Էժան հոսանքը փոխարինել են թանկով. Ի՞նչ է սպասվում էլեկտրաէներգիայի սակագներին
Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի կառուցվածքում թանկ հոսանքի կշիռն այս տարի ավելացել է։ Խոսքը, մասնավորապես, ջերմային կայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի մասին է։ Փոխարենը՝ նվազել է ատոմակայանում և հատկապես հիդրոկայաններում արտադրվող հոսանքի կշիռը։ Սրանք էլ էժան հոսանքի արտադրության հիմնական աղբյուրներ են։
Կառավարության խնդիրն է՝ հնարավորինս ավելացնել էժան և նվազեցնել թանկ հոսանքի կշիռը։ Բայց հակառակն է տեղի ունեցել՝ թանկն ավելացել է, էժանը՝ նվազել։
Թանկ հոսանքի կշիռն էներգաարտադրության մեջ ավելացել է ջերմային կայանների հաշվին։
Հայտնի է, որ այս կայաններում արտադրվող հոսանքն անհամեմատ ավելի թանկ է, երբեմն՝ կրկնակի թանկ, քան ատոմակայանում կամ հէկ-երում արտադրվողը։
Սա ինչո՞վ է կարևոր։
Որքան էներգաարտադրության կառուցվածքում թանկ հոսանքի կշիռը մեծ է, առավել ևս՝ մեծանում է, այնքան ճնշումը հոսանքի սակագների վրա ավելանում է։ Ու դա մի օր բերելու է սակագների հերթական բարձրացման։
Թե դա ե՞րբ կլինի, առաջիկայում կերևա։
Չի բացառվում, որ այսպես շարունակվելու դեպքում հաջորդ տարվա փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կրկին բարձրանա։ Այնպես, ինչպես բարձրացավ անցած տարվա փետրվարի 1-ից։
Հիշեցնենք, որ այն ժամանակ հոսանքի սակագնի բարձրացումը սպառողների տարբեր խմբերի վրա տարբեր չափով արտահայտվեց, բայց միջինում ավելացավ 4,7 դրամով, ինչն ավելի քան 10 տոկոսանոց աճ էր։
Ու չնայած դրանից հետո շատ ջրեր են հոսել, որոնք, թվում է, թե պիտի բերեին նաև հոսանքի սակագների նվազման, ոչինչ էլ չնվազեց։ Իշխանությունները խոստանում էին, որ դոլարի արժեզրկման արդյունքում ինչ-որ պահից կվերանայվեն սակագները, խոսքը հատկապես գազի սակագների մասին էր, որն ուղղակիորեն պիտի հանգեցներ նաև հոսանքի սակագների նվազեցման։ Բայց այդպես էլ չվերանայեցին։
Այս տարի թանկ հոսանքով ավելի են ծանրաբեռնել էներգաարտադրությունը։
Մինչ ջերմային կայաններում արտադրվող հոսանքի քանակն ավելացել է, հէկ-երինն ու ատոմակայանինը նվազել է։ Եթե մեկ տարի առաջ ատոմակայանը թողարկել էր Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 30 տոկոսը, այս տարի ԱԷԿ-ի մասնաբաժինը իջել է 26,9 տոկոսի. 3,1 տոկոսային կետով նվազել է։
Նվազումն ավելի մեծ է եղել հէկ-երի պարագայում։ Էժան հոսանքի աղբյուր հանդիսացող այս կայանների մասնաբաժինն էներգաարտադրության կառուցվածքում անցած տարի 24,5 տոկոս էր, այս տարի դարձել է 20,5 տոկոս։ Այս դեպքում էլ կրճատումը եղել է 4 տոկոսային կետի չափով։
Արտադրված էլեկտրաէներգիայի ծավալների մեջ կրճատվել է ոչ միայն էժան հոսանք թողարկող կայանների կշիռը, այլև արտադրված հոսանքի քանակը։
Այս տարի հէկ-երում հոսանքի արտադրությունը նվազել է գրեթե 15 տոկոսով, ատոմակայանում՝ 5,5 տոկոսով։
Ատոմակայանում գրեթե 1,1 մլրդ կիլովատտ ժամով ավելի քիչ հոսանք է արտադրվել այս տարվա ինն ամսում, քան ջերմային կայաններում։ Ջերմային կայաններում արտադրվել է՝ 2 մլրդ 870 մլն, ատոմակայանում՝ 1 մլրդ 793 մլն կվտ ժամ հոսանք։
Հէկ-երի արտադրած հոսանքն էլ 1,5 միլիարդով է զիջում ջէկ-երի արտադրությանը։
Ջերմային կայանների մասնաբաժինն էներգաարտադրության կառուցվածքում տարեսկզբի ինն ամիսներին կազմել է 43,1 տոկոս։ Նախորդ տարի 42,5 տոկոս էր։ Եթե հանենք արևային կայանները՝ կշիռը շատ ավելի մեծ կլինի։
Այս տարի ջէկ-երում գրեթե 100 մլն կիլովատտով ավելի հոսանք է արտադրվել։ Մինչդեռ ատոմակայանում արտադրված հոսանքի քանակը կրճատվել է 166 մլն կիլովատտով։ Հէկ-երինը նույնիսկ ավելի շատ է նվազել. նախորդ տարվա համեմատ՝ 234 մլն կիլովատտով ավելի քիչ հոսանք է արտադրվել։
Արտադրության ծավալների նվազման արդյունքում էլ նվազել է հէկ-երի և ատոմակայանի կշիռն էներգաարտադրության կառուցվածքում, իսկ ջէկ-երինը՝ ավելացել է։ Այս փոփոխությունը մեծացրել է ճնշումն էլեկտրաէներգիայի սակագների վրա։ Դրա հետևանքները կարող ենք տեսնել արդեն հաջորդ սակագնային տարում՝ սակագների բարձրացման տեսքով։
Ճիշտ է, առայժմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նման նախաձեռնություններ կարծես չկան, բայց առաջիկայում չի բացառվում։ Դրա համար դեռ բավարար ժամանակ կա։ Այստեղ սակագնային տարին մեկնարկում է փետրվարի 1-ից։
Անցած տարի հենց փետրվարի 1-ին բարձրացվեց հոսանքի սակագինը։ Այդ բարձրացման մեջ, ինչպես հայտնի է, էական դեր կատարեց այն հանգամանքը, որ կառավարությունը ստանձնեց ջերմային կայաններից մեկի նկատմամբ ժամանակին չկատարած պարտավորությունների դիմաց սպառողների հաշվին փոխհատուցում տալու պատասխանատվությունը։
Խոսքը Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկին է վերաբերում։
Այս կայանը պետք է աշխատեր ու էլեկտրաէներգիայի մի մասն առաքեր Իրան։ Բայց քանի որ իշխանափոխությունից հետո կառավարությունը ձախողեց Իրանի հետ երրորդ բարձրավոլտ գծի շահագործման բոլոր հնարավոր ու անհնարին ժամկետները, անհրաժեշտ հզորությունների բացակայության պատճառով, դա այդպես էլ չիրականացվեց։ Կայանը ֆինանսական կորուստներ ունեցավ ու չկարողացավ հետ ստանալ ներդրումները։
Այդ կորուստներն առաջացան կառավարության մեղքով, բայց վճարեցին ու 10 տարի շարունակ կվճարեն սպառողները՝ հոսանքի սակագինը բարձրացնելու միջոցով։
Կառավարությունը պարտավորվել է «Հրազդան 5-ի» կրած վնասների դիմաց տարեկան վճարել գրեթե 32 մլն դոլար և պայմաններ ստեղծել, որպեսզի այն կարողանա աշխատել ու հոսանք արտադրել։ Սա էլ, թերևս, բերել է ջերմային կայաններում արտադրվող հոսանքի կշռի ավելացման։ Ջերմայիններում, որտեղ արտադրվում է համեմատաբար ավելի թանկ հոսանք, արտադրության ծավալներն ավելացել են, ատոմակայանում և հէկ-երում՝ կրճատվել։
Ավելացել է, իհարկե, նաև արևային կայաններում արտադրվող հոսանքի քանակն ու տեսակարար կշիռը։ Բայց այնպես չէ, որ այդ կայաններում արտադրվող հոսանքն այդքան էժան հոսանք է էներգահամակարգի համար։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ