Իսրայելի՝ միջուկային զենք ունենալը կարող է միջուկային սպառազինությունների մրցավազքի սրում հրահրել. Ֆիդան
Իսրայելի մոտ միջուկային զենքի առկայությունը կարող է միջուկային սպառազինությունների մրցավազքի սրում հրահրել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Իսրայելի կողմից միջուկային զենքի շարունակական տիրապետումը, ինչպես նաև տարածաշրջանի ապամիջուկայնացման ձախողումը, կհանգեցնի միջուկային սպառազինությունների մրցավազքի սրմանը: Սա անբարենպաստ իրավիճակ է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ողջ աշխարհի համար»,- ասել է դիվանագետը Al Jazeera-ին տված հարցազրույցում։
Նա ասել է, որ Իսրայելի կողմից միջուկային զենքի տիրապետումը «հայտնի, բայց չճանաչված գաղտնիք է եղել երկար տարիներ. փաստ, որի մասին բոլորը գիտեն, բայց որը ոչ ոք չի ընդունել»:
«Մենք տեսնում ենք, որ Իսրայելը զարգացրել է իր միջուկային ներուժը՝ չմիանալով Միջուկային զենքի չտարածման պայմանագրին։ Մենք նաև գիտենք, որ նա զգալի աջակցություն է ստացել ինչպես ԱՄՆ-ից, այնպես էլ Եվրոպայից: Այնպես որ, դա գաղտնիք չէ»,- ընդգծել է Ֆիդանը:
Նա ընդգծել է տարածաշրջանի ամբողջական ապամիջուկայնացման անհրաժեշտությունը։ Ֆիդանը զգուշացրել է, որ հակառակ դեպքում «մյուս երկրները ստիպված կլինեն միջոցներ ձեռնարկել իրենց անվտանգությունն ամրապնդելու համար»։ Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է այս «ամենակարևոր ռազմավարական խնդրին» լուծում գտնելու հրատապությունը։