«Այդ պահին լուծարված ընկերություն չի եղել». նախարար Խաչատրյանը` ՏՏ ոլորտի աղմկահարույց դեպքի մասին

Դիմումների ներկայացման պահին լուծարված ընկերություն չի եղել։ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը` անդրադառնալով ՏՏ ոլորտի հետ կապված աղմկահարույց պատմությանը։

Հիշեցնենք, որ 2022 թ. դեկտեմբերի 1-ի որոշմամբ ՀՀ կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին տրամադրել է 10 մլրդ դրամի պետական աջակցություն։ «Հետքն» ուսումնասիրել է դրամաշնորհի արդյունավետությունն ու պարզել, որ պետական աջակցություն ստացած 18 ընկերություններից 14-ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է, 4-ը լուծարման գործընթացում են։

Հիշեցնենք, որ ըստ «Հետքի»` ՏՏ ընկերություններից որոշները մինչ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ դրամաշնորհի պայմանագիր կնքելն արդեն դադարեցրած են եղել իրենց գործունեությունը։

«Պատճառն այդ ընկերությունների խնդիրների մեղմումն էր, որ իրենք ունեցել են ժամանակին։ Պետական աջակցության չափանիշերը եղել է այդ ընկերությունների` հունիս-հոկտեմբեր գործունեության ընթացքում կրած դժվարությունների մեղմումը։ Աջակցության տրամադրման առաջին իսկ օրվանից բոլոր ընկերությունների ցանկն ու ընտրության չափորոշիչները նշված են եղել»,- վստահեցրեց նախարարը։

Նա բնական գործընթաց է համարում այն, որ ՏՏ ընկերությունն ինչ-որ մի պահի կարող է լուծարվել կամ ժամանակավորապես դադարեցնել գործությունեությունը։

«Դա տվյալ ընկերության որոշումն է։ Ժամանակավոր դադարեցված ընկերությունները, որոնք պետությունից արդեն իսկ գումարը վերցրել են, համարվում են գործող ընկերություններ։ Ժամանակավոր դադարեցում չի նշանակում, որ ընկերությունը լուծարվելու է կամ լուծարման գործընթացի մեջ է գտնվում. բազմաթիվ ընկերություններ կան, որոնք գործունեության բնույթից ելնելով` ժամանակ առ ժամանակ դադարեցնում են գործունեությունը, հետո` վերսկսում»,- պարզաբանեց նա։

Ըստ Ռոբերտ Խաչատրյանի` նախարարությունը գումարն այդ ընկերություններին փոխանցել է ՏՏ ընկերությունների դիմումները ստանալուց 4-6 ամիս անց է գումարը, իսկ թե այդ ընթացքում ընկերությունը գնացել է առողջացման, թե ոչ՝ նախարարությունը չի վերահսկում։

Տեսանյութեր

Լրահոս