Եվրոյոնջաներ, ինչպես Նիկոլն էր ձեզ դիմում, իմացեք, որ ձեր հացի մեջ տասնյակ հազարավոր այն զինվորների արյունն է, ում գլխով ադրբեջանցիները ֆուտբոլ էին խաղում. Նաիրա Զոհրաբյան

Ազատությո՛ւն Բաքվում և Երևանում գտնվող քաղբանտարկյալներին. ՀՀԿ-ն ակցիա է անում՝  ուղղված ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին: Քաղաքական այս միջոցառմանը մասնակցող «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ հիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ համապատասխան կառույցները տեղեկացված են այս ամենի մասին՝ Բաքվի բանտերում հայ ռազմագերիների, Արցախի քաղաքական էլիտայի բանտարկված լինելու: Ավելին, ամենօրյա ռեժիմով տեղեկություն են ստանում ՀՀ-ում քաղաքական բեսպրեդելի վերաբերյալ:

«Իրենց, որ քիչ անց այստեղ իրենց ընթրիքն են ծամելու, ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին չեմ ուզում դիմել Նիկոլ Փաշինյանի լեքսիկոնով: Եթե ես հիմա Ձեզ դիմեմ Նիկոլ Փաշինյանի լեքսիկոնով, Ես Ձեզ պիտի ասեմ՝ Եվրոյոնջաներ: Այո, Նիկոլ Փաշինյանը Ձեզ դիմում էր՝ Եվրոյոնջաներ: Բայց ես չեմ դիմում Ձեզ այդպես, այլ ևս մեկ անգամ դիմում եմ Ձեր ողջախոհությանը և կոչ եմ անում՝ Ձեր երկրների աշխարհաքաղաքական շահերի համար «պոլի շոր» մի սարքեք Ձեր հիմնարար արժեքները՝ մարդու իրավունք, ժողովրդավարություն, ազատ խոսք: Դուք եք ինձ «կոկորդից խեղդել» տարիներ շարունակ՝ որպես Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, և ասել՝ կալանքը որպես խափանման միջոց ՀՀ-ում անհարկի շատ է կիրառվում: Որևէ իշխանության ժամանակ կալանքը որպես խափանման միջոց այնքան չի կիրառվել, որքան Ձեր պրոտեժեի՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ: Այսօր մենք 50-ից ավելի քաղաքական հայացքների համար կալանավորված գործիչներ ունենք»,- շեշտել է Զոհրաբյանը՝ հիշեցնելով, որ ԵԺԿ-ն քաղաքական բանաձև է ընդունում, կոչ անում անհապաղ ազատել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, բայց դրանից հետո որպես դեմարշ՝ թքած ունենալով այդ բանաձևի վրա, այս իշխանության քաղաքական հրահանգով Հակակոռուպցիոն դատարանը ուժի մեջ է թողնում Արմեն Աշոտյանի կալանքը՝ որպես խափանման միջոց:

«Հիմա այստեղ հաց եք ուտելու, իմացեք, որ Ձեր հացի մեջ տասնյակ-հազարավոր մեր զինվորների արյունն է, գլխատված այն  զինվորների արյունն է, որոնց  գլխով ադրբեջանցիները ֆուտբոլ էին խաղում: Այն արցախցի երեխայի  արյունն է, ում գլխատել էին, կտրել ձեռքը և ձեռքի փոխարեն փայտ մտցրել»,- շարունակել է ԱԺ նախկին պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը նաև դիմելով  ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին, նշել է, որ նրանք լռում են, անտարբեր են այս ամենի նկատմամբ, այդ թվում՝ խոսքի ազատության դեմ ՀՀ իշխանությունների գործողությունների պարագայում, քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նրանց ճաշակին համահունչ է:

«Եթե դուք՝ որպես ԵԱՀԿ գործիչներ, որի մանդատի ներքո գործում էր ՄԽ-ն ԼՂ խնդրով, և Ձեզնից շատերը բանակցել եք Արցախի նախագահների հետ՝ Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, նաև՝ նախարար Դավիթ Բաբայանի: Եթե նրանք սեպարատիստ էին, ո՞ւմ հետ էիք բանակցում, եթե նրանք ռազմական հանցագործներ են, ինչպես ասում է Ալիևը, և Դուք մատը մատներիդ չեք տալիս: Այդ դեպքում ես կոչ եմ անում Ալիևին՝ եթե նա հայտարարում է, որ Արցախի քաղաքական էլիտան ռազմական հանցագործ է, ապա պիտի կալանավորի նաև ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահներին, որոնք որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահներ՝ բանակցել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի քաղաքական էլիտայի հետ»,- ասել է Զոհրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս