Աշխարհում մինչև 5 տարեկան 45 միլիոն երեխա տառապում է հյուծումից․ ԱՀԿ

Մինչև հինգ տարեկան մոտ 45 միլիոն երեխա տառապում է հյուծումից, իսկ նրանցից գրեթե 14 միլիոնը` ծանր հյուծումից` մահվան բարձր ռիսկով։ Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյսուսը Լոնդոնում պարենային անվտանգությանը նվիրված գագաթնաժողովում։

«Մեր աշխարհում մինչև հինգ տարեկան 45 միլիոն (երեխաներ) կամ յուրաքանչյուր 15-րդը տառապում է հյուծումից, իսկ դա նշանակում է, որ նրանք վտանգավոր կերպով նիհար են իրենց աճի համար։ Այդ երեխաների ավելի քան մեկ երրորդը՝ գրեթե 14 միլիոնը, տառապում է հյուծման ամենածանր ձևից՝ մահվան մեծագույն վտանգով», – Գեբրեյեսուսի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նա հիշեցրել է, որ չափավոր կամ ծանր հյուծմամբ երեխայի մահանալու հավանականությունը 11 անգամ ավելի մեծ է, քան այն երեխայինը, որը չի տառապում թերսնումից։ Հաճախ մահվան բարձր ռիսկը պայմանավորված է այն հանգամանքով, որ «օրգանիզմը չափազանց թույլ է փորլուծին և թոքաբորբին դիմադրելու համար»։

«Ըստ գնահատումների` տարեկան 1 միլիոն երեխա է մահանում հյուծման պատճառով», – արձանագրել է գլխավոր տնօրենը։

Գեբրեյսուսը հավելել է, որ հյուծում առաջացնող գործոնները տարբեր են, բայց հիմնականում դրանք աղքատության, հիվանդությունների, առողջապահական ծառայության և մաքուր ջրի անբավարար հասանելիության և սանիտարական պայմանների ու հիգիենայի բացակայության հետևանք են: Սովի վտանգը կտրուկ մեծանում է հակամարտությունների, կլիմայական ճգնաժամի և տարերային աղետների պատճառով:

Տեսանյութեր

Լրահոս