ՌԴ-ի ԱԳՆ-ից ոչ մի ծպտուն չենք լսել, երբ Ադրբեջանը մեր տարածաշրջանում ինչ ուզում, անում էր. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը կարծում է, որ վճարումների դիմաց Ռուսաստանի կողմից Հայաստանին դեռևս սպառազինություն չմատակարարելու խնդիրը հնարավոր է լուծել գործընկերային մթնոլորտում։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը շանս ունի՝ ցույց տալու, որ շարունակում է հավատարիմ մնալ իր հայտարարած սկզբունքներին ու ստորագրած փաստաթղթերին:

Այս մասին նա հայտարարել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ վճարված գումարի դիմաց ՌԴ-ի կողմից զենքը չմատակարարելու հարցը լուծվի գործընկերային հարաբերությունների միջոցով:

Սիմոնյանի կարծիքով՝ դա հնարավոր է․ «Եվ ռուսական կողմը շանս ունի՝ ցույց տալու, որ, այնուամենայնիվ, ինքը շարունակում է հավատարիմ մնալ իր հայտարարած սկզբունքներին և ստորագրած փաստաթղթերին: Եթե պարտավորությունները չեն կատարվում, իսկ դա փաստ է, որ չեն կատարվում, Հայաստանը միանշանակ պետք է պաշտպանի իր շահերը»,-ասաց նա:

«Բայց դա ոչ մի ձև չի ազդելու ՀՀ որոշման վրա՝ ապահովելու ՀՀ անվտանգությունը։ Եթե պարտավորությունները չեն կատարվում, Հայաստանը պետք է պաշտպանի իր շահերը։ Ռուսաստանից միայն Հայաստանի ուղղությամբ է հոխորտանք հնչում։

Եթե նայենք նոյեմբերի 9-ից այս կողմ, ադրբեջանական կողմը բազմիցս շատ վատ է իրեն դրսևորել որպես ՌԴ դաշնակից՝ սկսած ռուս զինվորներ սպանելով մինչև պայմանավորվածություններ խախտել։ Ադրբեջանն ինչ ուզել է, մեր տարածաշրջանում արել է, Ռուսաստանը կամ չի կարողացել, կամ չի արձագանքել։

Ռուսական կողմը մեծ աղմուկ բարձրացրեց, որ Հայաստանը հումանիտար օգնություն ուղարկեց Ուկրաինա, երբ Ադրբեջանը բազմիցս օգնություն է ուղարկել, բայց ոչ մի ծպտուն Ռուսաստանի «արդարացի» ԱԳՆ-ից չլսեցինք»,- նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս