«Ո՛չ ասում են՝ խնդիր կա, ո՛չ էլ փոխանցում են այդ գումարները». 8 հոգուց կազմված արցախցի ընտանիքն օրվա հացի խնդիր ունի

Հայաստան տեղափոխված բազմաթիվ արցախահայ ընտանիքներ այսօր էլ կանգնած են օրվա սնունդը հայթայթելու խնդրի առջև: Ըստ արցախահայ մեր զրուցակիցների՝ նրանց մի մասը դեռևս շարունակում է քնել մեքենաներում, մանկապարտեզների ու մարզադահլիճների շենքերում: Իսկ վարձակալությամբ բնակարան գտածների մի մասն ապրում է անմարդկային պայմաններում՝ չկարողանալով հոգալ անգամ օրվա ապրուստը: Արցախցիների այս բոլոր խնդիրներին գումարվում է նաև վերջին շրջանում ակտուալ դարձած ու գրեթե բոլոր արցախցի ընտանիքներին առնչվող ֆինանսական աջակցություն չստանալու խնդիրը:

Ադրբեջանական ցեղասպանական գործողությունների հետևանքով Արցախից բռնի տեղահանված Գոհար Հայիրյանի ընտանիքը Ստեփանակերտից բռնի տեղահանվել է սեպտեմբերի 26-ին: Հիմա էլ վարձով ապրում են ՀՀ Արագածոտնի մարզի Շենավան գյուղում:

168.am-ի հետ զրույցում արցախցի մեր հայրենակիցը հայտնեց, որ 8 հոգուց կազմված իրենց ընտանիքի անդամներից միայն 6-ն են ստացել կառավարության խոստացած 100.000-ական դրամները: Երկու որդիներին մինչև այսօր որևէ օգնություն չի փոխանցվել:

«Մեզ ասել են, որ պետք է 100.000 դրամները ստանանք, հետո նոր կարողանանք օնլայն ձևակերպել այդ 50.000-ական դրամները: Հիմա ո՛չ այդ գումարն են տալիս, ո՛չ էլ մյուսը: Մնացել ենք անորոշ իրավիճակում: Առանց այն էլ որևէ բան չենք կարողացել բերել մեզ հետ Արցախից: Այս տանն էլ որևէ բան չի եղել: Ստացած գումարի մի մասը պահել ենք տան վարձավճարի համար, մյուս հատվածով ամենաանհրաժեշտ պարագաներն ենք ձեռք բերել, որ կարողանանք գոնե ապրուստն ապահովել»,- ասաց Գոհար Հայիրյանը՝ հավելելով, որ ամուսինն էլ դեռևս չի կարողանում աշխատանք գտնել:

Կարդացեք նաև

Բազմանդամ ընտանիքի մոր խոսքով՝ որոշ ժամանակ անց կանգնելու են օրվա հացը վաստակելու խնդրի առջև:

Ձմեռն արդեն սկսվել է, իսկ Հայիրյանի ընտանիքն ապրում է չջեռուցվող տանը: Ընտանիքում 4 անչափահաս երեխա կա: Գոհար Հայիրյանն ասում է՝ իրենց գազի վառարան է անհրաժեշտ, որ երեխաները չմրսեն: Երեխաներն էլ դպրոց են գնում: Նորմալ հագուստ ու կոշիկ չունեն:

«Ձմեռ է, էրեխեքս ոտաբոբիկ են: Տանը վերմակներով են նստում, որ չմրսեն: Մտածում էինք՝ գումարները ստանայինք, գոնե մի քանի հագուստ գնեինք: Շատ վատ վիճակ է: Հիմա տան համար 100.000 դրամ վարձ ենք վճարում: Մենք այդ գումարով կոմունալնե՞րը վճարենք, թե՞ սնունդ ու հագուստ առնենք: Շվարել-մնացել ենք»,- ցավով ասաց 6 երեխաների մայրը՝ հավելելով, որ նախարարությունից իրենց ամեն շաբաթ հայտնում են, որ գումարները շուտով փոխանցվելու են, սակայն այն իրենց այդպես էլ չի հասնում:

Բացի 100.000-ականներից, ընտանիքի մեծ մասը սպասում է նաև 50.000-ական դրամներին:

Գոհարի խոսքով՝ միայն ամուսինն է ստացել հոկտեմբեր ամսվա գումարը: Ծախսել են սնունդ ձեռք բերելու համար:

«Ասում են՝ մշակման փուլում է: Ո՛չ ասում են՝ խնդիր կա, ո՛չ էլ փոխանցում են մեր գումարները: Մենք այս շրջանում այդ գումարի հույսին ենք: Այլ ապրուստ դեռևս չունենք, մանավանդ այս սեզոնին: Դեռ գարնանը գուցե հնարավոր լինի որևէ աշխատանք գտնել: Պետք է, չէ՞, գոնե մի ձևով գոյատևել մինչև գարուն»,- վրդովված ասաց Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին, ադրբեջանական իշխանությունների նախահարձակ ռազմական լայնածավալ գործողությունների ու ցեղասպանական քաղաքականության հետևանքով՝ Արցախից Հայաստան է  բռնի տեղահանվել, ըստ պաշտոնական տվյալների, 100.417 մեր հայրենակից:

Նրանցից ավելի քան 4000-ն արդեն իսկ լքել է Հայաստանը: Իսկ բազմաթիվ ընտանիքներ մինչև այժմ շարունակում են բնակվել մեքենաներում, մարզադահլիճներում և մանկապարտեզների շենքերում: Նրանց մի մասը բնակվում է տարրական կենցաղային պայմանների բացակայությամբ՝ կանգնելով օրվա հացը վաստակելու խնդրի առաջ:

Մեծ է նաև այնպիսի ընտանիքների թիվը, որոնք զրկվել են իրենց հասանելիք օգնությունից:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս