կովկասում։ Ուստի մի շարք սուր հայտարարություններից հետո տեսանք, որ թե Օ’Բրայենի շեշտադրումները փոխվեցին իր հաջորդ հայտարարություններում, թե Բլինքենը նախաձեռնեց հեռախոսազրույց և կազմակերպեց արդեն փոխպետքարտուղարի այցը Բաքու, որը պետք է շտկի ստեղծված իրավիճակը»,- ասաց Լուկիանովը։
Ըստ նրա, ԱՄՆ-ի համար Օ’Բրայենի այցը լավ հնարավորություն է գոնե նախարարների մակարդակով հանդիպում նախաձեռնել Վաշինգտոնում։
«Կարծում եմ՝ Բաքվում նման հանդիպում կազմակերպելու հետ կապված հարցեր կքննարկվեն։ Միացյալ Նահանգները կփորձի այս այցով վերացնել բոլոր այն խնդիրները, որոնք կարող են Բաքվին ետ պահել Արևմուտքում բանակցելուց։ ԱՄՆ-ը կվերացնի այդ պատճառները և անմիջապես իր առաջարկով հանդես կգա, կփորձի արագացնել գործընթացները և ռեգիոնը տեղափոխել իր ազդեցության գոտի։ Ադրբեջանում հասկանում են, որ որոշակի խաղադրույքներ կատարվում են Հայաստանի վրա, ու ներկայիս դիվանագիտական փորձերը ՄԱՆ-ի կողմից նպատակ ունեն գրավել Ադրբեջանին այդ նպատակի համար, իսկ Ադրբեջանը չի շտապելու Միացյալ Նահանգների հարցում»,- ասաց Լուկիանովը։
Նրա խոսքով, փոխպետքարտուղարի այցից պետք է սպասել հարաբերությունների բարելավում և բանակցությունների մասին նոր պայմանավորվածություն։
«Կարծում եմ՝ սրանք են նրա այցի նպատակները։ Սակայն վստահ չեմ արդյունքի հարցում»,- ասաց նա։
Իր հերթին՝ եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախն ասաց, որ ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններում վերջին աղմուկը պարզապես հնարավորություն է Պետքարտուղարության համար Ադրբեջանի կողմից Արևմուտքի բոլոր նախաձեռնությունների մերժման հարցը լուծելու համար։
Ըստ նրա, ի վերջո այդ մերժումները սկսեցին ավելի վաղ, քան Օ’Բրայենի հայտարարություններն էին, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, պակասեցրին վստահությունը երկկողմ հարաբերություններում։ «Սեպտեմբերից սկսած կան խնդիրներ, Ադրբեջանը որոշում ուներ չբանակցել Արևմուտքում, այլ բանակցել Երևանի հետ կամ ուղիղ, կամ ռեգիոնալ որևէ հարթակում։ Այս մասով կա նաև Բաքու-Մոսկվա փոխըմբռնում»,- նկատեց նա։
Վերլուծաբանի խոսքով, պետք է նաև ակնկալել, որ ԱՄՆ-ը ինչ-որ առաջարկով կկարողանա գրավել Ադրբեջանին դեպի Վաշինգտոն կամ Բրյուսել։
«Թե ինչ առաջարկ կլինի դա՝ բարդ է ասել։ Սակայն կարծում եմ, որ այս այցը զուտ դիվանագիտական հայտարարություններ անելու համար չէ, այլ տեղում հստակ հարցեր քննարկելու և համաձայնությունների գալու համար։ Չենք կարող ասել, թե ինչ առաջարկ է դա, ուստի չենք կարող նաև ասել, թե այն ինչ ազդեցություն կունենա բանակցությունների բովանդակության վրա»,- ասաց նա։