«Ինչո՞ւ է Ալիևի վարչակազմը ժամանակ ձգում հիմա, երբ կողմերն այդքան մոտ են վերջնական համաձայնությանը». Տոյվո Կլաար. «Ազատություն»

Բրյուսելում չեն հասկանում՝ ինչո՞ւ է Ալիևի վարչակազմը ժամանակ ձգում հիմա, երբ կողմերն այդքան մոտ են վերջնական համաձայնությանը, «Ազատությանն» ասաց Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետն ընդգծում է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանալին այժմ Բաքվում է, և առաջին հերթին Ադրբեջանն է, որ պետք է քաղաքական կամք դրսևորի։

«Մենք արագ քայլեր ենք ակնկալում հայ – ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, և այստեղ է, որ որոշ մարդիկ Բրյուսելում և ԵՄ անդամ երկրներում մտահոգված են, որ դա այսքան երկար է ձգվում։ Մենք չենք հասկանում՝ ինչու կարգավորման գործընթացն ավելի արագ առաջ չի գնում», – նշեց Կլաարը՝ շարունակելով. – «Փաստը, որ սահմանին բախումներ, կրակոցներ չկան, չի նշանակում, որ ամեն ինչ լավ է։ Անհրաժեշտ է, որ այս՝ բախումների բացակայության վիճակից քայլ արվի առաջ, այսինքն՝ խաղաղության պայմանագիր ստորագրվի, հաղորդակցության ուղիները բացվեն, սահմանը դեմարկացվի, զորքերը ետ քաշվեն, լուծվեն մարդասիրական խնդիրները։ Ես կարծում եմ, որ Բաքվի ձեռքում են հնարավորությունները՝ ցույց տալու, որ գործընթացը կարող է արագ առաջ գնալ»։

Անցած ամիսներին Ադրբեջանը երկու անգամ մերժեց Եվրամիության միջնորդությամբ Հայաստանի հետ հանդիպելու առաջարկը․ մի դեպքում Ալիևը հրաժարվեց բանակցել Ֆրանսիայի մասնակցությամբ, մյուս դեպքում էլ Բրյուսել գնալու ժամանակ չգտավ։ Ու չի գտնում մինչև հիմա՝ չնայած Եվրամիության ջանքերին ու հորդորներին։ «Գնդակը հիմա Ադրբեջանի դաշտում է», – ասում է Տոյվո Կլաարը։

«Կարծում ենք՝ Երևանում հարաբերությունների կարգավորման անկեղծ ցանկություն կա։ Նման հայտարարություններ լսում ենք նաև Բաքվից, բայց եթե անկեղծ՝ մեզ անհրաժեշտ են քայլեր, ոչ միայն խոսքեր։ Գրանադայի հանդիպումից հետո, որին նախագահ Ալիևը որոշեց չմասնակցել, մենք կորցրեցինք հնարավորությունների պահը։ Դրան պետք է վերադառնալ, և որևէ պատճառ չկա՝ ինչու է գործընթացը ձգվում այսքան երկար։ Մենք զգում ենք, որ բանալին Ադրբեջանում է», – նշեց եվրոպացի դիվանագետը:

Ընդ որում, Կլաարն ընդգծում է, որ սեղանին է ոչ միայն հայ – ադրբեջանական հաշտեցումը, այլև տարածաշրջանի մյուս երկրների միջև փոխադարձ շփումների հարցը, ակնարկելով, որ հայ – ադրբեջանական կարգավորումը նաև Հայաստան-Թուրքիա հաշտեցմանը կնպաստի։ Սա կարող է փոխել ողջ Հարավային Կովկասը, ինչպես նաև Եվրամիության հարաբերությունները այս տարածաշրջանի հետ, ասաց եվրոպացի դիվանագետը՝ հավելելով, որ այդ ուղերձը Բրյուսելից բազմիցս են փոխանցել Ադրբեջանի իշխանություններին։

«Եվրոպական մայրաքաղաքներում մենք պատճառ չենք տեսնում՝ ինչու է այս գործընթացն այսքան ձգձգվում։ Պահը կա, հնարավորությունը կա, ժամանակն է դրանից օգտվել։ Մենք քաղաքական կամք ենք ուզում տեսնել, նախ և առաջ՝ Ադրբեջանից, քանի որ այն ուժեղ կողմն է», – հայտարարեց Տոյվո Կլաարը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս