Բաժիններ՝

Ֆրասահայ հայտնի տենոր Ռուբեն Էլբակյանը պարգևատրվել է ոսկե մեդալով

Դեկտեմբերի 1-ին ֆրանսահայ հայտնի տենոր Ռուբեն Էլբակյանը պարգևատրվել է նոր ոսկե մեդալով՝ իր բարեգործական գործունեության համար։ Ոսկե մեդալը մեր հայրենակիցը ստացել է ֆրանսիական հեղինակավոր հաստատության՝ «LA LIGUE UNIVERSELLE DU BIEN PUBLIC»-ի կողմից, որը հիմնադրվել է 7 դար առաջ՝ 1946 թվականին։ Այս մրցանակով պարգևատրում են համաշխարհային մասշտաբով հանրային եզակի մարդկանց և անհատականությունների:

Նրանց թվում են այնպիսի մեծ անուններ, ինչպիսիք են Չերչիլը, Ֆրանկլին Ռուզվելտը, Ջոն Ֆիցջերալդ Քենեդին, Լուի Արմսթրոնգը, Աբե Պիեռը, պրոֆեսոր Քրիստիան Քաբրոլը և այլք։

Սա Ռուբեն Էլբակյանին շնորհված երկրորդ ոսկե մեդալն է իր բարեգործական մենահամերգների համար, առաջինը նրան շնորհվել է 2021 թվականին Ֆրանսիայի Սենատում «Grand Prix Humanitaire de France»-ի կողմից։

Կարդացեք նաև

Նա նաև 2011 թվականին Մոնակոյում Նապոլեոնի համաշխարհային համայնքի կողմից նապոլեոնյան հիշողության զինվորական շքանշանի ասպետ է ճանաչվել և հեղինակավոր Journal LUXURY ամսագրի կողմից դասվել աշխարհի 57 հայտնի հայերի շարքում՝ Շառլ Ազնավուրի, Անրի Վեռնոյի, Միշել Լեգրանի կողքին:
Ռուբեն Էլբակյանը, որին միջազգային մամուլը մկրտել է «Ոսկե ձայն», «Օրհնյալ ձայն» անունով, հայտնի է նաև իր բազմաթիվ բարեգործական համերգներով, որոնցից ամենաուշագրավներն են Հայաստանի ազգային օպերայում «Վլադիմիր Սպիվակով» հիմնադրամի օգտին տրված մենահամերգը, Փարիզի ԼԱ ՏՐԻՆԻՏԵ եկեղեցում՝ ի շահ Աբբե Պիեռ հիմնադրամի, AVE MARIA մենահամերգը ԼԱ ՄԱԴԵԼԵՆ հայտնի եկեղեցում՝ Ֆրանսիայի ամենամեծ «Secours Catholique» հիմնադրամի օգտին։

Մրցանակը ստանալուց հետո իր շնորհակալական խոսքում Ռուբեն Էլբակյանն անվանակոչվածների և հյուրերի ուշադրությունը հրավիրել է հայրենիքի՝ Հայաստանի ներկա իրականության վրա և  ցանկություն հայտնել բարեգործական համերգով ելույթ ունենալ Երևանում, նաև Արցախից բռնի տեղահանված բնակչության օգտին: Այս նույն ցանկությունը Ռուբեն Էլբակյանը հայտնել է հայկական բոլոր հեռուստատեսային եթերներում 2023-ի հուլիս ամսին հայրենիքում գտնվելու ժամանակ։

Ռուբեն Էլբակյանը բազմիցս հրավիրվել է Մարսելեզի և Հայաստանի օրհներգը կատարելու Փարիզի Հաղթական կամարի ներքո։

Նրա «ԿՈՄԻՏԱՍ» ալբոմը 3 ամիս անընդմեջ արժանացել է հանրահայտ LA FNAC-ի «Coup de Cœur» մրցանակին։

Ռուբեն Էլբակյանը 20 տարի շարունակ իր սաներին է փոխանցում իր երգարվեստը հայտնի Neuilly-sur-Seine փարիզյան արվարձանի կոնսերվատորիայում հետևյալ կարգախոսով՝ «Նոտաներն արտաբերելը մեկ բան է, երգելը՝ մեկ այլ բան»։

Պարգևատրման արարողությունը եզրափակվել է Ռուբեն Էլբակյանի կատարած հաղթական ՄԱՐՍԵԼԵԶՈՎ։


 

Տեսանյութեր

Լրահոս