Մթերքները, որոնք ազդում են տրամադրության վրա
Հավասարակշռված դիետան և սննդակարգում մի շարք մթերքներ ներառելը կօգնի բարելավել ձեր տրամադրությունը: Այս մասին, ըստ shantnews-ի՝ ասել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասիստենտ, սննդաբան Նատալյա Կրուգլովան։
Runews24.ru գործակալության հետ զրույցում մասնագետը նշել է, որ կան սննդամթերքներ, որոնք դրական և բացասական ազդեցություն են ունենում տրամադրության վրա։
«Ընդհանուր առմամբ, եթե խոսենք սննդի և ըմպելիքների ազդեցության մասին էմոցիոնալ վիճակի վրա, ապա կարելի է առանձնացնել այն մթերքները, որոնք դրական ազդեցություն ունեն, և նրանք, որոնք ավելի հավանական է, որ բացասական ազդեցություն ունենան: Կան նաև ըմպելիքներ և մթերքներ, որոնք չափավոր սպառման դեպքում կարող են բավականին դրական ազդեցություն ունենալ, իսկ ավելցուկի դեպքում ավելի հավանական է, որ առաջացնեն էմոցիոնալ վիճակի անկում»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ սնուցումը զգալի ազդեցություն ունի քաշի վրա, և դա արդեն ազդում է էմոցիոնալ ինքնազգացողության վրա։ Մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ ավելորդ քաշ ունեցող և գեր մարդիկ ավելի հաճախ են տառապում դեպրեսիայից։
Կրուգլովան նշել է, որ պոլիչհագեցած ճարպաթթուները օգնում են լավ էմոցիոնալ վիճակի պահպանմանը և դեպրեսիվ խանգարումները կանխարգելում են։
«Խոսքը օմեգա-3 ճարպաթթուների չափավոր օգտագործման մասին է, օրինակ՝ շաբաթական երկու-երեք չափաբաժին յուղոտ ձուկ ուտելու»,- պարզաբանել է մասնագետը։
Նա զգուշացրել է, որ սննդակարգը օմեգա-3 սննդային հավելումների միջոցով հարստացնելիս մատակարարվում է ավելին, քան անհրաժեշտ է, և հուզական վիճակի առումով լրացուցիչ փոփոխություններ չեն լինում։