ՀՀ-ին փոխանցվող արևմտյան տարբեր երկրների արտադրության ռազմական տեխնիկայի «сольянка»-ն երբեք որևէ երկրի պաշտպանունակությունը չի բարձրացրել․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցում մեկնաբանել է այլ երկրների հետ Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը` նշելով, որ «աջափսանդալ» տեխնիկան չի նպաստում մարտունակության բարձրացմանը։
Մեկնաբանելով ՀՀ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանի հայտարարությունները, թե Հայաստանը Ռուսաստանին դատի չի տա զենք չմատակարարելու պատճառով, Զախարովան ասել է. «Մենք կարող ենք միայն ողջունել դա։ Ինչպես հասկանում ենք, ՌԴ ՊՆ-ն էլ նմանատիպ տրամադրվածություն ունի»։
Մեկնաբանելով այլ երկրների հետ Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը` Զախարովան նշել է` ցանկալի չէր լինի, որ հայ ժողովրդին մոլորության մեջ գցեին, այսպես կոչված, արևմտյան բարեկամները։
Նրա կարծիքով` Ֆրանսիայի մատակարարած «Բաստիոն» զրահամեքենաները ոչնչացման ենթակա տեխնիկա են, ինչն ակնհայտ է նույնիսկ այն իրավիճակից դատելով, որը ստեղծվել է ռազմական հատուկ գործողությունների համատեքստում։
«Եթե ԶԼՄ-ներից շատերը, որոնք, ցավոք, կապ ունեն ՀՀ ներկայիս իշխանությունների հետ, այդ տեղեկությունը աղճատված չներկայացնեին և հակալրագրողական գործունեությամբ չզբաղվեին, այլ սեփական երկրի ժողովրդին հնարավորություն տային ծանոթանալու մեջբերումներին և ուղիղ խոսքերին, հավանաբար հասկանալի ավելի գուցե լիներ, որ Արևմուտքը հերթական անգամ կեղծ սարքեր է հրամցնում հայ ժողովրդին»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով` ակնհայտ է, որ տարբեր երկրների արտադրության «աջափսանդալ» տեխնիկան երբեք չի նպաստում մարտունակության բարձրացմանը։