«Արցախի հարցը չի լուծվել». Սամվել Բաբայան

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, 44-օրյա պատերազմի ժամանակ  Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանն այսօր հրավիրվել էր 44-օրյա պատերազմի ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով՝ պատասխանելու հարցերին։ Ինչպես ավելի վաղ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էր լրագրողների հետ զրույցում ասել՝ Սամվել Բաբայանն ինքն է ցանկություն հայտնել մասնակցել հանձնաժողովի նիստին։

Չնայած այսօր նիստից առաջ լրագրողների հետ կարճ զրույցում նա ասաց, որ իրեն հրավիրել են՝ ինքը չէ որոշել՝ գա՞լ, թե՞ ոչ։

Կա՞ նոր ասելիք հանձնաժողովի նիստում, Սամվել Բաբայանը պատասխանեց՝ կգնա, կտեսնի, թե ինչ հարցեր են տալու։

Հիշեցնենք, որ Հանձնաժողովի ձևավորումից հետո Սամվել Բաբայանը որպես անկախ խորհրդատու՝ պետք է մասնակցեր աշխատանքներին: Սկզբնական փուլում Բաբայանը համաձայնել էր, սակայն կարճ ժամանակ անց հրաժարվել էր մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, հայտարարելով, թե խաղի կանոնները չեն պահպանվում:

Կարդացեք նաև

Այսօր լրագրողները Սամվել Բաբայանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ նկատի ուներ նախկինում, հայտարարելով, որ խաղի կանոնները չեն պահպանվում, դրա համար էլ չի մասնակցելու հանձնաժողովի աշխատանքների.

«Խնդիրն այն էր, որ առաջարկել էի հետ գնալ ու ամբողջովին ստուգել վերջին 20 տարին՝ ինչից է սկսվել, ու ուր ենք հասել։ Մերժվեց, դրա համար էլ ես չմասնակցեցի։ Ինձ հրավիրել են, ես էլ համաձայնել եմ իրենց հարցերին պատասխանել, ինչո՞ւ պետք է խուսափեմ, եթե պատրաստ եմ պատասխանել։

Այն հարցերը, որոնք ինձ կուղղվեն, ես կպատասխանեմ անկեղծ»,- կարճ պատասխանել է  Սամվել Բաբայանը լրագրողների հարցերին։

Անդրադառնալով Արցախի հարցին՝ Սամվել Բաբայանն ասել է.

«Արցախի հարցը չի լուծվել և ոչ մի ժամանակ էլ չի կարող լուծվել։ Ես լուծումներ առաջարկել եմ, բայց քանի որ Արցախի իշխանություններն իրենց ձևն ունեն, և Հայաստանի ընդդիմությունը համարում է, որ ես իրենց պլաններին խանգարում եմ, դրա համար ձեռնպահ ենք մնացել։ Մենք շատ խելոք ընդդիմություն ունենք, ես չեմ ուզում իրենց խանգարել։

Արցախահայության վերադարձի առումով տեղյակ չեմ, թե ՀՀ իշխանությունն ինչ գործողություն է իրականացնում, և ընդդիմությունն ինչ է իրականացնում, ես գիտեմ՝  ես ինչ եմ իրականացնում, բայց դրա մասին չեմ ասի»։

Հարցին՝ ինչպե՞ս էր բանակցում ադրբեջանցիների հետ, երբ Արցախի իշխանություններից որևէ մեկը տեղյակ չէր, դրա մասին տեղյակ չի եղել նաև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, Սամվել Բաբայանը պատասխանեց.

«Ես ձեզ խնդրում եմ, որ ամեն մեկին չհավատաք։ Քննություն է ընթանում, Սամվել Շահրամանյանին երևի կհրավիրեն այնտեղ ու կծանոթացնեն և դրա հետ՝ կա թե չկա, և մնացած ձեր բոլոր հարցերին»։

Ճշտող հարցին՝ ադրբեջանցիներն իր  հետ բանակցե՞լ են, Սամվել Բաբայանը պատասխանեց՝ իր հետ ոչ մեկը չի բանակցել։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս