Կառավարությունը ձախողել է, կապիտալ ծախսերը չեն կատարվում. թերակատարումը հասնում է 42,6 տոկոսի
Նիկոլ Փաշինյանին ու իր գլխավորած կառավարություններին ամենաբնորոշ հատկանիշը եղել է իրականությունը խեղաթյուրելն ու կեղծելը, մի բան ասել՝ հակառակն անելը, առկա իրողություններն իրենց ցանկալի ձևով ներկայացնելն ու մեկնաբանելը։
Ամեն ինչ արել են հասարակության վրա տպավորություն գործելու ու մարդկանց մոլորեցնելու համար։
Պետք է խոստովանել, որ դա նրանց հաջողվել է։ Բայց դա չի նշանակում, թե դրանով իրականությունը փոխվել է։ Նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում կառավարության ձախողումները բազմաթիվ ոլորտներում անհնարին է չտեսնել, որքան էլ դրանց մասին Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները սովորաբար խուսափում են բարձրաձայնել։
Բյուջեի աճերից ու գերաճերից են խոսում, մինչդեռ չկա տարի, որ չձախողեն բյուջեի և հատկապես դրա ամենակարևոր հատվածի՝ կապիտալ ծախսերի կատարումը։
Գումարներ են հատկացնում կապիտալ ծախսեր անելու համար, հատկացվող գումարներն իբր ավելացնում են, բայց արդյունքում՝ չեն կարողանում կատարել նախատեսված ծրագրերը։ Մեկ տարի չէ, երկու տարի չէ, որ այդպես է։ Ամեն տարի նույն վիճակն է։
Ամեն տարի ասում են, թե՝ կշտկենք իրավիճակը, բայց էլի ձախողում են։
Մինչդեռ, գործ ունենք բյուջետային ծախսերի այնպիսի կարևոր հատվածի հետ, որն առնչվում է ոչ միայն տնտեսության խթանմանն ու երկարաժամկետ աճերի ապահովման համար հիմքերի ստեղծմանը, այլև կապիտալ ծախսերի միջոցով պաշտպանության ոլորտի խնդիրների լուծմանը, պաշտպանական համակարգերի ամրապնդմանն ու հզորացմանը։ Զարմանալի չէ, որ արդյունքներն էլ այսպիսին են։
Քանի որ այս պահին հայտնի են բյուջեի կատարման ինն ամսվա տվյալները, այդ ժամանակահատվածի կտրվածքով ներկայացնենք, թե ինչպիսին է եղել կապիտալ ծախսերի կատարողականը Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունների այս ամբողջ ժամանակաշրջանում։
Բերենք մի հատված 2018թ. առաջին ինն ամիսների կապիտալ ծախսերի կատարողականի հաշվետվությունից։
«Ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները 2018 թվականի հաշվետու ժամանակահատվածում կազմել են 58,4 մլրդ դրամ կամ իննամսյա ծրագրի 38,9 տոկոսը: Մասնավորապես՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը կազմել են 62 մլրդ դրամ, որոնց ծրագիրը կատարվել է 40 տոկոսով:
Ցածր կատարողականը մեծ մասամբ պայմանավորված է տրանսպորտի, ջրամատակարարման, պաշտպանության, ոռոգման և էներգետիկայի ոլորտներում արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարողականով:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը նվազել են 26,8 տոկոսով՝ հիմնականում պայմանավորված պաշտպանության ոլորտում կապիտալ ծախսերի կրճատմամբ»,- արձանագրել է ֆինանսների նախարարությունը։
Ուշադրություն դարձրեք՝ կապիտալ ծախսերը նվազել են հիմնականում այն պատճառով, որ չեն կատարվել պաշտպանության ոլորտում նախատեսված կապիտալ ծախսերը։
Բայց դա եզակի օրինակ չէ։
Հաջորդ տարվա ինն ամիսների կապիտալ ծախսերի կատարողականը կառավարությունն էլի մեծապես թերակատարել էր։ Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը կազմել էին ինն ամսվա համար նախատեսվածի ընդամենը 39,2 տոկոսը։ Պատճառաբանությունն այն էր, որ ցածր է եղել արտաքին աջակցությամբ իրականացվող վարկային ու դրամաշնորհային միջոցներով իրականացվող ծրագրերը։ Թերակատարումը հասնում էր 84 տոկոսի։
2020թ. կապիտալ ծախսերի ինն ամիսների կատարողականն էլ կազմել էր 47 տոկոս։ Նախատեսել էին 218 միլիարդ, կատարել էին 103 միլիարդի ծախս։
Հաջորդ տարվա ինն ամիսների համար էլ նախատեսել էին 185 մլրդ դրամի կապիտալ ծախս, կատարել էին 126 միլիարդը։ Նույն պատկերն էր նաև 2022թ.՝ նախատեսել էին 283 մլրդ դրամի կապիտալ ծախս, կատարել էին 179 միլիարդը։
Թերակատարումը կազմել էր 37 տոկոս։
Այս տարի էլ կառավարությունը ձախողել է կապիտալ ծախսերը։ Ինն ամսվա կատարողականը 57,4 տոկոս է։ Թերակատարումը հասնում է 42,6 տոկոսի։
«Ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ցածր ցուցանիշը պայմանավորված է կապիտալ ծախսերի կատարողականով: Վերջինս հիմնականում պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավման միջոցառման, ինչպես նաև Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացման ծրագրի և պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծախսերի կատարողականով, որոնք կազմել են համապատասխանաբար 136,7 մլրդ դրամ կամ 60,7 տոկոս, 4,2 մլրդ դրամ կամ 23,5 տոկոս և 30,9 մլրդ դրամ կամ 75,6 տոկոս»,- արձանագրել է ֆինանսների նախարարությունը 2023թ. պետական բյուջեի կատարման ինն ամիսների հաշվետվության մեջ։
Էլի թերակատարումը կապված է հիմնականում պաշտպանության ոլորտի հետ։
Կապիտալ ծախսերի գծով նախատեսել են իրականացնել ընդհանուր առմամբ գրեթե 415 մլրդ դրամի աշխատանք, իրականացրել են 238 միլիարդը։
Նախատեսված 177 մլրդ դրամի աշխատանքներ չեն կատարել։
Սա է կառավարության աշխատանքի արդյունքը։ Ամեն տարի գալիս, կապիտալ ծախսերի ռեկորդային ավելացումներից են խոսում, իսկ վերջում պարզվում է, որ դրանց մի մասը մնացել են թղթի վրա։ Ամեն անգամ մի պատճառաբանություն են բերում՝ հիմնավորելու իրենց ձախողումները։ Մե՛կ օրենսդրությունն է խանգարում, մեկ՛ կարողություններն են պակաս, մե՛կ մրցույթները չեն կայանում կամ մասնակիցներ չկան, ու այդպես շարունակ։ Բոլորը մեղավոր են, բացի իրենցից։
Իսկ իրականում այս ամենի հիմնական պատճառն այն է, որ չեն կարողանում ճիշտ կազմակերպել աշխատանքները՝ մեղքը բարդում են օրենքների ու շինարարական կազմակերպությունների վրա։ Բողոքում են, որ վերջիներիս կարողությունները չեն բավարարում, փոխարենը՝ միջոցներ ձեռնարկեն այդ կարողություններն ավելացնելու համար։
Արդյունքը լինում է այն, որ նախատեսված մեծ քանակությամբ կապիտալ ծախսեր չեն կատարվում։ Կառավարությունը ձախողում է դրանց կատարումը։ Ու այդպես ամեն տարի։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ