Յուղոտ կտորներ՝ պետգնումներում. Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերության հետ կնքվել են միլիոնավոր դրամների պայմանագրեր
Հայաստանում պետական գնումների նախընտրելի եղանակը մրցույթն է. խորհրդարանն է այդ մասին օրենքն ընդունել, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ, չբավարարվելով օրենքով, նույնիսկ պահանջով է ամրագրել այն՝ դեռ 2019 թվականին հայտարարելով. «Մենք ցանկանում ենք, որպեսզի պետական գնումների համակարգը բարեփոխվի այն ուղղությամբ, որպեսզի այն հնարավորինս լինի ճկուն և մոբիլ, միևնույն ժամանակ, պահպանի արդար մրցակցության սկզբունքը և հնարավորինս զերծ լինի կոռուպցիոն երևույթներից, երրորդը՝ երաշխավորի պետական միջոցների ծախսման և ստացվող արդյունքի որակը»:
Բայց արի ու տես, հետհեղափոխական այլ խոստումների պես, այս մեկն էլ կոռոզիայի ենթարկվեց. Փաշինյանի ու իր թիմի «ռոբինհուդյան» կերպարը հօդս ցնդեց, ու հանրությունն ականատեսը դարձավ մեկ անձ, հրատապ մեկ անձ ընթացակարգով ոչ մրցակցային բազմաթիվ պետական գնումների: Հետո էլ վստահեցնում են, թե կոռուպցիա չկա. իրենց մտերիմներին, ազգականներին, թիմակիցներին պետական միջոցներով նման թանկարժեք նվերը կոռուպցիա չէ՞: Հետևեք փաստերին, և հետևությունն ինքներդ արեք:
Այս անգամ 168.am-ն անդրադարձել է «Սիլ ինշուրանս» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունից պետական ոչ մրցակցային գնումներին:
Տարեսկզբից մինչ օրս՝ 54 պայմանագիր, որից 37-ը՝ մեկ անձ, 2-ը՝ հրատապ մեկ անձ, ոչ մրցակցային գնման ընթացակարգերով. «Սիլ ինշուրանս»-ը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի կառավարության պետգնումների սրտի մատակարարը: Գաղտնիք չէ, որ այս ընկերությունը պատկանում է գործարար, Ազգային ժողովի իշխանական խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին:
Այսպիսով, մեկ անձ և հրատապ մեկ անձ ընթացակարգով առավել խոշոր գնումների մասին՝ մանրամասն:
Նոյեմբեր ամսին Երևանի քաղաքապետարանը մեկ անձ ընթացակարգով պատվիրակել է «ՍԻԼ ինշուրանս» ԱՓԲԸ-ին՝ փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայություններ: Պայմանագրի գինը ՝ 6 միլիոն 371 հազար դրամ:
Այս տարվա հուլիսին Ներքին գործերի նախարարությունը հրատապ մեկ անձ ընթացակարգով այս ապահովագրական ընկերության հետ կնքել է շարժիչներով փոխադրամիջոցների ապահովագրական ծառայությունների (ԱՊՊԱ) համար. այս գնումը նախարարության վրա արժեցել է 5 միլիոն 600 հազար դրամ:
Ի դեպ, նույն Ներքին գործերի նախարարությունը դեռ տարեսկզբին ոչ մրցակցային ընթացակարգով մեկ այլ պայմանագիր էլ էր կնքել. հունվարի 16-ին մեկ անձ ընթացակարգով այդ պայմանագրով «Սիլ ինշուրանսը» պետք է իրականացներ շարժիչներով փոխադրամիջոցների ապահովագրման ծառայություններ՝ ընդհանուր 39 միլիոն 984 հազար դրամ գնով:
ՀՀ վարչապետի աշխատակազմը փետրվարին «Սիլ ինշուրանս»-ից մեկ անձ ընթացակարգով 2 միլիոն 12 հազար դրամով այս ընկերությունից գնել է ԱՊՊԱ ծառայություններ՝ ապահովագրելով շուրջ 40 ավտոմեքենա:
Առողջապահության նախարարությունը դարձյալ մեկ անձ ընթացակարգով «Սիլ ինշուրանս»-ից փետրվարին գնել է հիվանդանոցային ծառայություններ, որի արժեքը սեպտեմբերին կնքված համաձայնագրով հաշվարկվել է 560 միլիոն 20 հազար 573 դրամ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դարձյալ անմասն չի մնացել մեկ անձ գնումների այս շքերթից և փետրվար ամսին «Սիլ ինշուրանս»-ին պատվիրակել է շարժիչներով փոխադրամիջոցների ապահովագրման ծառայություններ՝ 3 միլիոն 444 հազար դրամ արժողությամբ:
Դարձյալ փետրվարին, դարձյալ մեկ անձ ընթացակարգով այս ընկերության հետ պայմանագիր է կնքել Արդարադատության նախարարությունը, գնել ԱՊՊԱ ծառայություններ, որի արժեքը, ըստ մարտին կնքված համաձայնագրի, կազմել է 3 միլիոն 13 հազար 500 դրամ:
Ազգային ժողովն իր կարիքների համար հունվար ամսին 2 միլիոն 497 հազար 338 դրամ ընդհանուր գնով պայմանագիր է կնքել այս ԱՓԲԸ-ի հետ՝ 41 տրանսպորտային միջոցների ապահովագրության համար: Մեկ այլ պայմանագրով էլ ձեռք է բերել Ավտոմեքենայի ԿԱՍԿՈ ապահովագրման ծառայություն՝ այդ անգամ վճարելով 1 միլիոն 602 հազար դրամ՝ 1 մեքենայի համար, և այդ մեքենան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ծառայողական մեքենան էր:
Այսպիսով, դարձյալ միլիարդավոր դրամների ոչ մրցակցային գնումներ: