Տեսանք՝ ինչի հանգեցրին Պրահայի և Բրյուսելի հանդիպումները, սակայն Արևմուտքը կարող է հերթական անակնկալի առջև կանգնեցնել Երևանին․ Զախարովա
«Ինչ-որ մեկը հիշո՞ւմ է այն, ինչ տեղի ունեցավ Բրյուսելում և Պրահայում, երբ նորից ուզում է վստահել արևմտյան խորհրդականներին»,- այս մասին այսօրվա ճեպազրույցում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Արևմուտքի դերակատարությանը ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում։
Մարիա Զախարովան հիշեցրեց, որ Ռուսաստանը հրավերներ է ուղարկել Երևանին ու Բաքվին Մոսկվայում և երրորդ երկրներում բազմակողմ միջոցառումների շրջանակում հանդիպման համար։
Ըստ նրա, Բաքուն մշտապես հաստատում է բանակցություններ վարելու պատրաստակամությունը, սակայն նույնը հնարավոր չէ ասել ՌԴ հայ գործընկերների մասին։
«Հավանաբար նրանք համարում են, որ Վաշինգտոնից, Բրյուսելից և Փարիզից իրենց նոր խորհրդականները կկարողանան ավելի հետաքրքիր, ավելի լավ և ավելի արդյունավետ բան առաջարկել։ Չգիտեմ, ես կարծում եմ, որ միշտ պետք է դիտարկենք նախորդ փորձը և ձեր հարևանների փորձը, դա մշտապես օգտակար է: Բոլորս տեսանք, թե ինչի հանգեցրին ԵՄ-ում, այդ թվում՝ Պրահայում և Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումները։ Երևի հայ ժողովուրդն ամբողջությամբ տեղյակ չէ, որովհետև ամեն ինչի մասին չէ, որ տեղեկացնում են…
Հարկ է կարդալ տարբեր աղբյուրներ և տեսնել, թե ինչպես ամեն բան անցավ Պրահայում և Բրյուսելում։ Որպեսզի իրավիճակը չկրկնվի, որովհետև հիմա լավագույն գործընկերների քողի տակ Հայաստանին խորհուրդ կտան ինչ-որ բան, որը հետո կհանգեցնի հերթական անակնկալի…
Կրկնում եմ, հենց նման բան տեղի ունեցավ Պրահայում և Բրյուսելում։ Արևմուտքի հրահրմամբ համապատասխան փաստաթղթերում ղարաբաղցի հայերի իրավունքների և անվտանգության հարցերը ոչ մի բառով չնշվեց։
Ինչ-որ մեկը դա հիշո՞ւմ է հիմա, երբ նորից ուզում է վստահել արևմտյան խորհրդականներին: Բայց եթե այս կետերը շարադրվեին, իսկ դա չափազանց հեշտ էր անելը, ապա այժմ հարցեր չէին առաջանա, թե ինչ անել այն մարդկանց համար, որոնք լքել են իրենց տները՝ հույսեր կապելով Երևանի իշխանությունների հետ, որոնք իրենց շատ բան են խոստացել՝ դարձյալ արևմտյանների առաջարկով։ Որքան և դեռ որտեղ պետք է Արևմուտքն իրեն դրսևորի, որպեսզի պարզ դառնա, որ նրանք երբեք չեն գործելու ժողովուրդների շահերից ելնելով»,- ասաց նա։