Շնորհակալ եմ, որ եկել եք ջազ, կենդանի երաժշտություն լսելու. Տիգրան Համասյան
Հանրահայտ դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը տարիներ շարունակ աշխարհին է ներկայացնում իր յուրահատուկ ստեղծագործությունները, որոնք լսելիս անմիջապես հասկանում ես, որ հեղինակն ազգությամբ հայ է, հաղթում միջազգային հեղինակավոր մրցույթներում ու հաջողված համագործակցություններով մշտապես զարմացնում երկրպագուներին:
Ջազ երաժիշտն իր համաշխարհային շրջագայության ընթացքում տևական դադարից հետո միանգամից երեք համերգով ներկայանում է Երևանում: Համերգները, որոնք տեղի են ունենում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ունեն տարբեր ծրագրեր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 21-ին Համասյանը երաժշտասերներին ներկայացավ որպես մենակատար և ունկնդրին ներկայացրեց իր ալբոմներում ներառված սիրված ստեղծագործություններ: Համերգի սպասված հյուրն էր Նորվեգիայից ժամանած սաքսոֆոնահար Տրիգվե Սեիմը: Երաժիշտները միասին կատարեցին ոչ միայն Համասյանի գործերը, այլև նորվեգական ստեղծագործություններ:
«Շնորհակալություն եմ հայտնում, որ եկել եք ջազ լսելու, առհասարակ կենդանի երաժշտություն վայելելու»,-ասաց Տիգրան Համասյանը:
Երաժշտասերները բուռն ծափահարություններով ու «բրավո» վանկարկումներով էին արձագանքում յուրաքանչյուր կատարման: Համերգի ավարտից հետո հանդիսատեսի պահանջով երաժիշտները մի քանի անգամ վերադարձան բեմ ու յուրահատուկ մեկնաբանությամբ կատարեցին Կոմիտասի «Շուշիկի» ստեղծագործությունը, որը հուզեց ներկաներին:
Ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը Համասյանն ասել էր, որ երևանյան համերգաշարը վերջին վեց տարվա ծրագրերի ամփոփումն է: Խոսելով «The Bird of a Thousand Voices» ալբոմի մասին, որը թողարկվելու է հաջորդ տարի, երաժիշտը շեշտել էր, որ այնտեղ տեղ են գտնելու գործեր, որոնք նվագել է Հայաստան ժամանած երաժիշտներից մեկի հետ:
«Այդ ալբոմը բարդ ձևաչափ կունենա ու կտարբերվի նրանից, ինչ մինչև հիմա արել եմ: Ալբոմում ներառելու ենք նաև նոր հարվածային գործիքներ: Թմբկահար Նեյթ Վուդի հետ ենք աշխատել: Մենք երկար տարիներ չէինք նվագել միասին. ալբոմը առիթ դարձավ, որ վերսկսենք համագործակցությունը»,- նշել էր Համասյանն ու հավելել՝ շատ կցանկանա այն ներկայացնել Հայաստանում:
Համերգաշարի առաջին համերգը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին, երկրորդը՝ նոյեմբերի 21-ին, իսկ երրորդ համերգը տեղի կունենա նոյեմբերի 22-ին: «Տիգրան Համասյան էլեկտրիկ տրիո»-ն Նյու Յորքից հրավիրված բաս կիթառահար Էվըն Մարիենի և թմբկահար Նեյթ Վուդի մասնակցությամբ հանդես կգա Համասյանի հեղինակային ստեղծագործությունների կատարմամբ:
Նախագծի փակման միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 23-ին վիրտուոզ թմբկահար Նեյթ Վուդի հատուկ ծրագրով, որը տեղի կունենա «Hard Rock Cafe Yerevan»-ում՝ ժամը 20:00-ին:
Համերգներն իրականացվում են «TM Production»-ի նախաձեռնությամբ:
Անժելա Համբարձումյան