Բաքուն պատրաստ է վերսկսել Երևանի հետ բանակցությունները․ ԵԱՀԿ ԽՎ նախագահ

«Այս տարածաշրջանը շատ կարևոր է՝ ինչպես ԵԱՀԿ-ի, այնպես էլ՝ ողջ աշխարհի համար: ԵԱՀԿ ԽՎ-ի դերն այսօր ավելի քան կարևոր է՝ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության համաձայնագիրը, և այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում»,- այսօր Երևանում մեկնարկած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի բացումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաուման:

Վերջինս նշեց նաև, որ քննարկվելու են նաև ռուս-ուկրաինական պատերազմի, ինչպես նաև Ուկրաինային տրվելիք օգնության վերաբերյալ հարցեր:

Նա անդրադարձավ նաև լրագրողների այն հարցին, թե կազմակերպությունն ինչպես է մեկնաբանում ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին Ադրբեջանի պատվիրակության բացակայությունը, արդյոք դա չի դիտարկում որպես ապակառուցողական մոտեցում, այն դեպքում, երբ անընդհատ խաղաղության մասին է խոսվում։

Կաուման հիշեցրեց, որ մինչ Հայաստանը ժամանելը երկու օրով Ադրբեջանում է եղել և տպավորություն է ստացել, որ նրանք պատրաստ են խաղաղության բանակցություններին։

Կարդացեք նաև

«Դա այն ուղերձն է, որ նրանք ցանկանում են փոխանցել։ Իհարկե, ուզում եմ հավատալ, որ խաղաղության համաձայնագրին հասնելու հնարավորություն կա»,- նշեց ԵԱՀԿ ԽՎ նախագահը։

Նա շեշտեց, որ այդ համաձայնագիրը կարևոր է ոչ միայն երկու երկրների, այլև տարածաշրջանի համար, այդ թվում՝ տնտեսության տեսանկյունից։ Կաումայի խոսքով՝ կան բազմաթիվ հնարավորություններ տնտեսական զարգացման համար, բայց խաղաղություն և անվտանգություն է պետք, հակառակ դեպքում ներդրողները խուսափում են գալ այստեղ։

«Հայաստանի բնակիչներն արժանի են խաղաղության, ժամանակն է խաղաղության համար նոր ուղի գտնելու, մենք՝ որպես կազմակերպություն, աջակցում ենք Հայաստանին խաղաղության այս ուղին գտնելու ճանապարհին»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս