44-օրյայում հաղթանակը միայն Ադրբեջանինը չէր, այն ունի «փայատերեր», նրանք իրենց «փայն» են ուզում, որը կարող է լինել «Զանգեզուրի միջանցքը»․ Էդմոն Մարուքյան

44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակը միայն Ադրբեջանինը չէր, այն ունի «փայատերեր», որոնք իրենց մասնաբաժինն են ուզում։ Այս մասին այսօր Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե Ալիևը որոշակի պայմանավորվածություններ ունի, որոնք ցանկության դեպքում անգամ չի կարող խախտել։

«Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը հնարավոր եղավ Էրդողան-Պուտին հանդիպումից հետո, և հավանաբար երբ Ալիևին ասել են՝ «քեզ լինի Ղարաբաղը», նաև պայմանավորվածություն են ձեռք բերել որպես դրա գին, համաձայն որի՝ նա այդ հարցը լուծելու է տվյալ հարթակում և չի գնալու Արևմուտք։ Եվ հիմա Ալիևը ցանկության դեպքում անգամ չի կարողանալու այդ պայմանավորվածությունը խախտել», – ասաց Պետրոս Ղազարյանը, ինչին Մարուքյանն արձագանքեց, որ կարելի է դիտարկել ավելի վաղ տեղի ունեցած դեպքերը։

«Դուք սեպտեմբերի 19-ի դեպքերն եք ասում, ես հետ կգնայի 44-օրյա պատերազմ։ Այդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակը չի պատկանում միայն Ադրբեջանին, այդ հաղթանակն ունի «փայատերեր» և այդ «փայատերերն» իրենց «փայն» են սկսել ուզել, եկել է դրա ժամանակը։ Եվ այդ «փայը» կարող է «Զանգեզուրի միջանցքը» լինել, կամ այլ հանգամանքները։ Եվ հիմա Իլհամ Ալիևը պետք է որոշում կայացնի՝ կամ ինքը պատմական այս շրջանում քայլ է կատարում և ձերբազատվում է այդ իրավիճակից ու գնում առաջ՝ դեպի խաղաղություն, կամ եթե շարունակում է այդ «փայատերերին» լսել, ապա լուրջ խնդիրներ է ունենալու Արևմուտքում», – ասաց Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով՝ այստեղ հայկական կողմը մեծ անելիքներ ունենք, որպեսզի Ալիևն իրապես այդ խնդիրներն ունենա, այլ ոչ թե ստացվի, որ այդ ամենը «մարսվել» է։

«Որոշակի իմաստով իրենք դադար են պահում, ցանկանում են «մարսել», ժամանակ անցնի՝ տեսնեն, թե ինչ են անում», – հավելեց նա։

Տեսանյութեր

Լրահոս