Հայկական PsyGuard ստարտափը՝ հոգեբաններին և այցելուներին միմյանց կապող արդիական հարթակ
Հայկական PsyGuard ստարտափը, որը հոգեբաններին հնարավորություն է տալիս աշխատել իրենց այցելուների հետ ցանկացած ժամանակ և ցանկացած վայրից՝ օգտագործելով պարզ, հուսալի և անվտանգ գործիքակազմ, այցելուների համար էլ հոգեկան առողջության մասնագետների վստահելի բազա է, որտեղ նրանք հնարավորություն են ունենում փնտրել և գտնել իրենց կարիքներին համապատասխան մասնագետի։ Ստարտափը նպատակ ունի արդիականացնել առցանց հոգեբանական ծառայությունների գործիքակազմը, հոգեբանական ծառայությունները դարձնել հասանելի և ստեղծել ազատ մրցակցային միջավայր մասնագետների համար:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ստարտափի հիմնադիրներ Արման Բեգոյանը և Անահիտ Նազարյանը նշեցին՝ հարթակը միաժամանակ և՛ այցելուներին, և՛ մասնագետներին ոլորտում մի շարք առավելություններ է առաջարկում:
«PsyGuard հարթակի օգտատեր հոգեկան առողջության մասնագետները կարող են ներկայանալ իրենց անձնական օգտահաշիվներով, ընդունել առցանց ամրագրումներ, իրականացնել սեսիաներ տեսազանգի, զանգի և հաղորդագրության միջոցով, ստանալ արագ և հեշտ վճարումներ։ Օգտատեր այցելուները կարող են մասնակցել առցանց սեսիաների՝ իրենց նախընտրած մասնագետի մոտ նախապես համաձայնեցված ժամին»,- ներկայացրեց Բեգոյանը:
Անահիտ Նազարյանի խոսքով՝ Հայաստանում շատ հաճախ մարդիկ ամաչում են նույնիսկ հարցուփորձ անել իրենց հարմար հոգեբանի գտնելու համար: Հարթակը, նրա համոզմամբ, մասնագետներին հասանելի է դարձնում:
«Այստեղ հնարավոր է գտնել մասնագետների օգտահաշիվները, ծանոթանալ նրանց, տեսնել նրանց սոցիալական էջերը, ընտրություն կատարել: Հարթակում հասանելի են նաև ֆիլտրեր, որով հնարավոր է արագ գտնել համապատասխան սեռի, մասնագիտացման, նախընտրած լեզուն կրող մասնագետների»,- ասաց Նազարյանը:
Հիմնադիրները նշեցին, որ հարթակում օգտահաշիվներ ստեղծելիս՝ մասնագետները պետք է համապատասխանեն որոշակի պահանջների։ Այս պահին ունեն ավելի քան 30 հաստատված մասնագետ, որոնք արդեն կարող են իրենց գործունեությամբ զբաղվել հարթակում:
«Մասնագետների գրանցման համար ունենք որոշակի պահանջներ՝ կրթություն, էթիկայի պահանջներ և այլն: Մասնագետը գրանցվելիս պետք է ներբեռնի այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Հայաստանում հոգեբան լինելու համար: Ուսումնասիրում ենք նաև տվյալ մասնագետի սոցիալական կայքերը. հակագիտական թեզերի և նմանատիպ նյութերի տարածումը նույնպես կարող է մերժելու հիմք դառնալ»,- մանրամասնեց Բեգոյանը:
Համահիմնադիրները նշեցին՝ օգտատեր այցելուների տվյալները հարթակում չեն պահպանվում, ֆիքսվում են միայն այցելուի հեռախոսահամարը և բանկային տվյալները փոխանցումն իրականացնելու համար, որն առաջիկայում գաղտնի դարձնելու պլաններ ունեն: Այցելուները հնարավորություն են ունենում գրանցվել նաև կեղծանուններով: Չեն պահպանվում նաև վիդեո, աուդիո և տեքստային թերապիաների պատմությունները: Այցելուի անձնական տվյալները ընկերության կողից չեն տրամադրվում երրորդ անձանց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերը:
Հիմնադիրները տեղեկացրին, որ հարթակը մասնագետների համար ևս մի շարք առավելություններ ունի: Այն հնարավորություն է տալիս սկսնակ մասնագետներին փորձ կուտակել, գործունեություն ծավալել ցանկացած վայրից և, ի վերջո, մատուցել առցանց ծառայություններ մեկ հարթակում:
«Ստարտափի գաղափարը ծնվել է դեռևս 2015 թվականին: Ես դեռ 2008-ից գործունեություն եմ ծավալում, և հաճախ առցանց ծառայություններ մատուցելու անհրաժեշտություն է եղել: Տարբեր այցելուներ նախընտրում էին տարբեր հարթակներով կապի մեջ լինել, իսկ դա մասնագետի համար բարդ է։ Վճարումներ կատարելը մեկ այլ մեծ խնդիր էր: Այդպիսով՝ ստեղծվեց հարթակի գաղափարը»,- ներկայացրեց Բեգոյանը:
Բեգոյանը նշեց՝ հոգեբանական ծառայություններն ընդունված է իրականացնել դեմ առ դեմ հանդիպումներով՝ մասնագետի աշխատավայրում։ Սակայն դեռևս 2008-2009 թվականներից սկսած՝ կապի և տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց մասնագետների կողմից սեսիաները սկսեցին իրականացվել առցանց աուդիո-վիդեո կապով՝ Skype, Viber, WhatsApp, Messenger ու այլ հավելվածների միջոցով և առավել արդիական դարձան COVID-19 համաճարակի պայմաններում։ Առաջին դրամաշնորհը ստացել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Գաղափարից բիզնես» ծրագրի շրջանակներում: 2021-ին սկսել են ծրագրավորման աշխատանքները, իսկ ստարտափը շուկա է դուրս եկել 2023 թվականի օգոստոսին:
«Այս պահին հիմնական թիմում 4-ն են: Ներդրումներ ներգրավել պատրաստվում ենք հաջորդ տարի: Առաջիկայում հարթակն ուզում ենք հասանելի դարձնել նաև հավելվածի տեսքով Android և IOS համակարգերի համար: Պլաններ կան հարթակը հասանելի դարձնել նաև միջազգային շուկայում, ներդնել նաև AI համակարգ, որը կիրականացնի ախտորոշման խնդիրը՝ խնայելով մասնագետի ժամանակն ու այցելուի ֆինանսական ռեսուրսները»,- ասաց Նազարյանը:
Բեգոյանը նշեց՝ ընդհանուր առմամբ PsyGuard-ի ստեղծումը նպատակ ունի արդիականացնել առցանց հոգեբանական ծառայությունների գործիքակազմը, հոգեբանական ծառայությունները դարձնել հասանելի և ստեղծել ազատ մրցակցային միջավայր մասնագետների համար։
Նազարյանն էլ ընդգծեց՝ տեսլականն է ստեղծել հոգեբանական առողջության հետ կապված մշակույթ՝ ազատ լինելով ցանկացած տաբուներից ու կարծրատիպերից, ոլորտում ունենալ միջազգային նորմերին համապատասխան որակ:
Հարթակը անվճար հասանելի կլինի նաև հասարակական այն կազմակերպություններին, որոնք անվճար հոգեբանական ծառայություններ են տրամադրում խոցելի խմբերին՝ պատերազմից տուժած անձանց, երեխաներին, կանանց, հաշմանդամներին և այլոց։
Կարինե Տերտերյան