ՀԱՊԿ երկրները պարտավորվել են բոլոր տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ զերծ մնալու ուժի կիրառումից և մտադիր են իրենց և այլ պետությունների միջև բոլոր տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով։ Այս մասին ասված է ՀԱՊԿ խորհրդի հռչակագրում, որը հրապարակվել է կազմակերպության կայքում։
«Վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ զերծ մնալու միջպետական հարաբերություններում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից և խաղաղ ճանապարհով լուծելու մեր և այլ պետությունների միջև բոլոր տարաձայնությունները», – ասվում է տեքստում։
Փաստաթուղթը նաև ընդգծում է «անհատական և հավաքական ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»։ Բացի այդ, նշվում է, որ ՀԱՊԿ երկրները մտադիր են «շարունակել համատեղ գործունեությունն՝ ուղղված անվտանգության պահպանմանը և կազմակերպության պատասխանատվության գոտում ապակայունացնող ազդեցությունների կանխմանը»:
«Ընդգծում ենք դրա (խմբ․՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու) պարագծի երկայնքով ՀԱՊԿ հավաքական անվտանգության համար սպառնալիքներ ստեղծող սպառազինության համակարգերի տեղակայման անընդունելիությունը», – ասվում է հռչակագրում։
Բացի այդ, նշվում է, որ ՀԱՊԿ-ը չի ընդունում միակողմանի հարկադրանքի միջոցները, որոնք կիրառվում են ՄԱԿ-ի կանոնադրության խախտմամբ՝ որպես միջազգային հարաբերություններում քաղաքական, տնտեսական և ֆինանսական ճնշման գործիքներ։
«Մենք չենք ընդունում ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մոտ սադրիչ գործողությունները, որոնք կարող են հանգեցնել վտանգավոր միջադեպերի և ռազմաքաղաքական լարվածության աճի: Մենք խորը մտահոգություն ենք հայտնում զինված հակամարտության գոտիներ օտարերկրյա ահաբեկիչ-զինյալների տեղաշարժի առնչությամբ»,- ասվում է տեքստում։
ՀԱՊԿ խորհրդի հռչակագրում նշվում է, որ կազմակերպության անդամները վճռական են հավաքական անվտանգության համակարգի հետագա ամրապնդման ջանքերն ընդլայնելու հարցում։