Հացի խնդիր ա լինելու, մեր դաշտերում «Do you speak English» վիճակ ա, սրանք ժուլիկ, չարչի են. ի՞նչ ունեք ծախելու՝ տվեք Փաշինյանին, շուտ կծախի. շիրակցի ֆերմեր
Շիրակցի ֆերմեր Տիգրան Ավագյանի խոսքով՝ ՀՀ օրվա իշխանությունների շնորհիվ այսօր գյուղացին մնացել է միայնակ իր խնդիրների հետ։ Գյուղատնտեսության համար տարին ոչ բարենպաստ է համարում, շեշտելով՝ միակ լավ բանն այս տարի պարարտանյութի աննշան էժանացումն էր՝ պայմանավորված նրանով, որ այս տարի դաշտերը քիչ հատված էինմշակված, նաև ռուբլու կուրսի ցածր լինելն է նպաստել դրան։
«Պարարտանյութի գնողականությունն ընկել էր, մարդիկ չէին առնում, դրա համար էլ պարտանյութի գինը ստիպված էժանացրեցին։ Մեր մարզի համար ասեմ, որ այս տարի Ջաջուռի վերևի հատվածում գտնվող տարածքներում ցրտահարություն է եղել՝ վնաս է հասցվել գյուղացուն, բայց այս իշխանությունը գոյություն չունի, համայնքապետարանն էլ՝ հետը, որպեսզի այդ ամենն արձանագրի։ Պետության պաշտոններին նստած է նիկոլիզմը։ Այս համատեքստում ասեմ, որ, օրինակ, Ախուրյան համայնքում մարդիկ ներկայիս համայնքապետին չեն ընտրել, ձայների մեծ մասը տարել էր ընդդիմության ներկայացուցիչը, սակայն հանելուկային կերպով իշխանության եկավ ՔՊ-ն։
Տեսեք՝ ցրտահարություն է լինում, կարկուտ է գալիս, դա պետք է արձանագրեն, բայց ՔՊ-ականները որևէ բան չեն արձանագրել. եթե արձանագրել են՝ թող բերեն ցույց տան։ Դրանց կաբինետները գնում՝ բացատրում ես, տղավարի բացատրում ես, մոտդ ասում են՝ հա-հա մի բան կանենք, բայց արդյունքը չկա։ Ինչպե՞ս ասեմ, այստեղ նույնիսկ շոր հագնելու համար սրանց պետք է զանգի իրենց «քաղաքական պապան»՝ Նիկոլը, նույնիսկ «մելըչ»՝ մանր հարցերում, պետք է ստանան Նիկոլ Փաշինյանի «դաբրոն»»,-168.am-ի հետ զրույցում նշեց շիրակցի ֆերմերը՝ խոսելով գյուղատնտեսական ոլորտում առկա խնդիրների ու իշխանության անգործության մասին։
Ըստ մեր զրուցակցի, երբ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն եկան իշխանության, նրանց կեպիների վրա գրված էր՝«դուխով», բայց հիմա չինովնիկները նույնիսկ այդ «դուխովի» խ-ն չունեն, որպեսզի արձանագրություն կազմեն։
«Տեսեք, հիմա ինչ է կատարվում՝ ցորենի ու կարտոֆիլի գինն էժան է՝ ծախս ու գին իրար հետ առհասարակ չեն «խոսում»։ Հնարավոր չէ այս գներով շահույթ ունենալ, մի բան էլ ոլորտը զարգացնել՝ առանց պետության աջակցության։ Հատկապես վերջին 3 տարիներին, մենք ոլորտում մեր ռեսուրսների հաշվին գոյատևում ենք, բայց ինչքա՞ն կարող ենք այսպես։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասում է՝ թող ցորեն չցանեն, ինտենսիվ այգիները զարգացնեն։ Մեկը չկա՝ այդ մարդուն ասի, որ ուղեղ ունենաս՝ մի քիչ «էկոնոմիտ» կանես։ Չենք մշակի ցորեն, արդեն 95 տոկոսով գնացել ռուսի դուռն եք չոքել ձեր ցորենի հարցով, բա էլ ո՞ւր մնաց ձեր ինքնաբավությունը, սուբյեկտայնությունը։ Լավ, ռուսն է, ասելու է՝ ախպեր ջան, ձեզ լավ չեք պահել, ցորեն չենք տալու, ի՞նչ եք անելու։ Հացը խնդիր է դառնալու, բայց սրանք չեն հասկանում, որովհետև չարչու հոգեբանություն ունեն, ժուլիկ առևտրականներ կան, չէ՞, սրանք այդ առևտրականների նման են։ Չեն հասկանում, որ եթե գյուղացին ցորեն չցանի, դա բերելու է աղետի։ Երբ Արցախը կար, Հայաստանը ցորենով ինքնաբավ էր, բայց Արցախը Նիկոլը հանձնեց իր «կառուցողական» ընկերոջը, հիմա Հայաստանն ինքնաբավ չէ ցորենի հարցում»,-հավելեց մեր զրուցակիցը։
Նա հորդորեց իշխանության տարբեր ներկայացուցիչների՝ այցելեն Շիրակի մարզ, տեսնեն, թե իրականում քանի հեկտար ցորեն է այսօր մշակվում մարզում։
«Մեզ դպրոցում ասում էին՝ անգլերեն սովորեք, պետք կգա, հիմա մեր դաշտերում «Do you speak English» ա՝ մեր հպարտ քաղաքացիները հնդիկներն են՝ գլխարկները դրած՝ աշխատում են։ Աշխատող չկա՝ իշխանությունը թող սրա մասին մտածի, հնդիկներն այնքան են շատացել, որ սա մի օր աղետի է բերելու, թող իշխանությունը մտածի, ինչո՞ւ իր քաղաքացին չի մնում իր երկրում։
Մեր երկրում ցանկացած ոլորտ ուսումնասիրեք, չկա այնպիսի ոլորտ, որը սրանք փչացրած չլինեն։ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը մորեղբայրներս չեն, բայց իրենց ժամանակ մեր շուկան այսպես չէր, նրանք կարողանում էին կայուն պահել։
Չգիտեմ՝ Նիկոլը Հայաստանի մի թևից տարածքներ է տալիս թշնամուն, այս մի թևից էլ ջուրն է տալիս։ Այստեղից ջուրը լցվումէԱխուրյան ջրամբարը, այնտեղից էլ թուրքը երկու ջրամբար է սարքել, ջուրը տանում է։
Եթե այսպես շարունակվի՝ Հայաստանում տիրելու է ֆեոդալական կարգեր՝ կվերադառնանք 6-րդ դար, բոլորը կաշխատեն, որ մի քանի հոգի ապրեն։ Կդառնանք Աջարիա, որը թուրքին աստիճանաբար իրենովէարել։ Նիկոլ Փաշինյանը դարձել է անշարժ գույքի գործակալ, ինչ ունեք ծախելու՝ տվեք, շուտ կծախի»,-եզրափակեց Տիգրան Ավագյանը։



